08/11/2025

Դիլիջանի ազգային պարկում ապօրինի կերպով ծառեր են հատվել, ով է պատասխանատուն

Դիլիջան համայնքից մեզ հայտնում են, որ վերջին օրերին շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջան ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում Թուրքի դուզ եւ Թյուզ տարածքներում անօրինական կերպով մեծաթիվ ծառեր են հատվել։

Հրապարակ թերթը գրել է․ Այդ տարածքները հարակից են Դիլիջան համայնքի Հաղարծին եւ Հովք գյուղերին։ Համայնքի բնակիչների վկայությամբ՝ նշված տարածքներում  միայն վերջին 10 օրվա ընթացքում ապօրինի կերպով 68 ծառ է հատվել։ Դիլիջանցիները հայտնեցին, որ հոկտեմբերի վերջին օրերին ապօրինի անտառահատումներ են կատարվել նաեւ ազգային պարկի Հաղարծին տեղամասի 12-րդ պահաբաժնում։

Բնակիչները մեզ են ուղարկել ապօրինի հատված ծառերի լուսանկարները եւ տեսանյութ։ Հատված ծառերի լուսանկարները շատ են, դրանցից երեւում է, որ հաստաբուն, կանաչ, կանգուն ծառեր են հատվել, դրանք վերջերս են կտրվել, բենզասղոցով հատված ծառերի թեփը դեռ չի չորացել։ Համայնքի բնակիչները հայտնեցին, որ Հաղարծին, Թեղուտ գյուղերի բնակիչներին ազգային պարկի տարածքից թափուկ վառելափայտ է տրվում, ամեն ընտանիքի՝ 2 խորանարդ մետր ծավալով։

Ընդ որում՝որպես թափուկ տրված ծառերի ճյուղերի տրամագիծը չի գերազանցում 8 սանտիմետրը։ Իսկ ապօրինի հատված ծառերը հաստաբուն են։ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին տեղեկատվական հարցում էի արել՝ էկոպարեկների աշխատանքի ժամանակացույցի մասին։

Հոկտեմբերի 24-ին ստացել եմ էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի պատասխանը, որտեղ նշված է․ «Էկոպարեկային ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչությունում էկոպարեկային ծառայողներն իրականացնում են հերթափոխային ծառայություն 24/7 ռեժիմով, միաժամանակ ՀՀ Տավուշի մարզային վարչության Դիլիջան ազգային պարկի տեղամասում (մինչեւ սեպտեմբեր ամիսը ներառյալ), Իջեւանի եւ Արծվաբերդի տեղամասում, ինչպես նաեւ՝ ՀՀ Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասում էկոպարեկային ծառայության հենակետերում ծառայությունն իրականացվում է 24/7 ռեժիմով՝ հերթափոխային ծառայությամբ։

Մյուս դեպքերում էկոպարեկային ծառայության աշխատողների աշխատանքային ժամը սկսվում է 09։00-ին եւ ավարտվում 18։00-ին։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Տավուշի մարզային վարչության Դիլիջան ազգային պարկի տեղամասում՝ հենակետերում ծառայությունը չի իրականացվում 24/7 ռեժիմով՝ նկատի ունենալով, որ տեղամասը ներգրավված է բնակչության կողմից ոչ արտադրական նպատակով անվճար թափուկ վառելափայտի մթերման հսկողության գործընթացում»։

Այսինքն՝ հոկտեմբերին էկոպարեկային ծառայությունը Դիլիջան ազգային պարկի տեղամասում շուրջօրյա հերթապահություն չի իրականացրել, նաեւ շաբաթ-կիրակի օրերին անտառի հսկողություն չի իրականացրել։ Նոյեմբերին էլ էկոպարեկները նույն ժամանակացույցով են աշխատում։ Դիլիջան համայնքի բնակիչների վկայությամբ՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դիլիջան ազգային պարկում ընդհանրապես արգելված են ծառերի հատումները, սակայն ապօրինի հատումների պատճառով այժմ անտառում բացատներ են առաջացել։

Բնակիչները հայտնում են, որ Հաղարծին տեղամասի անտառների պահպանության համար պատասխանատու են էկոպարեկային ծառայության պաշտոնյա Արտակ Հարությունյանը եւ էկոպարեկային ծառայության Դիլիջան տեղամասի պետ Արտյոմ Խաչատրյանը։ Իսկ վերջերս միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի առաջին ոլորանից հանվեց էկոպարեկային ծառայության «պոստը»՝ պահակետը, որի ղեկավարն Արտյոմ  Խաչատրյանն էր։

Դիլիջանի բնակիչները մեզ բողոքեցին, որ այդ պահակետում հերթապահություն իրականացնողները   բեռնատար մեքենաները ստուգելիս խտրական վերաբերմունք են ցուցաբերել․ Իջեւանից ժամանած, փայտով բեռնված ավտոմեքենաների տերերի հանդեպ լոյալ են եղել, իսկ դիլիջանցիների հանդեպ՝ խիստ։ Դիլիջանցիները դա բացատրում են նրանով, որ նախկինում  ոստիկան աշխատած Արտյոմ Խաչատրյանը ծագումով իջեւանցի է։