Եթե չափելու լինեինք Հայաստանի «մեծարգո վարչապետի» համարձակությունն Իլհամի հետ փոխահարաբերություններում, ապա լավագույն դեպքում կստանայինք զրոյական մակարդակ: Իսկ չափման արդյունքի հիմնավորումն էլ կլիներ ադրբեջանական բռնապետի համարյա թե բոլոր պահանջների կատարումը:
Ընդ որում, դրանք կատարվել են կա՛մ անմիջապես և կա՛մ հրապարակումից ինչ-որ ժամանակ անց: Որպես օրինակ դիտարկենք «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը. սկզբում այն կտրականապես հերքվում էր «մեծարգոյի» կողմից, իսկ վերջում դարձավ «թուրանական ջուր» խմելու համաձայնություն:
Եվ առավելագույնն, ինչի հասավ Փաշինյանը, տարածքն ամերիկացիներին 99 տարով վարձակալության տալն էր: Տարբեր պետությունների միջև (Չինաստան և ՄԹ, Չինաստան և Պորտուգալիս, Պանամա և ԱՄՆ և այլն) նախկինում նախաձեռնված նման գործընթացի ավարտն արձանագրվել էր 20-րդ դարավերջին: Իսկ նիկոլական «ժողովրդավարության» պարագայում դրա հակառակը տեղի է ունենում 21-րդ դարասկզբում:
Բայց «Հրապարակ»-ի ընթերցողներին ներկայացվող այս հոդվածի հիմնական հակահերոսը «մեծարգոն» չէ, այլ նրա ԱԳ նախարարը` Միրզոյան Արարատը: Վերջինս, անդրադառնալով Սևանի փոխարեն Ալիեւի կողմից այլ անուն հնչեցնելուն, հայտարարել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հայտնի ձևակերպմամբ նկատի չի ունեցել, թե այսօր Սևան գոյություն չունի»:
Ասեմ, որ հանճարեղության աստիճանի անհեթեթ ձևակերպում է. Իլհամն, այո, նկատի է ունեցել անցյալում ռուսական քարտեզների վրայի Գյոկչա անվանումը: Որպեսզի ավելի ուշ փորձի տիրանալ Սևանին՝ օգտագործելով այդ հանգամանքը: Դա, իհարկե, Արոն էլ է գիտակցում՝ ասելով, թե նման ձևակերպումը կառուցողական չէ և հակասում է խաղաղության ճիշտ նարատիվին։ Իսկ Իլհամն, ինչպես իմ նախորդ հոդվածում էի արձանագրել, թքած ունի Նիկոլի և նրա խմբակի անդամներից Արոյի կառուցողականության վրա:
Բայց Արոն, չգիտես ինչու, դրանով չի սահմանափակվում՝ հայտարարելով, որ պատմական քննարկումների մեջ ներառվելը կարող է հանգեցնել տարաբնույթ տարաձայնությունների առաջացմանը: Չգիտեմ, ինչ իմաստ ուներ դա հիշատակելը, եթե նրան պաշտոնի նշանակողը 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո միշտ խուսափել է տարաձայնություններ առաջացնելուց:
Բայց զարմանալիորեն Արոն ավելի առաջ է գնացել և ասել է նման մի բան. «Չեմ էլ ուզում գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքների վրա»:
Այստեղ անմիջապես հարց է ծագում, թե ում համար անհարմար: Եվ նույնքան արագ գալիս է պատասխանը՝ իհարկե, Իլհամի համար: Բայց այդ դեպքում պարոն նախարարն ինչո՞ւ է կիսատ թողնում ասելիքը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ ի՞նչ է նշանակում «մի քիչ ավելի լայն տարածքների վրա» արտահայտությունը:
Տամ նաև դրանց պատասխանը՝ վախենում է թե՛ Իլհամից և թե՛ Նիկոլից: Եթե չվախենար, ապա կնշեր նաև, թե որ տարածքների մասին է խոսքը: Բայց քանի որ իր համարձակությունը դրան չի բավարարում՝ օգնեմ իրեն. օրինակ, Գանձակը, որ վերածվել է Գյանջայի: Ինչևէ, վախենում է Նիկոլից, որովհետև իրեն թույլ է տրված լինել նրանից ավելի համարձակ, սակայն շատ փոքր չափով: Եվ այդ փոքր չափն անընդհատ բացահայտվում է կա՛մ Արոյի և կա՛մ ընդհանրապես նախարարության հայտարարություններում:
Եվ եթե չափեինք այն, ապա կստացվեր մեկ միավորի տասնորդական մասը՝ ոչ ավելի, քան 0,4-ը: Իսկ ինչո՞ւ ոչ 0,5: Որովհետև թվերը կլորացնելու դեպքում 0,5-ը վերածվում է 1-ի: Իսկ մեկն արդեն լուրջ միավոր է, և, բացի դրանից, ինչպե՞ս կարող է «մեծարգո վարչապետն» ունենալ 0 (զրո) միավոր, իսկ նրա կողմից նախարար նշանակված Արոն՝ մեկ ամբողջական միավոր:
Ինչ մնում է Իլհամից վախենալուն, ապա վերջինիս մեկ խոսքը բավարար է, որպեսզի Արոն դադարի լինել նախարար: Իսկ դա նշանակում է, որ մասնագիտությամբ պատմաբան Արոն իզուր էր համաձայնում պատմությունը և ընդհանրապես ժողովրդի հիշողությունը չեղարկելու նիկոլական հանցագործ նախաձեռնությանը:






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի