08/11/2025

Ա՞յս մակարդակի, նման փաստարկներո՞վ

Մեզ հաշտեցրին շատ անհաշտելի բաների հետ` պաշտոնյաների ցինիզմի, անգրագիտության, ստախոսության: Երբ կարող է աչքերիդ մեջ նայել եւ հանգիստ ստել` առանց վախի ու ամոթի: Երբ կարող է մանիպուլացնել, «կրուտիտներ» անել, բռնվել ստի վրա, բայց չխոստովանել:

Հրապարակ թերթը գրել է․ Երբ մարդը չի տիրապետում իր պաշտոնի համար անհրաժեշտ գիտելիքներին ու բավարար գրագետ չէ, բայց մարդկանց ճակատագրեր է վճռում, պետության համար կարեւոր որոշումներ ընդունում:

Երեկ լսում եմ Քննչական կոմիտեի նախագահի պատասխանները եւ ապշում: Միշտ էլ իշխանությունը միջամտել է իրավապահների աշխատանքին, եւ քաղաքական հետապնդումներն էլ մեզանում նորություն չեն, բայց ա՞յս մակարդակի, նման փաստարկներո՞վ:

Ուրեմն պարզվում է` Սամվել Կարապետյանին կալանավորել են եւ հիմա նոր ապացույցներ են հավաքում: Ենթադրվում է, որ կալանավորելուց առաջ պետք է արդեն ապացույցներ ունենային:

Չի կարողանում ոչ մի կերպ բացատրել, թե ինչ հանցակազմ է պարունակում «մեր ձեւով կմասնակցենք» արտահայտությունը` խուսանավում է, թե մեղադրական որոշման մեջ գրված է: Դե հո չի՞ ասելու, որ շիզոֆրենիայի նոպայի պահին ինչ-որ մեկի աչքին բաներ են երեւացել, իրենք էլ վազել են՝ նրա հրահանգը կատարելու: Չի կարողանում բացատրել, թե ինչպես է ստացվել, որ Աջապահյանի հարցազրույցում դատախազությունը հանցակազմ չի տեսել, իսկ մեկ տարի անց հանկարծ տեսել է:

Պարզ է, որ մեղադրանքների մեծ մասը կառուցված է ենթադրությունների վրա, ասում է. փաստաբան Ռուբեն Մխիթարյանը «տակը» ինչ-որ բան է արել, ապա ձեռքերը բարձրացրել վերեւ: Լրագրողին փորձում է համոզել, որ «ապացույց» հասկացությունից միայն ինքն է գլուխ հանում, ուրիշ ոչ մեկը:

Իսկ թե ինչու են այս բոլոր մարդիկ անպայման կալանավորվում, առհասարակ, որեւէ բացատրություն չունի:

Արմինե Օհանյան