Պենտագոնը Կալիֆոռնիայի առափնյա Վանդենբերգ ռազմահենակայանից արդիականացված LGM 30G Minuteman 3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
Ավելի վաղ, Ռուսաստանում «Բուրեվեստնիկ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական գերատեսչությանը հանձնարարել է վերսկսել միջուկային փորձարկումները:
Ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը Մոսկվայում խիստ անհանգստանալու տեղիք է տվել: Նախագահ Պուտինը մեկ օր հետո ուժային և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել:
Ռուսաստանյան պետական լրատվամիջոցները փոխանցում են նախագահի հետևյալ հայտարարությունը. «Ես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և քաղաքացիական համապատասխան գերատեսչություններին հանձնարարում եմ ամեն ինչ անել, որպեսզի այդ (ԱՄՆ-ում արդիականացված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման) հարցի վերաբերյալ ձեռք բերվի լրացուցիչ տեղեկություն, Անվտանգության խորհրդի հարթակներում վերլուծվի և ներկայացվի համաձայնեցված առաջարկություն՝ նախապատրաստվելու միջուկային զենքի հնարավոր փորձարկումներին»:
Փաստացի այն, ինչ ամիսներ առաջ կանխատեսում էին միջազգային հեղինակավոր վերլուծաբանական կենտրոնները, թևակոխում է իրականություն դառնալու ճանապարհի վերջին փուլ: Իսկ խոսքը Միացյալ Նահանգներ-Ռուսաստան սպառազինությունների մրցավազքի նոր դարաշրջանի մասին է:
Ստեղծվել է իրավիճակ, որ առերևույթ շատ նման է անցյալ դարի 80-ականների սկզբին, երբ ԽՍՀՄ-ը ծանր, չափազանց ռեսուրսատար պատերազմ էր մղում Աֆղանստանում, և ԱՄՆ-ում իշխանության եկած հանրապետական Ռեյգանը Մոսկվային պարտադրեց սպառազինությունների հյուծիչ մրցավազք՝ հռչակելով «աստեղային պատերազմի» ծրագիր, միաժամանակ հասավ նավթի գների աննախադեպ իջեցման: Մի քանի տարի անց ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովն ստիպված եղավ գնալ զիջումների:
Վլադիմիր Պուտինը, սակայն, ԽՍՀՄ փլուզումը համարում է «աշխարհաքաղաքական աղետ», և, ըստ էության, ուկրաինական պատերազմը նրա համար է, որպեսզի Ռուսաստանը վերագտնի միջազգային այն «հեղինակությունը», որ ուներ նախագորբաչովյան ԽՍՀՄ-ը: Չափազանց լավատես, եթե ոչ ուտոպիստ պիտի լինել, պատկերացնելու համար, որ Պուտինը կզգուշանա սպառազինությունների մրցավազքի հետևանքներից և Ուկրաինայի հարցում կգնա զիջումների:
Ռուսաստանի քաղաքական վերնախավում «Գորբաչով» չկա: Վերջին պաշտոնյան, որ կողմ էր զորքերի շփման գծով հրադադարի հաստատմանը, Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակն էր, որ սեպտեմբերին պաշտոնանկ արվեց և մատնվեց մոռացության: Պետական դեպարտամենտի աղբյուրը մամուլին ասել է, որ Թրամփ-Պուտին հանդիպում կազմակերպելու «հիմքեր չկան»:
Անցյալ դարի 80-ականների համաշխարհային քաղաքականության երրորդ կարևորագույն դեմքը բրիտանական «երկաթե լեդի» Թեթչերն էր: Նա համարում էր, որ միջուկային զենքը Երրորդ համաշխարհային պատերազմը զսպող ամենահուսալի երաշխիքն է:
Թեթչերի «դեղատոմսը» հնացե՞լ է, թե՞ ավելի կատարելագործված միջուկային զինանոցը կարող է կանխել աշխարհակործան պատերազմը: Անցյալ դարավերջի շահերի և սպառազինությունների հավասարակշռությունը ձևավորվել էր տասնյակ միջին և փոքր ազգերի ու պետությունների «ներկալման» հաշվին: Նոր «զոհերի և զոհաբերությունների» դարաշրջա՞ն է եկել:






Բաց մի թողեք
Հայաստանի 71 համայնքներից 37-ը ղեկավարում են ՔՊ-ականներ, 12-ը՝ այլ կուսակցություններից․ ովքեր են նրանք
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով
Փաշինյանը իրական աջակցության կարիք ունի, որը դեռևս չի ստանում, ու պարզ էլ չի երբևէ կստանա՞