Ղազախստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է «Աբրահամյան համաձայնություններին» երկրի միանալու մասին:
Գնահատելով, որ այդ «կարևոր որոշումն ընդունվել է բացառապես հանուն Ղազախստանի շահերի», Աստանան հավելել է, որ «այդուհետև էլ հետևողականորեն հանդես է գալու հօգուտ մերձավորարևելյան արդարացի, համապարփակ և կայուն կարգավորման՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և «երկու ժողովրդի համար երկու պետություն» սկզբունքի հիման վրա:
«Նյու-Յորք թայմսը» հարցազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ: Նա հրապարակայնացրել է, որ ձեռք է բերվել ամերիկյան ներդրումներով Ղազախստանում «հազվագյուտ մետաղների մշակման ձեռնարկություն կառուցելու համաձայնություն»:
Գործարքի մանրամասնությունները դեռևս մշակման փուլում են: Ամերիկյան լրատվամիջոցի տեղեկություններով, խոսքն առաջին հերթին վոլֆրամի մասին է: Այդ մետաղը բացառիկ դիմացկունություն ունի և օգտագործվում է հիմնականում ռազմական արդյունաբերության մեջ:
«Նյու-Յորք թայմսը» Տոկաևից հետաքրքվել է ռուս-ուկրաինական կարգավորման նրա տեսակետից: Ղազախստանի նախագահն ասել է, որ Աստանան շարունակում է մնալ Մոսկվայի «ռազմավարական գործընկերը»:
Նա ընդգծել է Ռուսաստանի հետ մոտ վեց հազար կիլոմետր սահմանի հանգամանքը, բայց հավաստիացրել, որ Ղազախստանը «մնում է չեզոք և պատրաստ է ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ տրամադրել»:
Տոկաևը Պուտինի դիրքորոշումը համարել է «ճկուն»՝ նկատի ունենալով այն, որ նա «զորքերի շփման գծով հրադադարի հաստատման կողմնակից է, եթե ամբողջական վերահսկողություն հաստատի Դոնբասում»:
Ղազախստանի նախագահին կարելի է հասկանալ: Նա պատրաստվում է Մոսկվա պետական այցի, իսկ Վաշինգտոնում Թրամփին անվանել է «երկնային պարգև»: Հավանականությունից դուրս չէ, որ նա ԱՄՆ նախագահի հետ քննարկել է նաև ուկրաինական կարգավորման և ռուս-ղազախստանյան հարաբերությունների հետ կապված հարցեր:
Քաղաքականությունը եղել, մնում է և լինելու է պրագմատիկ: Տոկաևը հնարավոր բոլոր միջոցները պետք է գործի դնի, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները չբարդանան:
Ղազախստանի և ԱՄՆ հարաբերությունների, «Աբրահամյան համաձայնություններին» միանալու մասին խիստ զգուշավոր են արտահայտվել նաև Tengrinews-ի հարցմանը մասնակցած փորձագետները:
Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ապա իշխող է մոտեցումը, որ Ղազախստանը ոչ թե «բլոկային ընտրություն է կատարում, այլ ձգտում խաղաղության և տնտեսական կապերի ամրապնդման»:
Այդուհանդերձ, քաղաքագետ Գազիզ Աբիշովը Ղազախստանի արտաքին քաղաքականությունը համարում է «ուժերի իրական հարաբերակցության և համաձայնություններն իրականացնելու կողմերի ընդունակության սթափ գնահատման վրա»:
Պետք է, ըստ երևույթին, հասկանալ այնպես, որ Ռուսաստանը համաձայնությունների իրականացման առումով «այնքան էլ իրեն չի արդարացրել»:






Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է