2021թ. փետրվարի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, անձնական գործում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դիլիջան համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը նշանակվեց Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Հրապարակ թերթը գրել է․ 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն ունեցավ, Դ․ Սարգսյանն էլ ընտրվեց Դիլիջանի համայնքապետ։ Նա այդ պաշտոնում 4 տարի շարունակ օտարել է Դիլիջան քաղաքի եւ համայնքի բնակելի եւ հասարակական կառուցապատման ենթակա հողերը։
Օտարման աճուրդները մեծամասամբ կրել են ձեւական բնույթ, նախապես հայտնի է եղել աճուրդի հաղթողը։ Շատ դեպքերում Դիլիջանում հողերի սեփականատեր են դարձել Երեւանի, Վանաձորի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներ, մինչդեռ դիլիջանցիները դժգոհում են, որ երբ իրենք բնակելի կամ հասարակական կառուցապատման համար դիմել են համայնքի ղեկավարին, Դ․ Սարգսյանը մերժել է՝ ասելով, թե Դիլիջանում ազատ հողեր չկան։ Համայնքապետը հողերը պատահական մարդկանց չի օտարում։
Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 60 հասցեի 1096 քմ հասարակական կառուցապատման հողամասը պատկանում է Սուրեն Աղաջանյանին, որը դիմել է համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Թեղուտի 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232․8 քմ մակերեսով եւ 5-րդ փողոց, թիվ 58/4 հասցեի 324․5 քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ համաձայնություն է տվել այդ հողամասերն ընդլայնման կարգով Ս․ Աղաջանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Դ․ Սարգսյանը 2024թ․ դեկտեմբերի 24-ին որոշել է Թեղուտ գյուղի 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232․8 քմ եւ 5-րդ փողոց, 58/4 հասցեի 324․5 քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման, Թեղուտի 5-րդ փողոց, թիվ 60 հասցեի 1096 քմ հասարակական կառուցապատման հողամասին կից գտնվող, 5-րդ փողոց, թիվ 58/3 հասցեի 232․8 քմ մակերեսով եւ 5-րդ փողոց, թիվ 58/4 հասցեի 324․5 քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձեւով (ընդլայնման կարգով) օտարել Ս․ Աղաջանյանին: Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284 հազար 249 դրամ եւ 39 հազար 6215 դրամ: Մինչդեռ Թեղուտի հողերի շուկայական գինը բավական բարձր է։ Դիլիջանի բնակիչ, 1955 թ․ ծնված Սուրեն Աղաջանյանի «ձեռքը չոր քարի տակ չէ», նա Դիլիջանի հյուսիսային հատվածում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող հայտնի ռեստորանի՝ «Գետափ» համալիրի սեփականատերն է, Դիլիջան ազգային պարկի նախկին տնօրենը։
Հիմա հիշենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում կառավարության 2025թ․ մարտի 13-ի նիստում։ Նա հայտարարեց, որ ՊՎԾ-ի, ԱԱԾ-ի եւ այլ մարմինների միջոցով պետք է վերահսկվեն եւ արգելվեն համայնքներում ձեւական աճուրդները, եւ հանձնարարեց. «Որտեղ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք: Հիմա հրապարակային ասում եմ՝ եթե չկանգնեցնեն համայնքները, մենք կոնկրետ, չգիտեմ՝ ոնց կհնչի, այդ համայնքների հետեւից ենք ընկնելու, գնալու ենք տեսնենք՝ ինչ է կատարվում: Այս հարցը շատ հրատապ է: ՏԿԵՆ-ի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում 1 ամսվա ընթացքում տան առաջարկ»։
Դրանից հետո Դավիթ Սարգսյանը փոխեց տակտիկան, համայնքի հողերն սկսեց օտարել հողամասերի ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքով, կադաստրային գներով։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքապետի նման որոշումները բազում են։ Ահավասիկ, դրանցից մեկը․ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբ․ թիվ 50/1 հասցեի բնակելի տունը 500 քմ տնամերձ հողամասով պատկանում է Սիրամարգ Եգանյանին, որը դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի 499․4 քմ հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Ավագանին 2025թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ համաձայնություն է տվել 499․4 քմ հողամասն ընդլայնման կարգով Ս․ Եգանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հոկտեմբերի 23-ին Դ․ Սարգսյանը որոշել է 500 քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 52/5 հասցեի 499․4 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձեւով (ընդլայնման կարգով) օտարել Ս․ Եգանյանին: Հողամասի արժեքը կազմել է 3 մլն 413 հազար 050 դրամ, որը կադաստրային արժեքն է։ Դիլիջան համայնքի հողերն ուղղակի վաճառքով, ոչ աճուրդներով օտարելու դեպքում՝ համայնքի բյուջե չեն մտնում տասնյակ միլիոնավոր դրամներ։ Եթե մտնեին, այդ գումարներով համայնքում կարող էին կարեւոր ծրագրեր իրականացվել, օրինակ, չցանկապատված, կովերի արոտավայր դարձած Դիլիջան համայնքի աղբավայրը գոնե կցանկապատվեր, կարգի կբերվեր։







Բաց մի թողեք
Կամաց – կամաց ճշմարտությունը խոստովանում է
Քանդելու ձևը գտել է
Փաշինյանն ու կինը Հայաստանում «Աղոթք նախաճաշ» են հիմա էլ բեմադրում