Պետք չէ զարմանալ այն անզուսպ հրճվանքից, որն ապրում է իշխանությունը Վաղարշապատի ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Եվ պետք չէ ջանք գործադրել` նրանց բացատրելու, որ իրականում դա պարտությանը շատ նման հաղթանակ է, եւ առնվազն անիմաստ է նրանց այդ բուռն ոգեւորությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Մարդիկ, որոնք պատերազմում պարտությունը հաղթանակ են համարում, որոնք ասում են` «Արցախը կորցրինք, բայց Հայաստանը գտանք», Տիգրանաշենի եւ մյուս տարածքների հանձնումը փորձում են որպես «Արծվաշենի վերադարձ» ներկայացնել, իսկ ալիեւյան ստորացուցիչ համաձայնագիրը` կայուն խաղաղության երաշխիք, բացառված է, որ հասկանան ձեր ասածները:
Մի իշխանություն, որը 7-ամյա բոլոր կորուստները փորձում է որպես ձեռքբերումներ ներկայացնել, որն Ալիեւի հոխորտանքը` «Արեւմտյան Ադրբեջանի» թեմայով, Սեւանը Գյոյչա կոչելը, 300 հազար ադրբեջանցու Հայաստան ուղարկելն առաջարկում է անտեսել, որովհետեւ դա «ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են», չի կարող ադեկվատ արձագանքել ոչ մի ուրիշ իրողության:
Մի իշխանություն, որը փչացած ցորենի ներկրումը որպես դարակազմիկ իրադարձություն է ներկայացնում, եւ երբ պարզվում է, որ իրականում անասնակեր է ներկրել, անմիջապես «կռուտիտի» ձեւը գտնում է, թե անասունը, հավն ու խոզն էլ կենդանի են` ուտել են ուզում, չի կարող մյուս հարցերում ավելի ազնիվ ու խելացի լինել:
Թե ինչ է տալիս այս իշխանություններին մի լոկալ համայնքում իշխանություն վերցնելը, պարզ չէ: Մանավանդ՝ երբ ողջ երկրում արդեն 8 տարի իշխանությունն իրենցն է, եւ, ինչպես ասում են, վաղուց ակնհայտ է, որ այդ ծանրաձողը գցել են իրենց «ոտքին», ու բոլորը համոզվել են, որ նրանք ունակ չեն պետություն կառավարելու:
Բայց մի բանում հաջողել են` համառ են ու շատ են ուզում էլի մնալ:






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով