Բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից՝ «Հայկական ժամանակի» կայքից, հեռացրել են Սամվել Կարապետյանի կալանքի մասին աղմկահարույց հրապարակումը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հիշեցնենք․ նախօրեին, երբ դատարանը քննում էր կալանքը փոխելու միջնորդությունը, երեկոյան 19.00-20.00-ի միջակայքում ՀԺ-ն «Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ» վերնագրով լուր հրապարակեց, որն անմիջապես արտատպվեց այլ լրատվամիջոցներում: Սակայն դատարանն իր վճիռը հրապարակեց դրանից մոտ 12-14 ժամ անց: Միջնորդության քննությունը միայն կեսգիշերն անց ավարտվեց, իսկ որոշումը հրապարակվեց հաջորդ կեսօրին։
Հրապարակմանն արձագանքեց նաեւ Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը. «Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»: Երեկ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցն արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»։ Այսօր դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը եւս երկու ամսով»։
Ի դեպ, միայն այս փաստը բավական է, որ հետագայում ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշում կայացնի: Մենք անցյալում մի առիթով գրել ենք, որ ժամանակին Փաշինյանը երբ որեւէ պաշտոնյայի էր ազատում կամ նշանակում, կամ` կալանավորում էին որեւէ անձի, հրահանգում էր տեղեկատվությունն առաջինը ՀԺ-ին տրամադրել: Նա ոչ միայն ՀՀ ողջ «կառավարությունն է», այլեւ երկրի թիվ 1 նյուզմեյքերը։

Բաց մի թողեք
Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է
Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին