Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի տնօրինությամբ նոյեմբերի 8-ին պաշտոնանկ է արվել ՌՈՒԵ Արևմտյան Եվրոպայի և Կորսունի էկզարխ Նեստորը (Սիրոտենկո):
Մետրոպոլիտը միաժամանակ տնօրինում է ՌՈՒԵ Իսպանիա-պորտուգալիական թեմը և Իտալիայի համայնքները: Այդ մասին հայտնի է դարձել պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից, որտեղ, սակայն, բարձրաստիճան հոգևորականին պաշտոնազրկելու պատճառների մասին ոչինչ չի ասված, բացի նրանից, որ «Սինոդը վճիռ է կայացրել եկեղեցական դատի հիման վրա»:
Ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների կարծիքով, մետրոպոլիտ Նեստորը հոգևոր բարձր պաշտոնից զրկվել է «աշխարհիկ կյանքով ապրելու պատճառով»: Որպես հիմնավորում վկայակոչվում են սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներ, որտեղ նա պատկերված է «պոկեր խաղալիս»:
Թելեգրամյան մի քանի ալիքներ, սակայն, պնդում են, որ Կիրիլ պատրիարքը նրա «այդ թուլության մասին վաղուց գիտեր»:
Տեղեկություններ կան, որ Նեստորը ժամանակին Կիրիլ պատրիարքին «ապացուցել է, որ մարզական պոկերը, որով ինքը տարված է, մոլախաղ չէ, քանի որ չի ենթադրում խաղադրույք դնել»: Ռուսաստանյան թելեգրամ-ալիքներից մեկը նույնիսկ «թունավոր» կատակել է, որ «բանը կարող է հասնել նրան, որ հագևորականներին կարգելվի շախմատ խաղալ»:
ՌՈՒԵ բարձրաստիճան հոգևորականի պաշտոնանկության ամենահավանական պատճառը բացահայտել է «Նեզավիսիմայա գազետան»: Պարբերականի տեղեկություններով, Նեստորը «դարձել է մետրոպոլիտ Լեոնիդի մատնության զոհը»:
Ըստ այդմ, մետրոպոլիտ Լեոնիդը, սկսած 2024 թվականից, Կիրիլ պատրիարքին պարբերաբար նամակներ է հղել և հայտնել, որ Նեստորն Արևեմտյան Եվրապայում ՌՈՒԵ հետևորդների հետ «ի պաշտպանություն Ուկրաինայի քարոզչություն է տանում և սերտ կապեր ունի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու եվրոպական սպասավորների հետ»:
Սա, ամենայն հավանականությամբ, մետրոպոլիտ Նեստորի պաշտոնանկության պատճառների ամենահիմնավոր մեկնաբանությունն է: «Նեզավիսիմայ գազետա»-ի շարադրանքի տոնայնությունից տպավորություն է ձևավորվում, որ Կիրիլ պատրիարքը նախապես այդ մատնագրերին ուշադրություն չի դարձրել կամ Նեստորին որպես «ուկրաինական գործակալի բացահայտման» հարցում հետևողական չի գտնվել: ՌՈՒԵ Սինոդը, ամենայն հավանականությամբ, Արևմտյան Եվրոպայի էկզարխին պաշտոնանկ է արել Ռուսաստանի իշխանությունների պահանջով:
«Նեզավիսիմայա գազետան» այս առումով ուշագրավ բացահայտում է արել, ըստ որի՝ արտասահմանյան երկրներում հոգևոր ծառայություն մատուցող ցանկացած անձ «գտնվում է Սինոդի արտաքին կապերի վարչության շուրջօրյա հսկողության ներքո» և հավելում, որ այդ ծառայությունն ստեղծվել է խորհրդային շրջանում և առայսօր անփոփոխ գործում է:
Խոսքը, որքանով հասկացվում է, եկեղեցական անվան տակ Մոսկվայի պատրիարքարանում հատուկ ծառայության ստորաբաժանում ունենալու մասին է: Ահա թե որն է եկեղեցու դեմ իրական պայքարը և նրա «մաքրագործումը»:
Իսկ Ռուսաստանի պաշտոնյաները չեն զլանում խոսել Հայաստանում «Եկեղեցու դեմ հալածանքների մասին»:






Բաց մի թողեք
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների «տարընթերցում» կա Ադրբեջանում
ՌԴ-ն ինչո՞ւ է ապաստան տրամադրել ՀՀ իրավապահների կողմից քրեական վարույթի տակ գտնվող մի խումբ անձանց
Պուտինի համախոհների ճամբարը կատարյալ թերուսների հավաքածու է