24/11/2025

Ռուսաստանի պյուռոսյան հաղթանակը, ռազմատուգանք է պահանջվում

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Գոնչարենկոն հրապարակել է ուկրաինական կարգավորման «Թրամփի ծրագիրը»: Եթե դա այն է, ինչ Սպիտակ տունն իրոք ներկայացրել է պաշտոնական Կիևին, ապա կարելի է ասել, որ ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին ամենեւին էլ նվեր չի մատուցել:

Նրա ծրագիրն, ինչ խոսք, արժանի է խոր և համակողմանի վերլուծության, քանի որ Ուկրաինայում խաղաղության հաստատումը հիմնարար նշանակություն ունի միջազգային քաղաքականության, այդ թվում և հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորման համար:

Այդուհանդերձ, աչքի է զարնում Ուկրաինայի վերականգնմանը վերաբերող բաժինը: «ԱՄՆ-ը և Եվրոպան գործարկում են Ուկրաինայի վերականգման ներդրումային խոշոր փաթեթ»,- ասված է «փաստաթղթում»:

Երկրորդ կետով սահմանվում է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվներից հարյուր միլիարդ դոլար հատկացվում է Ուկրաինայի վերականգնմանը, Միացյալ Նահանգներն ստանում է այդ ներդրումներից եկամտի հիսուն տոկոսը, հավելյալ հարյուր միլիարդ դոլար հատկացնում է Եվրոպան: Ռուսաստանի սառեցված ակտիվների մնացած մասը հատկացվում են ռուս-ամերիկյան համատեղ ծրագրերին:

Ստեղծվում է Ուկրաինայի Զարգացման հիմնադրամ, ենթակառուցվածքների բնագավառում ներդրումներ են կատարվում, տրամդրվում են միջոցներ և տեխնոլոգիաներ:

Ընդ որում, Ուկրաինայի վերականգման և զարգացման խոշոր ծրագրերը, ներառյալ ենթակառուցվածքների արդիականացումը, տեխնոլոգիական վերազինումը և այլն կիրականացվեն միայն այն տարածքներում, որ փաստացի Ռուսաստանի վերահսկողության տակ չեն:

Պարզ ասած, ավերաված Դոնբասի և մյուս օկուպացված տարածքների վերականգնումը թողնվում է Ռուսաստանի պատասխանատվությանը: Եվ դա այն դեպքում, երբ Ղրիմը և Դոնբասը միայն դե-ֆակտո են ճանաչվում ռուսական, միջազգային իրավունքի ուժով դրանք շարունակում են մնալ ինքնիշխան Ուկրաինայի տարածքային ամբողջականության անբաժանելի մաս:

Փաստացի ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագիրը խորքային իմաստով Ռուսաստանը ճանաչում է ագրեսոր, Ուկրաինան՝ ագրեսիայի զոհ և այդ իմաստով կիրառում է ռազմատուգանք վճարելու պարտավորության սահմանում:

Իհարկե, տեքստում նման ուղղակի ձևակերպում չկա, բայց Եվրոպայում և ԱՄՆ-ում ռուսական սառեցված ակտիվների հատկացումն Ուկրիանայի վերականգնմանը և ռուս-ամերիկյան համատեղ նախագծերի իրականացմանը միայն մի բան է նշանակում, ուկրաինական քաղաքները, էներգետիկ, տրանսպորտային, սոցիալ-մշակութային ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն ավերողի հաշվին:

Ըստ էության, Ռուսաստանի հարկատուների հաշվին գրեթե չորս տարի տեւող պատերազմը տեսականորեն կարող է դադարել դարձյալ ռուսաստանցիների միջոցներով Ուկրաինայում ավերածությունները վերականգնելու պարտավորությամբ և իրավաբանորեն ոչինչ չստանալով:

Սա, երևի, այն վիճակը կլինի, որի մասին ռուսներն ասում են «за что боролись, на то и напоролись»: