24/11/2025

Իշխանությունը պատրաստվում է լայնամասշտաբ կադրային ջարդի. AntiCor-ի հետաքննությունը և կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն

ՀՀ պետական համակարգում վերջին օրերին ընթացող զարգացումները, ըստ AntiCor-ի բազմաաղբյուր տեղեկությունների, կրել են ոչ թե վարչական, այլ ակնհայտ քաղաքական ու ռեպրեսիվ բնույթ։

Խոսքը նոյեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում կազմակերպված պետական մարմինների ներկայացուցիչների «առաջին համաժողովի» և դրա շուրջ իրականացված ճնշումների ու պատժիչ գործընթացների մասին է, որոնք, ըստ էության, նախապատրաստում են մեծածավալ կադրային ջարդ իշխանության քաղաքական շահերին ծառայելու մերժում ցուցաբերած պետական ծառայողների նկատմամբ։

Նպատակ․ մարդաշատ կադր՝ նախընտրական հոլովակների համար

AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նոյեմբերի 22-ի համաժողովի հիմնական, իրական ոչ հրապարակային նպատակը մեկ բան էր՝ ստանալ մարդաշատ կադրեր Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության համար։

Վարչապետի հանձնարարությամբ բոլոր պետական մարմինների ղեկավարների առաջ դրվել էր խնդիր՝ ապահովել իրենց համակարգերից հնարավորինս մեծ թվով աշխատակիցների ներկայությունը մարզահամերգային համալիրում կայացած միջոցառմանը։ Ստացված տեսագրությունները հետո նախատեսվում է օգտագործել քաղաքական և նախընտրական հոլովակներում՝ ցույց տալու համար, թե իբր իշխանությունն ունի «աննախադեպ հանրային աջակցություն»։

Սակայն պետական ծառայության համակարգում արձագանքը եղել է հակառակ՝ բազմաթիվ պետական ծառայողներ հրաժարվել են կամ կտրուկ դժգոհությամբ են արձագանքել պարտադրանքին։

Սպառնալիք. «կյանքի գնով էլ լինի, մասնակցությունը պետք է ապահովեք»

AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պետական ծառայողների դժկամության ֆոնին մի քանի գերատեսչությունների ղեկավարներ փորձել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով մեղմել պահանջվող «մասսայական մասնակցության» ստանդարտը և հասնել ավելի իրական թվերի։

Սակայն Նիկոլ Փաշինյանն ըստ նույն աղբյուրների մնացել է բացարձակ անդրդվելի և կառավարության ներսում հնչեցրել է հստակ պահանջ.

  • մասնակցության պահանջվող թվաքանակը պետք է ապահովվի «կյանքի գնով էլ լինի»,
  • հակառակ դեպքում գերատեսչությունների ղեկավարները ոչ միայն կազատվեն պաշտոններից, այլ «երկար տարիներ կանցկացնեն բանտերում»։

Այստեղ զուգահեռաբար գործի է դրվել ուժային և վերահսկողություն իրականացնող ամբողջ մեխանիզմը՝ ԱԱԾ-ն ու վերահսկող մյուս ծառայությունները, որոնց վրա դրվել է հատուկ հանձնարարություն՝ արձանագրել, հաշվարկել և անձամբ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել ո՞վ է մասնակցել ու ո՞վ՝ խուսափել։

Զարմանալի դիմադրություն Քննչական կոմիտեում

AntiCor-ի աղբյուրներից մեկը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում Քննչական կոմիտեում, պատմում է, որ իր անմիջական գեներալ ղեկավարի հետ ունեցել է կոշտ խոսակցություն համաժողովին մասնակցելու պարտադրանքի կապակցությամբ։

Քննչական մարմնի քննիչները, ըստ նույն աղբյուրի, փակ միջավայրում հստակ դժգոհել են այն փաստից, որ.

  • «հերիք չի» տարիներ շարունակ կատարում են իշխանության քաղաքական ապօրինի հանձնարարությունները,
  • հիմա էլ իրենց ստիպում են մասնակցել մի միջոցառման, որի միակ իմաստը իրենց դեմոգրաֆիկ օգտագործումն է՝ քաղաքական ու նախընտրական տեսահոլովակների համար։

Գեներալը, ըստ աղբյուրի, քննիչներին զգուշացրել է, որ համաժողովին չմասնակցելու դեպքում հնարավոր են ազատման գործընթացներ։ Սակայն քննիչների արձագանքը եղել է դեմոնստրատիվ քմծիծաղը․ նրանք վստահեցրել են, որ իրենց իրական ազատումը գրեթե անհնար է, քանի որ հենց իրենք են տարիներով իրականացրել այնպիսի ծավալի ապօրինություններ, որոնք չեն կարող հեշտությամբ փոխարինվել այլ անձանցով։

AntiCor-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրենց գլխավոր վարչությունից համաժողովին մասնակցությունը արդյունքում կազմել է ընդամենը մոտ 2 տոկոս, ինչը շոկային թիվ է նման կարգի «պարտադիր» միջոցառման համար։

Պարտադրանք և աշխատանքից ազատման սպառնալիքներ

Մեկ այլ աղբյուր՝ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, հայտնում է AntiCor-ին, որ նոյեմբերի 24-ի առավոտյան իրեն ուղիղ հրահանգվել է գրել դիմում աշխատանքից ազատման մասին՝ միայն այն պատճառով, որ չի մասնակցել նոյեմբերի 22-ի համաժողովին։

Նա հրաժարվել է կատարել հրահանգը և ներկայումս սպասում է հետագա զարգացումներին։ Նրա հասցեին հնչեցված սպառնալիքներն առավել քան խոսուն են․

  • նախ՝ զրկում պարգևավճարներից,
  • այնուհետև՝ աշխատանքից ազատում,
  • և վերջում՝ «կգտնվի» քրեական օրենսգրքի որևէ հոդված, որով իրեն կուղարկեն բանտ։

Այս պատմությունը, ըստ AntiCor-ի գնահատականի, ցույց է տալիս, որ վարչական և աշխատանքային լծակները բացահայտ օգտագործվում են մարդկանց քաղաքական միջոցառման մասնակցությունը պարտադրելու համար, իսկ քրեական պատասխանատվությունը վերածվում է քաղաքական պատժիչ գործիքի։

Սև ցուցակ՝ զանգվածային պատժի նախապատրաստում

2025 թվականի նոյեմբերի 24-ի առավոտյան AntiCor-ի աղբյուրներից մեկը ՀՀ կառավարությունից մեզ է փոխանցել ցուցակ, որը հասցեագրված է վարչապետի աշխատակազմի ղեկավարին։

Ցուցակում, ըստ աղբյուրի, ներառված են բոլոր այն պետական ծառայողների անուններն ու պաշտոնները, որոնք խուսափել են նոյեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում կայացած համաժողովին մասնակցելուց։

Ցուցակում ընդգրկված պետական ծառայողների ճակատագիրը լինելու է հետևյալը․

  1. Նախ այն կներկայացվի անձամբ Նիկոլ Փաշինյանին,
  2. Այնուհետև՝ ուղարկվելու է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ հստակ հանձնարարականով՝ «միջոցներ ձեռնարկել ցուցակում առկա անձանց պատժելու համար»։

AntiCor-ն ամենաընդգրկուն պատասխանատվությամբ արձանագրում է, որ նման «սև ցուցակների» կազմումն ու դրանց հիման վրա կադրային զտումների իրականացումը ոչ միայն հակասում է իրավական պետության սկզբունքներին, այլ նաև ամրապնդում է քաղաքական հետապնդման ինստիտուցիոնալ մեխանիզմները արդեն պետական համակարգի ներսում։

AntiCor-ը գիտակցված չի հրապարակում այդ ցուցակը՝ չվնասելու համար ինչպես մեր աղբյուրներին, այնպես էլ այդ ցուցակում ներառված մի քանի հազար աշխատակիցներին, որոնք արդեն հայտնվել են քաղաքական հետապնդման թիրախում։

Կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն

AntiCor-ի գնահատմամբ՝ նկարագրված գործընթացը կրում է համակարգային կոռուպցիայի բոլոր հիմնական հատկանիշները։

1. Պետական ռեսուրսների օգտագործում անձնական և կուսակցական շահերի համար

  • Պետական ծառայողների հավաքագրումը իրականացվում է ոչ թե պետական շահի, այլ իշխանության կուսակցական–նախընտրական PR-ի համար։
  • Միջոցառման կազմակերպման և դրան պարտադրանքով մասնակցության ապահովման համար օգտագործվում են պետական մարմինների վարչական, ֆինանասական և մարդկային ռեսուրսները։
    Սա դասական օրինակ է, թե ինչպես է իշխանությունը զավթում պետական ապարատը՝ այն վերածելով սեփական քարոզչական գործիքի։

2. Ծառայողական ճնշում և պետական ծառայողների իրավունքների կոպիտ խախտում

  • Պարգևավճարներից զրկումը, ազատման սպառնալիքը, պարտադիր դիմում գրելու պահանջը, ինչպես նաև «կգտնվի հոդված, կուղարկենք բանտ» մոտեցումը ոչ միայն բարոյական, այլև իրավական լուրջ խախտումներ են։
  • Սրանք հակասում են թե՛ աշխատանքային օրենսդրությանը, թե՛ հանրային ծառայության մասին օրենսդրությանը, և դրանք ձևավորում են համակարգային վախի մթնոլորտ՝ նպատակ ունենալով պետական ծառայողներին ենթարկեցնել քաղաքական հրահանգներին։

3. Ուժային և վերահսկող մարմինների քաղաքականացում

  • ԱԱԾ-ի և վերահսկողություն իրականացնող կառույցների ներգրավումը մասնակցության քանակը ստուգելու և «խուսափողներին» դուրս բերելու համար վկայում է, որ ուժային կառույցները ևս օգտագործվում են ոչ թե ազգային անվտանգությանը, այլ իշխանության քաղաքական անվտանգությանը ծառայելու համար։
  • Քննչական կոմիտեի ներսում հնչող դժգոհությունները, ինչպես նաև այնտեղ գրեթե բացահայտ ծիծաղի արժանացած ազատման սպառնալիքները, ցույց են տալիս, թե ինչ ծավալի փոխկախվածության և փոխադարձ կոռուպցիոն համակարգ է ձևավորվել․ քննիչները վստահ են, որ իրենք այնքան քաղաքական հրահանգ են կատարել, որ իրենց ազատումը իշխանական համակարգի համար դառնում է ռիսկային։ Սա կոռուպցիայի ամենաբարձր՝ ինքնապաշտպանական փուլն է։

4. Սև ցուցակների ինստիտուցիոնալացում

  • Մասնակցությունից խուսափածների միասնական ցուցակի կազմումը և դրա շրջանառությունըը ողջ պետական ապարատի մեջ ստեղծում է քաղաքական ֆիլտրացիայի վտանգավոր պրակտիկա․
    • լոյալներն ու ենթարկվողները մի կողմում,
    • ինքնուրույն կարծիք ունեցողները՝ մյուսում։
  • Սա առաջացնում է ոչ միայն խտրականության, այլև ապօրինի հետապնդման բարձր ռիսկեր, որոնք կարող են արտահայտվել ազատումներով, պաշտոնեական աճի արգելափակումով, կամ նույնիսկ քրեական գործեր հարուցելով։

AntiCor-ի եզրակացությունը

AntiCor-ը արձանագրում է, որ նոյեմբերի 22-ի համաժողովը և դրա շուրջ իրականացված ճնշումներն ու նախապատրաստվող կադրային զտումները ներկայացնում են ոչ թե տեխնիկական կազմակերպչական գործընթաց, այլ՝

  • պետական ապարատի քաղաքական և կուսակցական շահերին ենթարկելու,
  • ուժային կառույցները քաղաքական խաղում ներգրավելու,
  • աշխատանքային և մարդկային իրավունքների կոպիտ խախտումների,
  • և համակարգային կոռուպցիոն հարաբերությունների խորացման հերթական փուլ։

AntiCor-ը կշարունակի հետևել այս գործընթացին, հավաքել նոր ապացույցներ և լուսաբանել թե՛ ապօրինի ազատման, թե՛ քաղաքական հետապնդման, թե՛ հարուցվելիք քրեական հետապնդումների հնարավոր դեպքերը՝ պաշտպանելով այն պետական ծառայողներին, որոնք մերժում են դառնալ իշխանության PR-ի ֆոն և հրաժարվում են սեփական արժանապատվությունը փոխանակել պարգևավճարների կամ պաշտոնի հետ։