24/11/2025

Թեհրանի ու Բաքվի մտերմության ջերմացում՝ միջանցքներ, առևտուր, սիրախաղ ․․․

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեի հետ քննարկել է համատեղ տրանսպորտային միջանցքների զարգացման, ինչպես նաև էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում համագործակցության հարցերը: 

Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հրատապ հարցեր:

Ընդգծվել է, որ երկրների ղեկավարների միջև շփումները, առկա քաղաքական երկխոսությունը և խորհրդարանական կապերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը նշանակալի դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ դրանով իսկ նպաստելով համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը քննարկել են նաև քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև մի շարք համատեղ նախագծեր նշանակալի դեր են խաղում տարածաշրջանով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: