24/11/2025

Ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին

Փորձենք միասին մոդելավորել, թե ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին:

Նա անպայման Արցախն ու արցախցիներին ատում է, Արցախը չի համարում հայկական եւ կարծում է. «լավ եղավ, որ այդ բեռից ազատվեցինք»: Բայց նա առանձնապես չի էլ սիրում Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակիչներին եւ եթե անգամ Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքի ու Լոռուց ինչ որ կտորներ Հայաստանը կորցնի, առանձնապես շատ չի տխրի ու չի մտահոգվի:

Նա այն կարծիքին է, որ սյունեցին պետք է Սյունիքը պաշտպանի (եթե ինքը Սյունիքում չի ապրում), լոռեցին` Լոռին (եթե ինքը Լոռիում չի ապրում), շիրակցին` Շիրակը (եթե ինքը Շիրակում չի ապրում)…

Նա անպայման վախկոտ է եւ հատկապես սարսափում է պատերազմից ու կարծում է, որ ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ Ալիեւի բոլոր բարձրաձայնած եւ անգամ չբարձրաձայնած ցանկություններն անխոս կատարում է: Առհասարակ` նա արդարացնում է ցանկացած քայլ, միայն թե պատերազմ չլինի:

Նա անպայման ատում է նախկին իշխանություններին եւ մինչեւ 2018-ը ունեցած հիշողությամբ, ասենք` պետական որեւէ մարմնի հետ մի տհաճ միջադեպի հիշողությամբ, միակ մեղավոր համարում է այդ օրվա նախագահին, նրա ողջ ազգուտակին, մերձավորներին, կառավարության բոլոր անդամներին եւ նրանց բոլորին ատում է իր բոլոր բջիջներով:

May be an image of one or more people and crowd

Այնքան է ատում, որ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն անգամ Հայաստանի անունը փոխի, կամ` Սյունիքը հանձնի թուրքին, նախկինների հանդեպ վրեժի ու ատելության զգացումից դրդված, միեւնույնն է` ինքը ՔՊ է ընտրելու:

Նա անպայման անհավատ է եւ ատում է բոլոր հոգեւորականներին ու կաթողիկոսին, չնայած չի կարող հոդաբաշխ բացատրել, թե` ինչու: Իսկ Հայ առաքելական եկեղեցին նրա համար ոչ մի արժեք չունի եւ եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ լուծարում է եկեղեցին եւ վանքերն էլ վերածում է «խելացի գոմերի», ինքը կողջունի դա:

Նա ոչ միայն անհավատ է, այլեւ Աստծո պատվիրաններն էլ են նրան խորթ եւ հատկապես` մի ստիր պատվիրանը, որովհետեւ նա ստելու մեծ վարպետ է եւ սիրում է ստախոսներին ու իրենց խոստումը դրժողներին (հատկապես ստելու չեմպիոն ՔՊ առաջնորդին), որովհետեւ` «նմանն զնմանին կսիրե»:

Վերջապես` նրա հայրենիքը Հայաստանը չէ, այլ իր բնակարանը, իր ազգուտակը, իր բաժակի ընկերները, իր կինն ու երեխաները: Երբ մոտենա հայրենիքը կորցնելու պահը, նա մի հարմար գնով իր բնակարանը կծախի պարսիկին, թուրքին, ադրբեջանցուն… իր կնոջն ու երեխաներին կառնի ու կգնա որեւէ հեռավոր երկիր` նոր «հայրենիք» ստեղծելու…

Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից