02/12/2025

Թուրքական օդանավի խորտակումն «ուղղված էր մեկ ազգ երկու պետություն համագործակցության դե՞մ»

Թուրքիայի պաշտպանության նախարարության և Ազգային հետախուզություն ծառայության մասնագիտական խումբը, որ Վրաստան էր գործուղվել ռազմատրանսպորտային «Հերկուլես» օդանավի կործանման օրը և ուսումնասիրում էր աղետի վայրը և ինքնաթիռի բեկորները, վերադարձել է հայրենիք:

Ըստ տեղեկությունների, որ փոխանցում է Բաքվի իշխանական haqqin.az-ը, «շարունակվում է ինքնաթիռի բեկորների Թուրքիա տեղափոխումը»: Դրանք «մանրազնին լաբորատոր ուսումնասիրության կենթարկվեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի տեխնիկական սպասարկման գործարանում, որ գտնվում է Կեյսարի նահանգում»:

Նոյեմբերի 21-ին «Հերկուլեսի» կործանման պատճառների ուսումնասիրության ընթացքի մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, փոխծովակալ Զեքի Ակթյուրքը:

Նա տեղեկացրել է, որ շարունակվում են օդանավի բեկորների հետազոտությունները և երկու «սև արկղերի» տեղեկությունների վերծանումը: «Սև արկղերից» մեկը ձայնագրում է օդաչուների և դիսպետչերական ծառայությունների խոսակցությունները, մյուսը՝ օդանավի «նավիգացիոն պարամետրերը»:

Ակթյուրքն ասել է, որ «վերծանման արդյունքների կարելի է սպասել երկամսյա ժամկետում»:

Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը միաժամանակ սուր քննադատության է ենթարկել լրատվամիջոցներին, որ օդանավի աղետի վերաբերյալ «հիմնականում տարածում են այլ երկրների ոչ այնքան կոմպետենտ փորձագետների տեսակետները»:

Թուրքական ռազմատրանսպորտային օդանավի կործանման պատճառների մասին փորձագիտական տեսակետներ հնչել են նաև Ադրբեջանում:

Ընդհանուր առմամբ դրանք հանգում են նրան, որ կործանված «Հերկուլեսը» Թուրքիան ձեռք է բերել այլ երկրից, շահագործում է արդեն գրեթե վաթսուն տարի, և ամենահավանական վարկածն այն է, որ ինքնաթիռը «մետաղական կոնստրուկցիաների մաշվածության պատճառով մասերի է բաժանվել»:

Որ ՆԱՏՕ-ի թվակազմով երկրորդ բանակը կարող է շահագործել «խավաքարտից հավաքված» ինքնաթիռ, անշուշտ Թուրքիայի միջազգային վարկանիշին ծանր հարված է:

Թուրքական IHA կայքը, հղում անելով ինքնաթիռի բեկորները հետազոտած մասնագիտական խմբից արտահոսքերին, գրում է, որ «բացահայտվել են կարևոր հանցանշաններ»: Ինչի՞ մասին է խոսքը, որևէ մանրամասնություն լրատվամիջոցը չի հայտնել:

Կործանված ինքնաթիռի բեկորներն առաջինը զննել է Վրաստանի ՆԳՆ քննչական խումբը և, ըստ պաշտոնական հաղորդագրության, «արտաքին միջամտության հետքեր չի բացահայտել»:

Վրաստանում աղետի առթիվ քրեական գործ հարուցվել է «օդանավի շահագործման կանոնները խախտելու» հիմքով:

Թուրքիան, ինչպես հասկացվում է փոխծովակալ Ակթյուրքի հայտարարությունից, օդանավի «տեխնիկական փլուզման» վարկածը չի ընդունում: Անկարան աղետի հետաքննությունը լիովին կենտրոնացրել է իր ձեռքերում:

Դա նշանակում է, որ Թուրքիան որևէ արտաքին աջակցության չի վստահում: «Հերկուլեսը» նոյեմբերի 11-ին օդ է բարձրացել Գյանջայից և թռիչքի մեջ է գտնվել ընդամենը 27 րոպե: Վերջին տեղեկություններով, ինքնաթիռը 24-րդ րոպեին մտել է Վրաստանի օդային տարածք, որից հետո Թբիլիսիի կառավարման կենտրոնի հետ կապը խզվել է, «Հերկուլեսն» անհետացել է ռադարների էկրանից:

Ուշագրավ է, որ թուրքական օդանավի աղետի չորս զոհերի հուղարկավորման պաշտոնական արարողությանը, որ կազմակերպվել է Անկարայում՝ երկրի փոխնախագահի գլխավորությամբ, Ադրբեջանի իշխանությունների որևէ բարձրաստիճան ներկայացուցիչ չի մասնակցել, իսկ անցած երկշաբաթյա ժամանակահատվածում թուրք-ադրբեջանական շփումներ չեն արձանագրվել:

Համենայն դեպս, այդ մասին հրապարակային տեղեկություն հայտնի չէ: Հստակ է Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, որ Թուրքիան «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով կշարունակի «Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները»:

Թուրքական օդանավի խորտակումն «ուղղված էր այդ համագործակցության դե՞մ»: