Ադրբեջանական oxu.az ոչ այնքան հանրածանոթ կայքը նոյեմբերի 23-ին հրապարակել է ութամյա Իլհամ Ալիևի կողմից արված մի «գեղանկար»:
Այն պատկերում է ռազմական ինքնաթիռ և «Լենին» ատոմային սառցահատը: Բնականաբար, առկա են խորհրդային դրոշը և հնգաթև աստղը: Մանուկ Իլհամն այդպես է արտահայտել հայրենիքի հանդեպ սերը, հպարտությունը և նվիրվածությունը:
Մատիտանկարն արվել է 1969 թվականին և նվիրվել «թանկագին և ոսկե Ռոզա մորաքրոջը»: Ո՞վ է նա: Պարզվում է, ութամյա Իլհամ Ալիևն ինչ-որ առիթով շնորհավորել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ Սեմյոն Ցվիգունի տիկնոջը:
Ցվիգունը 1963-67 թվականներին գլխավորել է Ադրբեջանի ՊԱԿ-ը: Այդ պաշտոնում նրան փոխարինել է Հեյդար Ալիևը, որ երկու տարի անց նշանակվել է Ադրբեջանի կոմկուսակցության կենտկոմի առաջին քարտուղար:
Սեմյոն Ցվիգունը Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահի պաշտոնից տեղափոխվել է Մոսկվա և նշանակվել միութենական ՊԱԿ-ի նախագահի տեղակալ, մի քանի ամիս հետո՝ առաջին տեղակալ:
Բաց աղբյուրներից հայտնի է, որ նա համակարգել է մի քանի վաչությունների գործունեությունը: Նրա պաշտոնեական վերելքը կապված էր ԽՍՀՄ առաջնորդ Բրեժնևի հետ մտերմությամբ:
Ութամյա Իլհամ Ալիևի «գեղանկարում» եւ այն «մորաքույր Ռոզային» նվիրելու մեջ զարմանալի ոչինչ չկա: ՊԱԿ-ի գեներալի որդին այդպիսով երախտագիտություն է հայտնել հոր հովանավորի տիկնոջը:
Արտառոցն այն է, որ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն է պարզել, այդ իրողությունը հրապարակայնացրել է Սեմյոն Ցվիգունի թոռնուհին՝ Վիոլետա Նիչկովան: Նա վարում է generaltvigun.ru կայքը, որտեղ էլ հրապարակել է «մորաքույր Ռոզային» նվիրած՝ Իլհամ Ալիևի «հեղինակային նկարը»:
ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալի մասին պատմող, նրա ընտանեկան կյանքից տեղեկություններ տարածող կայքը չի կարող չվերահսկվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից, ուստի կարելի է վստահության մեծ չափաբաժնով եզրակացնել, որ այդ նկարի հրապարակումը քաղաքական ազդակ է:
Մոսկվան Իլհամ Ալիևին հիշեցնում է, թե ով է ինքը, որտեղից է սկիզբ առնում նրա իշխանությունը և ինչ հիմքի վրա է կառուցված: Դա ուղղակի պատասխան է Ալիևի կողմից խորհրդային իշխանությանն «օկուպանտ» բնորոշմանը:






Բաց մի թողեք
Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»
Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի
Իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա