02/12/2025

Մեկ հեկտար լիարժեք անտառ ունենալու համար պահանջվում է 40 – 50 տարի

Քանի օր է՝ այրվում են Ճամբարակի, Բերդի, ապա նաեւ Դիլիջանի անտառները: Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար հաղորդագրություն է տարածում, թե հրդեհը մեկուսացվել է, բայց պարզվում է, որ այն մոլեգնում է` նվազեցնելով մեր առանց այն էլ նվազ անտառածածկ տարածքները: Հասարակությունը տարակուսում է, թե նոյեմբերի վերջին, երբ եղանակը ցրտել է, եւ հրդեհների հավանականությունը խիստ նվազ է, ինչո՞ւ են այրվում անտառները:

Հրապարակ թերթը գրել է․ Գուցե ինչ-որ մարդիկ միտումնավոր այրում են` կոծկելով ապօրինի անտառահատումների հետքերը: Բնապահպան Ինգա Զարաֆյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հրդեհի պատճառներին, ասում է. «Այստեղ ամառվա հանգամանքն էական չէ: Մենք խոսում ենք լրիվ չոր անտառների մասին:

Քանի ամիս է՝ նորմալ անձրեւ չի եկել, այս է պատճառը, որ մի փոքր կրակից այսպիսի հրդեհ է բռնկվում: Ես չեմ կարող որեւէ հստակ պնդում անել, սակայն անտառային հրդեհները սովորաբար սկսվում են այն ժամանակ, երբ եղանակը չոր է լինում: Հատկապես այն տարածքները, որոնք ոչ միայն անտառածածկ են, այլեւ` խոտածածկ, դրանք ավելի խոցելի են: Նման տեղերում, եթե մի փոքր կրակ է լինում, դառնում է հսկայական օջախ:

Ես արդեն քանի տարի է՝ բարձրաձայնում եմ այս մասին: Խոսրովի արգելոցը նախորդ տարի այրվեց, այրվեցին Մեղրիի անտառները, որոնք սարսափելի արագությամբ այրվեցին, որովհետեւ եղանակային պայմանները չափազանց չոր են Մեղրիում»:

Այդ դեպքում ինչո՞ւ ամռան տապին, երբ +35-40 աստիճան շոգ էր, չէին այրվում նույն Դիլիջանի անտառները։ «Դիլիջանում ամռանը եղանակն անձրեւոտ էր: Բայց ո՞վ ասաց, որ ամռանը հրդեհներ չեն եղել: Նույն Մեղրիում լիքը նման հրդեհներ են եղել հենց ամռանը: Ահագին վնասներ եղան: Պետք է լավ մոնիթորինգ արվի, պետք է լավ հասկանան, թե խնդիրն ինչպես է առաջանում, տեխնիկա է հարկավոր, որպեսզի նույնիսկ մի փոքր օջախի դեպքում մեծ հրդեհ չառաջանա:

Տեխնիկապես ապահովված ջոկատներ են անհրաժեշտ: Ասում են, որ իրավիճակն արդեն լավ է, մարվում է կրակը: Ռուսաստանում, Կանադայում նույնպես իրավիճակը կրիտիկական է, հեկտարներով անտառներ են այրվում: Հայաստանում անտառների ջրային աղբյուրները վերացել են: Անգամ տեղի բնակիչներն են այդ մասին խոսում:

Այս ամենը շատ մեծ վնասեր է հասցնում Հայաստանին: Որպեսզի ստանաս մեկ հեկտար լիարժեք անտառ, դրա համար կպահանջվի 40-50 տարի: Շատ լավ խնամք է հարկավոր դրա համար, ինչը պահանջում է ֆինանսներ, լուրջ վերահսկողություն: Վնասները Հայաստանի համար ահավոր են:

Ունենք ընդամենը 11,2 տոկոս անտառ, բայց անտառածածկ տարածքներն այս թվից ավելի քիչ են: Մեր անտառային տարածքները շատ լավն են` կենսաբազմազանության տեսանկյունից, սակայն որպես անտառածածկ տարածք՝ մեր անտառները խեղճ վիճակում են»: