44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը Հայաստանում քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին ի աջակցություն Գլխավոր Դատախազության շենքի դիմաց նստացույց է արել երեք օր, երեկ նստացույցը շարունակել է Ազգային Ժողովի շենքի դիմաց, քանի որ ԱԺ-ում ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին լսումներ էին ընթանում:
«Հրապարակի» հետ զրույցում պատերազմի մասնակիցն ասում է, որ նստացույցը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ Լիդյան անազատության մեջ չէ, իսկ Լիդյային անձամբ չի էլ ճանաչում, սակայն պատվի հարց է համարում զուտ քաղաքական հայացքների համար հայ կնոջ անազատության դեմ պայքարելը:
Այն պայմաններում, երբ նույն գործով անցնող տղամարդկանց կալանքները փոխարինվում են, օրինակ, տնային կալանքով: Նստացույցը սկսելու օրվանից ինքը թե ընկերների, թե անծանոթների կողմից սպասվածից շատ ավելի աջակցություն է ստացել, չնայած շեշտում է, որ նստացույց սկսելուց որևէ աջակցության ակնկալիք չի ունեցել:
«Նստացույցի նպատակը հանրության լայն շրջանակներին իրազեկելն է եղել, որ Հայաստանում կա կին քաղբանտարկյալ ու դա քաղաքական հետապնդման արդյունքում է: Եվ հանրային ճնշման միջոցով մենք պետք է հասնենք նրան, որ Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվի»,-ասաց Պետրոսյանը:
Արցախյան պատերազմի մասնակիցը շեշտում է, որ ցավոք, Հայաստանում երկու զուգահեռ իրականություն է ձևավորվել: Վերջինիս վրդովվեցրել է իր նախկին համակուրսեցու՝ «խաղաղության կամուրջ» անվանումը ստացած ծրագրի ակտիվ մասնակից Արեգ Քոչինյանի հայտարարությունները, մանավանդ Հիքմեթ Հաջիևի ուղերձների փոխանցումը։ Անդրադառնալով այն հայտարարությանը, որ «հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը դեմ արտահայտվողները կամ օտար պետություններին ծառայող սրիկա են կամ էլ քաղաքական ապուշ», Պետրոսյանն ասաց․ «Ինքն իր բնույթով այն մակարդակին չի ձգում, որ իրեն մեկնաբանենք, բայց քանի որ իշխանության հետ է կապված ու քանի որ ինքն է հանդիսանում Ադրբեջանի նախագահի օգնականի բանագնացը Հայաստանում, զուտ այդ առումով, իրեն անդրադառնալ կարելի է: Ադրբեջանցիներն իրենց խոսքը իր միջոցով են տեղ հասցնում՝ դա արդեն շատ նվաստացուցիչ է իր համար, թե չէ իր կարծիքը ՀՀ քաղաքացու համար մեկ է: Ինքն այս երկրում ոչ որոշող է եղել, ոչ էլ կլինի, իր նմաններն էլ առավել ևս»։
Պետրոսյանը հիշեցնում է Նժդեհի խոսքերն այն մասին, որ բոլոր ժողովուրդներն ունեն իրենց տականքը, բայց հայի տականքն ուրիշ է: «Այդ Քոչինյանը պատմության ֆակուլտետում սովորելով, Նժդեհի գաղափարախոսությանը լավ ծանոթ լինելով, ինքը դարձավ Նժդեհի ասած տականքը։ Մեկը պետք է լինի հասարակության մեջ ստոր, այդ ստորի կերպարը ինքն է: Այն 300 սպարտացիները տեսած կլինեք, կուզիկը, որ գնում է Քսերքսի մոտ, ինքն այդ կուզիկն է էլի»,-ասաց պատերազմի վետերանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա նրանք շատ ճիշտ աշխատանք են տանում և դա լավ ազդակ է, որ հայերն ավելի զգոն լինեն, հեռատես լինեն, փորձեն այս իշխանությունների հեռացմանը հասնել:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7