02/12/2025

Կմիավորվի արդյոք ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հարցում

Մի խումբ ճանաչված քաղաքական եւ հասարակական գործիչներ նոյեմբերի 25-ին Գլխավոր դատախազություն հանցագործության մասին ծավալուն հաղորդում են ներկայացրել՝ ընդդեմ Հայաստանի վարչապետի, որտեղ, ըստ ժամանակագրության, արձանագրել են Հայ առաքելական եկեղեցու, առանձին հոգեւորականների, քաղաքական հակառակորդների դեմ իրականացվող ապօրինությունները։

Հրապարակ թերթը գրել է․ 18 էջանոց փաստաթղթում ամսաթվերով, լրատվական կայքերի ու սոցցանցերի հարթակների հղումներով, փաստերով հեղինակները նշել են այն բոլոր հանցանքները, որոնց համար մեղադրում են Փաշինյանին՝ սկսած հոգեւորականների հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսումներից, վերջացրած վարչապետի ֆեյսբուքյան անպարկեշտ լեքսիկոնով՝ դոմփել, պոռնկաբարո։ Նաեւ Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած սպառնալիքներով, որոնք իրավապահներն ընդունում են որպես հրահանգ եւ գործողությունների կոչ։ Փաստաթղթի հեղինակները քրեական օրենսգրքի հոդվածներ են նշում, հանցանքի տեսակներ՝ մարդու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդակցության այլ ձեւերի գաղտնիության խախտում, միջամտություն արդարադատության իրականացմանը, ինքնիրավչություն, քաղաքացիների սահմանադրական ազատությունների բազմաթիվ խախտումներ, կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտում, իշխանական լիազորությունների չարաշահումներ եւ այլն։ Վարչապետի յուրաքանչյուր արարքի, անձանց իրավունքները խախտող յուրաքանչյուր գրառման դիմաց Քրեական օրենսգրքի հոդվածի կոնկրետ մաս է նշված, Սահմանադրության դրույթ, որը նա խախտել է: Այսպիսի մանրամասն ու համապարփակ փաստաթուղթ դեռ չէր կազմվել: Հեղինակները կարեւոր գործ են արել։ Ստորագրող գործիչները վստահ են՝ Փաշինյանն «անձամբ ղեկավարում, կազմակերպում, հրահանգում եւ իրագործում է վերոնշյալ հանցագործությունները»։

Դիմումի տակ տեսնում ենք ամենատարբեր, երբեմն նույնիսկ իրար հակասող քաղաքական դիրքորոշում ունեցող գործիչների ստորագրություններ։ Իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը, Արման Վեզիրյանը, Նինա Կարապետյանցը՝ իր «Նժար» նախաձեռնությամբ, կուսակցություններ, որոնց մասին ամիսներ առաջ լուր կար, որ բանակցում են համատեղ հանդես գալու մասին․ Հայ ազգային կոնգրես, «Ապրելու երկիր», «Հայաքվե», Հայկ Մարությանի «Նոր ուժ»։ Կան նաեւ լրագրողներ, խմբագիրներ՝ Տիգրան Պասկեւիչյանը, Արամ Աբրահամյանը, Սաթիկ Սեյրանյանը, որոնք, անկախ քաղաքական հայացքներից, միավորվել են եւ պահանջում են՝ Փաշինյանին այս բռնաճնշումների համար քրեական պատասխանատվության ենթարկել:

«Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության եւ օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ եւ ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքը»,- գրում են նրանք։

Մենք տեղեկացանք, որ այսքան տարբեր գործիչներին՝ իշխանությանը պատասխանատվության կանչելու գաղափարի շուրջ միավորելու նախաձեռնությունը Հայ ազգային կոնգրեսինն է, չնայած Լեւոն Զուրաբյանի ստորագրությունն ամենավերջում է դրված։ Ինչպե՞ս է հաջողվել միավորել այսչափ տարբեր ուժերի, որքանո՞վ է հնարավոր, որ այս նախաձեռնությունից ընդդիմադիր նոր պլատֆորմ ստեղծվի։ Կոնգրեսից այս հարցերին չեն պատասխանում։ ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն ասում է․ «Տեսնենք։ Գլխավոր պրոբլեմը բոլորի միացումն է։ Աստծուց առաջ չընկնենք»։ Հնարավո՞ր է, որ հետագայում մի նոր շարժում, ուժ ձեւավորվի՝ Նիկոլին պատասխանատվության կանչելու հողի վրա: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պատասխանում է․ «Այո»։ «Տարբեր ուժերի հետ ունենք բանակցություններ, իսկ Եկեղեցու պաշտպանության հարցով պատրաստ ենք նաեւ մի կողմ դնել առկա տարաձայնությունները՝ հաշվի առնելով հարցի համազգային կարեւորությունը, ինչը վեր է կուսակցական եւ քաղաքական գործընթացներից։ Եկեղեցու դեմ կատարված հանցագործությունների մասով հասարակական-քաղաքական գործիչների համատեղ քննարկումը կարեւոր արձանագրում է Եկեղեցու պաշտպանության համար․ անկախ իշխանությունների քաղաքական խայտառակ վարքագծից, առկա են հստակ իրավական խախտումներ։ Այս անընդունելի գործընթացը վաղ թե ուշ արժանանալու է իրավապահ համակարգի արդար գնահատականին»,- ասում է նա:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ գաղտնիքը թերեւս այն է, որ հրավիրել էին «նորմալ», ոչ օդիոզ մարդկանց՝ ամենատարբեր քաղաքական ուժերից, ՀԿ-ներից, անհատների։ Նրանք հետաքրքրված են պայքարելու այն արշավի դեմ, որն իրականացնում է Փաշինյանը։ «Մինչեւ այդ հայտարարությունը, քննարկում կազմակերպվեց, որի ընթացքում համոզվեցինք, որ այդ տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչները շատ հարցերում ունեն ընդհանրություններ։ Սա առաջին հավաքն էր, գիտեմ, որ այլ հարցեր էլ են քննարկվելու, ամենատարբեր խնդիրներ, որոնք այսօր ծառացած են։ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դեռ չեն ուզում գործիքակազմը բացահայտել, բայց ունեն հետաքրքիր գաղափարներ։ Հետաքրքիր ելույթներ եղան։ Մանե Թանդիլյանն ասաց, որ պետք է անցնել գործի։ Էդգարը՝ Ղազարյան, խոսեց մեր Սահմանադրության մասին, որն այնքան կատարյալ է գրված, որ այն կարելի է համեմատել գրական ստեղծագործության հետ։ Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ կային։ Ուրախ եմ, որ կա համախոհություն, որ ձեւավորվում է մի ուժ, որը կարող է ապօրինությունների դեմն առնել», – ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։

Նկատենք, սակայն, որ ստորագրողներն այս կուսակցությունների առաջին դեմքերը չեն: «Ապրելու երկիր» կուսակցությունից հավաքին ներկա է եղել Մանե Թանդիլյանը, սակայն փաստաթղթի տակ ստորագրել է Արաքսյա Գրիգորյանը, Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունից ստորագրել է Արամ Թորոսյանը: «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը, մեր հարցերին պատասխանելով, չհերքեց՝ այո, փաստաթղթի տակ քաղաքական տարբեր դավանանքի ուժեր են ստորագրել: Բայց հարկ համարեց շեշտել, որ նույնաբովանդակ փաստաթուղթ իրենք էլ են ուղարկել դատախազություն: Ինչպիսի՞ շարունակություն կլինի, կկարողանա՞ն միավորվել՝ դժվարանում է ասել: «Օրինակ, եթե քննարկվի Արցախ վերադարձի իրավունքը, այն հարցերը, որոնց ուղղությամբ մենք շարժվում ենք, այն կետերում, որտեղ որ մեր ու իրենց ասածը համընկնում է, ցանկացած ուժի հետ պատրաստ ենք համագործակցել: Կարեւոր է, թե ինչ գաղափարի կռիվ է»:

ՀԱԿ-ի կազմակերպած քննարկման ժամանակ «301-ի խորհուրդ» ՀԿ նախագահ Հայկ Նահապետյանը, որը դեռ «Ստամբուլյան կոնվենցիայի» դեմ պայքարի օրերին էր ակտիվ, առաջարկ է արել առարկայական գործիք սարքել՝ աշխատանքային մարմին, որը մշտական կգործի, պլանավորում կանի, քայլեր կմշակի, ակցիաներ կանի, քարոզչությամբ կզբաղվի: «Հասարակաքաղաքական, փորձագիտական շրջանակներ կան, որոնք ունեն նույնական կարծիք: Ապացուցողական իրավական հիմքով գրություն ուղարկելը դատախազությանը լավ բան է, բայց գործիք չկա՝ քո արդարացի պահանջին տեր լինելու: Լավ բան է՝ ինչ-որ բան ասել, հետո գնալ տուն: Ես առաջարկում եմ տուն չգնալ»,- ասում է նա: Հայկ Նահապետյանը վստահ է, որ կորիզը, որը ձեւավորվեց, կարող է ընդլայնվել, մեծանալ: «Այսօր Եկեղեցու հետ կապված՝ ընդդիմադիր դաշտում չկա ուժ, որ այլ կարծիք ունի: Եկեղեցին մերանն է միավորման, ուժերի բոլոր տարաձայնություններով, տարակարծություններով հանդերձ, անկախ քաղաքական կողմնորոշումներից, անկախ նրանից, թե ինչ լարումների մեջ են այդ ուժերը: Էդ բոլորը մի կողմ ենք դնում, որովհետեւ հիմա մեր միջնաբերդն են ուզում վերցնեն: Եկեք կազմակերպենք՝ առաջարկեցի, եւ համաձայնեցին»: