03/12/2025

Ով ասես՝ չի առաջադրվել

ՔՊ-ում կատակում են՝ ով գրել գիտի, պատգամավորի թեկնածուի դիմում է գրել․ 380 մարդ է առաջադրվել, 40-ը՝ անկուսակցական։ Մեծ մասը շարքային կուսակցականներ են` մարզերից, պատգամավորների օգնականներ, փորձագետներ։

Հրապարակ թերթը գրել է․ Եթե ինքնավնասումով բանակից ազատված, «սեկտեմբեր» ասող Նարեկ Գրիգորյանը, Մարտի 1-ի զոհի քույրը` Անուշ Քլոյանը, կարող են պատգամավոր լինել, ով ասես` կարող է։

Ի դեպ, առաջադրվել է անգամ Քլոյանի օգնականը, ինչից անգամ ՔՊ-ականներն են տարակուսած։ Դեկտեմբերի 1-ից սկսվել է գրանցման փուլը, քննելու են կենսագրությունները, ստուգելու են՝ որեւէ քրեական գործով անցնո՞ւմ է թեկնածուն:

Բայց ՔՊ վերնախավը դժվար կացության մեջ է․ մի կողմից ցուցակն անծայրածիր չէ՝ նախորդում 157 անուն էր, մյուս կողմից` ամեն մեկը փող է բերելու կուսակցությանը․ ՔՊ անդամները` 500 հազար, անկուսակցականները` 1,5 միլիոն դրամ։

Նաեւ պետք է հիմնավորեն, թե ինչու չեն գրանցում։ 380 հոգուց ՔՊ բյուջե մուտք կլինի 230 մլն դրամ՝ 600 հազար դոլար։ Հայտ է ներկայացրել նաեւ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը՝ շրջիկ պատարագների ակտիվ մասնակիցը։