12/12/2025

Բաքուն փորձում է մաքրվել ռուսական հետքից, իսկ Երևանը

Ադրբեջանում ադրբեջաներեն լեզվի դասավանդման ասպարեզն ընդլայնվում է: Այդ մասին լրագրողներին ասել է Կրթության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, գիտության և կրթության նախարարի խորհրդական Էլնուր Ալիևը:

Նրա խոսքերով, այսօր բոլոր դպրոցներում «գրականություն», «ռազմական պատրաստություն» և «երաժշտություն» առարկաները դասավանդվում են միայն ադրբեջաներեն լեզվով:

Ալիևն ասել է, որ քննարկվում է միայն ադրբեջաներեն լեզվով դասավանդման ենթակա առարկաների ցանկն ընդլայնելու հարցը, վերջնական որոշումը կընդունվի առաջիկա տարիներին:

Քանի որ Ադրբեջանում պետական հանրակրթությունը իրականցվում է միայն ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով, հասկանալի է, որ ադրբեջաներեն լեզվով դասավանդման ասպարեզն ընդլայնվում է ռուսերենի հաշվին:

Իսկ եթե ավելի պարզ ասվի, ապա Բաքվի ռուսական դպրոցներում ներկայումս «գրականություն», «ռազմական պատրաստություն» և «երաժշտություն» առարկաները դասավանդվում են և գնահատվում են միայն ադրբեջաներեն լեզվով, առաջիկայում առարկաների ցանկը կընդլայնվի:

Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ «հոգատար վերաբերմունքի» և «ռուսական երեք հարյուր հանրակրթական դպրոցների առկայության» հանգամանքը ռուս-ադրբեջանական հարաբերություններում մշտապես ընդգծվել է որպես «ընդհանուր անցյալի վկայություն»:

Այդ մասին բազմիցս շեշտվել է Պուտին-Ալիև հանդիպումների ընթացքում: Ռուսական դպրոցներում որոշ առարկաների դասավանդումն ադրբեջաներեն լեզվով իրականացնելու որոշումն ընդունվել է ընթացիկ ուսումնական տարվանն ընդառաջ և բուռն բողոքների տեղիք տվել:

Ադրբեջանցի պաշտոնյայի ասածից հասկացվում է, որ կրթության և գիտության նախարարությունն, այնուամենայնիվ, ստիպված է եղել գնալ սկզբունքային զիջման: Ադրբեջաներենով դասավանդման ենթակա առարկաների ցանկից հանվել է «պատմությունը»:

Այդուհանդերձ, Ադրբեջանում դրվել է աստիճանաբար ռուսաց լեզվով հանրակրթությունից հրաժարվելու նպատակ: Դա, անկասկած, քաղաքական որոշում է և բխում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս «ակտիվ սառնությունից»:

Ադրբեջանում էթնիկ ռուսներ գրեթե չեն մնացել: Նույնիսկ Բաքվի մամուլն է խոստովանում, որ մի քանի տասնյակ հազար ռուսները և ռուսախոսներ, որ ապրում են Բաքվում, Գյանջայում և Իվանովկա գյուղում, մեծամասամբ տարեց մարդիկ են:

Ռուսական կրթություն ստանում են ադրբեջանցի երեխաները, որոնց ծնողները նույնպես ռուսական դպրոց են ավարտել: Սահմանափակելով ռուսերենով կրթությունը, Ադրբեջանը փորձում է վերջնականապես լուծել ազգային ինքնության հարցը:

Ռուսաստանի պետական քաղաքականության հայեցակարգը ներառնում է նաև արտերկրում ռուս և ռուսախոս բնակչության իրավունքների, ռուսաց լեզվի պաշտպանությունը: Վերջերս ԱՊՀ Դուշանբեի գագաթաժողով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ այդ մասին հիշել է:

Ըստ երևույթին, այդ ուղղությամբ Բաքվի հետ քննարկումներում Մոսկվան որևէ էական հաջողության չի հասել: Ցարական Ռուսաստանի, տարբեր ազգության ներկայացուցիչների ջանքերով կավաշեն հյուղակների ավան Բաքուն հիսուն տարում դարձել է արդյունաբերական բազմամշակութային քաղաք:

Անկախության երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն ազգայնացնում է այն ամենը, ինչ ընդհանուր ձեռքբերում էր: Բաքուն վերջնականապես մաքրվում է նաև ռուսական հետքերից: