Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ
– Պատգամավորի թեկնածու առաջադրվածներն արդեն կանչվում են ՔՊ վարչություն` «հարցաքննության», Ձեզ օրեր առաջ արդեն կանչել են, որ գրանցելուց առաջ հարցուփորձ անեն․․․
– Չէ, ի՜նչ հարցաքննել, քրեական գործ չէ, որ հարցաքննեն։
– Իսկ ինչո՞ւ են թեկնածուներին հարցաքննում․․․
– Տարօրինակ ոչինչ չկա, միշտ էլ վարչությունը կուսակցության պատմության ընթացքում նման գործընթացների ժամանակ զրուցել է բոլորի հետ, տվել է իր հարցերը, սա պրակտիկա է, որը միշտ է եղել։
– Եթե շարքայինների պահը կարելի է հասկանալ, ուզում են ծանոթանալ՝ ով ով է, ապա 4 տարի պատգամավոր աշխատած մարդկանց շրջանում քասթինգը մի փոքր տարօրինակ է։
– Սա քասթինգ էլ չէ, սա հենց այն գործընթացն է, որ․․․ Բա ցուցակ է կազմվում, մարդիկ են ինքնառաջադրվում, բոլորին էլ լսելու կարիք կա։ Եվ հետո, Ձեզ վստահեցնում եմ, որ բոլորին, որ առաջադրված են, կուսակցությունը եւ վարչությունը, եւ աշխատակազմը ճանաչում են։ Այդ մարդիկ նոր կուսակցականներ չեն եւ չեն էլ կարող լինել, իրենք տարածքային կառույցների անդամներ են, որոնք մինիմում 6 ամսվա կամ մի տարվա կուսակցականներ են, եւ բոլորն էլ շատ անգամներ խոսելու առիթ ունեցել են։ Այնպես որ՝ սա ծանոթանալու, ճանաչողական բնույթ էլ չի կրում։
– Առաջադրված 380 թեկնածուի կենսագրությունը վարչությունում գիտե՞ն՝ ով ով է, ինչով է զբաղվում։
– Չեմ պնդի, բայց մեծամասամբ այնքան գիտի, որ այդ մարդիկ կուսակցական են դարձել, նշանակում է՝ հիմնարար մասերը, որ թույլ է տվել իրենց դառնալ կուսակցական, դա անցած է, բարեվարքության եւ այլ բոլոր նշաններն իրենց մոտ դրական են եղել, եւ մարդիկ կուսակցական են դարձել։ Մեր կուսակցությունը երբեք էլ քննչական մարմնի պես չի խորացել մարդկանց անցյալի մեջ՝ դու ով ես, բա դու ով ես, կյանքն ամեն ինչ ցույց է տալիս, եթե մարդու մոտ ինչ-որ բաներ կան, որ պիտի բացահայտվեն, մի օր բացահայտվում են։
– Եթե ամեն ինչ այդքան լավ է, բոլորին ճանաչում են, ինչո՞ւ են կանչում, ի՞նչ հարցեր են տալիս։ Օրինակ Ձեզ, որ 4 տարի պատգամավոր եք, մինչեւ վերջերս Վերահսկող մարմնի անդամ էիք, շատ մոտիկից գիտեն, ի՞նչ բնույթի հարցեր են տվել։
– Այո, ինձ ճանաչում են, բայց տարբեր մարդու կարող են տարբեր հարցեր լինել այլ ոլորտի վերաբերյալ, օրինակ, որ ասեն` մենք քեզ տեսնում ենք այսինչ տեղը, հազար բան կարող է լինել։
– Օրինակ, մեզ պատմել են, որ որոշ թեկնածուների հարցրել են, թե ինչ կարծիք ունի Եկեղեցու դեմ իշխանության այս գործողությունների վերաբերյալ, մասնակցո՞ւմ է շրջիկ պատարագներին, թե՞ ոչ։
– Ես ուզում եմ ասել, որ էս մեկին հարյուր տոկոսով խիստ կասկածում եմ… Ի՞նչ կապ ունի դա կուսակցական ցուցակը կազմելու հետ, ամեն մարդ ունի իր կարծիքը եւ իր գործունեությամբ դա ցույց է տալիս, բայց դա չի կարող կախված լինել իր ցուցակում լինելու կամ չլինելու նպատակահարմարությունից։ Եվ ընդհանրապես կզարմանամ, որ վարչությունը նման հարց կտա։
– Ինչո՞ւ` ֆեյք պատարագներին էլ են, չէ՞, խմբակցությունից ոչ բոլորը մասնակցում։
– Եկեք մի քիչ հումորով վերաբերվենք այս հարցին, ո՞նց եք պատկերացնում՝ պիտի ինչ-որ մեկին հարցնեն` դու ի՞նչ կարծիք ունես Եկեղեցու նկատմամբ մեր գործողություններին ու կարծում ես, որ մարդ պիտի լինի ու ասի, որ շատ վատ կարծի՞ք ունի։ Ասի՝ գիտեք, շատ վատ կարծիք ունեմ այս ամենի մասին ու եկել եմ ձեզ այդ մասին ասեմ, հա՞։ Դա անհնար է։
– Բա ժողովրդավարության բաստիոն է, դուք էլ ժողովրդավար ուժ եք, ինչո՞ւ պիտի բոլորը համակարծիք լինեն Փաշինյանի այս արշավին ու վախենան իրենց կարծիքն ազատ արտահայտել։
– Չէ, չեն վախենալու, բայց այդ հարցերն այս շրջանակներում չեն քննվում, մեր կուսակցությունն ամեն շաբաթ, երկու շաբաթը մեկ նախաձեռնող նիստեր է ունենում, տարածքային նիստեր, եւ ցանկացած խոսք, խոսակցություն, անհանգստանալու առիթ քննարկվում է մինչեւ վարչություն, դրա համար այնքան ճանապարհներ ենք ստեղծել` թե՛ նամակագրությամբ, թե՛ այլն, եւ այս գործընթացը հեչ դրա տեղը չէ։
– Իսկ Դուք, օրինակ, ո՞նց եք պատկերացնում Եկեղեցու շուրջ այս զարգացումների հանգուցալուծումը։
– Ես միշտ այսպես եմ վերաբերվել, որ ո՛չ սկիզբ է ունեցել, ո՛չ ավարտ, չեմ ուզում կանխագուշակել, հանգուցալուծումը լինելու է մեր պետության հարատեւության օգտին, այսինքն՝ լինելու է արդարություն, այն, ինչ որ չի եղել տարիներով։ Վերջիվերջո, մեր ժողովուրդն իր մեջ գոնե գիտի, որ ինչ որ հիմա կա, հեչ քրիստոնեական հավատին մոտիկ չէ։
– Այո, որեւէ մեկը չէր կարող պատկերացնել այնպիսի իրավիճակ, ինչ տեղի ունեցավ, օրինակ, Գյումրիի Յոթ վերք եկեղեցում, ո՞վ կմտածեր, որ թեմի քահանաներին կվտարեն եկեղեցուց, եկեղեցու դռները կպլոմբեն, որ հաջորդ օրը Փաշինյանն ու իր խումբը գան ու «պռակատով» վերցրած հոգեւորականներով պատարագ անեն։
– Ոչ ոք չի վտարել որեւէ քահանայի, ես այնտեղ եղել եմ եւ ընդհանրապես բոլոր պատարագներին եմ մասնակցում, ոչ ոքի վտարելու ո՛չ իրավունք ունենք, ո՛չ էլ կարող ենք։ Այդ հոգեւորականները, կարծեմ, օր առաջ իրենք են լքել իրենց պոստը։
– Բայց իրենց հանեցին, եկեղեցու դուռը կապարակնքեցին։
– Ես նման բան ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ հավատում եմ: Քահանաներն իրենք են․․․ Կտրիճ Ներսիսյանի մերձավորները բողոքի ակցիա են արել ու դուրս եկել, կարային մնային եւ մասնակցեին պատարագի իրենց եկեղեցում։
– Իրենք չեն ցանկացել զեղչել կաթողիկոսի անունը, դրա համար վտարեցին ու կապարակնքեցին ԱԱԾ-ականները։
– Ես էլի եմ ասում՝ ես եկեղեցու դուռը կապարակնքել չեմ տեսել, ոչ էլ կարամ մեկնաբանեմ, ու ոչ էլ ուղեղումս տեղավորվում է, որ ԱԱԾ-ն կարող է եկեղեցու դուռ կապարակնքի ինչ-որ Ձեր նշած պայմաններով։ Ես չեմ հավատում, որ Ձեր նշած կոնտեքստի մեջ կարող էր նման բան լիներ, բայց, օրինակ, որպես պատգամավոր՝ իմ մտքով կարող է անցնել, որ այն վայրերը, որտեղ սպասվում է վարչապետի այց, օր առաջ ստուգվում են անվտանգության կանոններից ելնելով։ Դուք կարող եք հետաքրքրվել՝ արդյոք այլ եկեղեցիներում անվտանգությունից ելնելով օր առաջ չե՞ն կապարակնքում, քանի որ մյուս օրը վարչապետն է մտնելու այնտեղ։ Միգուցե դա անվտանգության միջոցառումներ են, հասկանո՞ւմ եք, ԱԺ-ում էլ վարչապետի գալու օրը խստացվում են անվտանգային միջոցառումները։
– Իսկ Դուք ի՞նչ սցենար եք տեսնում, եթե Վեհափառն ինքնակամ չի հեռանում: Հաջորդ «պատարագը» որտե՞ղ է մատուցվելու։
– Ես կարծում եմ, որ Վեհափառը ոչ թե ինքնակամ հեռանալու է, այլ վերջիվերջո հասկանալու է, որ դա ժողովրդի ցանկությունն է, եւ եկեղեցականների որոշմամբ` ըստ իրենց կանոնակարգի, կլինի այն, ինչ կլինի։ Ես չեմ ուզում առաջ ընկնել, ապագա գուշակել։
– Կանոնակարգի համաձայն, Վեհափառը կա՛մ պետք է ինքնակամ հրաժարվի, կա՛մ, հեռու իրենից՝ մահանա, եկեղեցական ժողովը կարծեմ կարող է միայն նման հարց քննարկել, բայց վերջնական որոշումը Վեհափառինն է։
– Դե, ուրեմն Վեհափառը կհեռանա, այլ տարբերակ չի ունենա, չի կարող մարդը երկու ոտքը դնի մի կոշիկի մեջ, ասի՝ չէ, ես ձեզ չեմ լսում, ինձ աստված է ասել: Ես այդ մարդուն չեմ հավատում, չեմ ընդունում որպես քրիստոնեական հավատքի կրոն։
– Դա Ձեր խնդիրն է, շատերն էլ ընդունում են։
– Էդ շատերը ․․․ դեմոկրատական տեսությունում շատերը շատերի հետ քանակից կերեւա ու ընդհանուր տրամադրություններից։
– Կգնաք Մայր Աթոռ ու ցույց կտաք, որ շա՞տ եք։
– Ես նման բան չեմ ասել, դուք տեսնում եք, թե պատարագներն ինչ հանգիստ են անցնում, մարդիկ գալիս, շնորհակալություն են հայտնում։
– Մի խումբ մարդիկ շրջիկ պատարագների են գնում, իսկ ովքեր կաթողիկոսի անունը բարձրաձայնում են, բռնությամբ դուրս են հանվում եկեղեցուց։
– Ոչ մեկին քարշ տալով դուրս չեն հանել, ես չեմ էլ նկատել, որ կաթողիկոսի անուն գոռացող մարդիկ կաթողիկոսին սրտացավ մարդ լինի, վերջում պարզվել է, որ քաղաքական այլ դաշտերից եկած գործիչ է, որը բոլորովին ուրիշ բանի համար է եկել այնտեղ։







Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում