13/12/2025

Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին

Ուկրաինական ուժերը հայտնել են Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում ռուսական բանակի զինվորների շրջափակման մասին։

Ըստ ուկրաինական կողմի՝ քաղաքում մնացել է մոտ 200 ռուս զինվոր, իսկ ցամաքային մատակարարման ուղիները, ենթադրաբար, կտրվել են։

Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերահսկողություն են հաստատել Կուպյանսկի հյուսիսարևմտյան մասի նկատմամբ։

Գործողությանը մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, ՊՆ հետախուզության գլխավոր վարչության, Հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության և Կուպյանսկի տարածքային պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ուժերը։

Միաժամանակ, ըստ ուկրաինական DeepState մոնիթորինգի նախագծի՝ գործողությունը շարունակվում է, քանի որ ռուսները դեռևս դիրքեր ունեն քաղաքի կենտրոնում։

«Առցանց արդեն իսկ կա զգալի քանակությամբ տեսանյութ, որը հաստատում է Ուկրաինայի զինված ուժերի հաջող գործողությունները, ուստի մենք հրապարակում ենք այն տեղեկատվությունը, որի մասին կարելի է խոսել անվտանգ», – բացատրել են վերլուծաբանները։

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են քաղաքի կենտրոնում հայտնաբերել և ոչնչացնել ՌԴ բանակի զինվորականներին։

Միևնույն ժամանակ, քաղաք է այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այսօր Կուպյանսկի ուղղությամբ մեր զինվորները, որոնք այստեղ են, արդյունքների են հասնում Ուկրաինայի համար։ Ռուսները շատ են խոսել Կուպյանսկի մասին, մենք դա տեսնում ենք։ Ես շնորհավորել եմ տղաներին», – ասել է նա։

Ռուսական աղբյուրները նախկինում հայտնել են, որ քաղաքը գտնվում է ռուսական վերահսկողության տակ։