11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Փաշինյանի աջակցի անցած ուղին մինչև ԱԺ պատգամավորի թեկնածու դառնալը․ Լուսանկար

Հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «ուղտերթին» մասնակցում էին գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները ԱԺ պատգամավորից մինչեւ ավագանու անդամ:

Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Փաշինյանի կազմակերպած «փարթիին» ՔՊ-ականները պարում էին. ուր որ գնաս` հետդ կգամ երգի տակ, «ուղտերթի» օրը նրանք հակառակն ապացուցեցին՝ երթին հազիվ 3 հազար մարդ էր հավաքվել:

Այդ օրը ոմանք իրենց դեմքն էին թաքցնում տեսախցիկների առաջ, ոմանք՝ տեսախցիկների առաջ ժպտում էին և անգամ գխտում`ցույց տալով իրենց դաստիարակությունը, ոմանք էլ՝ ակտիվ վիճաբանության մեջ էին մտնում քաղաքացիների հետ:  Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու բակում բանավեճ էր ծավալվել ՔՊ–ական Միքայել Միքայելյանի և երկու քաղաքացիների միջև, որոնցից մեկը Ամենայն հայոց կաթողիկոսի աջակից, բլոգեր Օնիկ Հարությունյանն է:

«Թե ով ա Նիկոլը, արդեն հասարակ քաղաքացին հասկացել ա: Նա առանց վայրկյան մտածելու ժողովրդին բախման կտանի: Ամեն անգամ էսպիսի հավաքներով ուզում ա հասկանա, թե որքա՞ն համախոհներ ունի, հասկանում է, որ ազգի 80 %-ն արդեն իրեն չեն աջակցում, տարբերակներ ա գտնում մարդկանց իրար դեմ հանելու:  Տարբերակներից մեկն էլ իր ՔՊ-ականնների միջոցով մարդկանց հետ վիճաբանելն ա: Էդ ուղտերի երթի օրը դրանց ՔՊ-ական պատգամավորի թեկնածու Միքայել Միքայելյանին կոնկրետ ուղարկել էին, որ Վեհափառին կպներ, բայց մենք թույլ չտվեցինք:  Նիկոլի խամաճիկն ա, ինչ ասում են, անում ա: Ասեմ, որ մենակ չէր եկել, իր մամայի հետ էր եկել, 1 մարդ տանից բերել էր»,- մեզ հետ զրույցում ասաց Օնիկ Հարությունյանը:

Ով է ՔՊ-ական Միքայել Միքայելյանը: Նրան շատերը կհիշեն` նա 2020թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում  Արծրուն Հովհաննիսյանի կողքին կանգնած ելույթ էր ունենում, երդվելով ու հաստատելով Արծրունի թեզն այն մասին, որ «հաղթելու ենք»:

Կհիշեն նաեւ, որ 44-օրյա պատերազմի օրերին բուռն քննարկումներ էին ընթանում Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ կռվի դաշտում գտնվել-չգտնվելու մասին:  Հենց այդ ժամանակ Միքայելյանն իր  ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ներկայացնելով Աշոտ Փաշինյանին գովերգող մի դրվագ՝ փորձելով փաստել, թե վերջինս ոչ միայն կռվի դաշտում է եղել, այլև՝ առաջնագծում։

Այս ամենից հետո, բնականաբար, Միքայելյանին նշանակում են ԱԺ  պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օգնական, 2025 թ. հունիսից  ՀՀ պետական վերահսկողական ծառայության գլխավոր վերահսկող, 2025 թ. դեկտեմբերի 19-ին էլ ընդգրկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։ Մայրը՝ Քրիստինե Գեւորգյանը  2024 թվականից Երևան քաղաքի ավագանու անդամ է։

2025 թվականից նա սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում՝ «Կառավարում» մասնագիտությամբ։

2022 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2024 թվականից՝ Շենգավիթի ՏԿ խորհրդի անդամ։  Միքայելյանի հայրը՝ OPEL մակնիշի մեքենայով Yandex Go-ում տաքսու վարորդ է աշխատում:

Փաշինյանի աջակցի անցած ուղին` մինչև ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ