13/02/2026

Թրամփը «հակված է թիրախային հարվածների միջոցով կրոնապետությունն արագորեն փլուզելու տարբերակին»

Ես չգիտեմ, թե իր երկիրը նրան ինչպես կընդունի, բայց եթե ընդունի, մենք խնդիր չենք ունենա: Turkiye պարբերականի փոխանցմամբ Սպիտակ տանը հունվարի 14-ին անցկացված մամուլի ասուլիսի Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավիի մասին այսպես է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ նրա հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը «գաղտնի հանդիպում է ունեցել» Ռեզա Փահլավիի հետ:

Հունվարի 15-ին թուրքական և իսրայելական լրատվամիջոցները տարածել են Փահլավիի սոցցանցանցային գրառումը, որտեղ նա հավաստիացնում է, որ կրոնապետության փլուզման և աշխարհիկ կառավարության ձևավորման հենց «առաջին օրը Իրանը կճանաչի Իսրայելի պետությունը, և կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, կընդլայնվի «Աբրահամյան համաձայնությունների» շրջանակը»:

Այդ դեպքում, ինչպես ձևակերպել է Իրանի թագաժառանգը, «կփոխվի ամբողջ տարածաշրջանը»: Նա խոստանում է նաև դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, վերջ տալ թմրանյութերի և զենքերի շրջանառությանը, միանալ «ահաբեկչության և ծայրահեղականության դեմ միջազգային պայքարին»:

Ակնհայտ է, որ Ռեզա Փահլավիի սոցցանցային գրառման առաջին հասցեատերն Իսրայելի վարչապետ Նաթանյահուն է, ով կարող է Իրանում հարցով ԱՄՆ նախագահի որոշումների վրա ազդեցություն ունենալ:

Reuters-ը հայտնել է, որ Սպիտակ տանն անցկացված խորհրդակցության արդյունքներով «անվտանգության պատասխանատուներն Իրանի դեմ թիրախային հարվածների արդյունավետությունը չեն երաշխավորել»:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թրամփը «հակված է թիրախային հարվածների միջոցով կրոնապետությունն արագորեն փլուզելու տարբերակին»:

Ի՞նչ ընթացք կստանան իրադարձությունները, պարզ կլինի, երևի, մոտակա մի քանի օրերին: Խիստ ուշագրավ է, որ թուրքական և ադրբեջանական մամուլում լրջորեն քննարկվում է Ռեզա Փահլավիի «ոչ լեգետիմության» հարցը: Հատկապես ակտիվ են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը:

Նրանք պնդում են, որ Իրանում 1925թ.-ին «տեղի է ունեցել պետական հեղաշրջում, ուստի Ղաջարական արքայատոհմը պահպանում է լեգիտիմությունը»: Վերջին օրերին ադրբեջանական մի քանի ոչ այնքան հայտնի լրատվամիջոցներ հրապարակել են «Իրանի գահի օրինական ժառանգորդ» Բաբեկ Միրզա խանի լուսանկարը: Նա նույնպես բնակվում է ԱՄՆ-ում:

Իրանում ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ադրբեջանական սոցցանցանցային տիրույթում քննարկվում է «Հարավային Ադրբեջանի խնդիրը»: Պատմաբան և ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլնին, մասնավորապես, ծավալուն անդրադարձ է կատարել Թավրիզում 1946թ.-ին հռչակված «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության» թեմային և ընդհանրացրել, որ «նույնիսկ խորհրդային այդ նախագիծը չէր ենթադրում ադրբեջանաբնակ տարածքների անջատում, նպատակը միասնական պետության կազմում էթնիկ-մշակութային ինքնավարությունն էր»:

Բաքվում, կարծես, ցանկալի են տեսնում իրանական ճգնաժամի հանգուցալուծման այն տարբերակը, որը նախագահ Մասուդ Փեզեշքիանին կօժտի իրական իշխանական լիազորություններով, իսկ վերջինս, լինելով էթնիկ ադրբեջանի, որևէ բարեփոխմամբ կկարգավորի երկրի հյուսիսային-ադրբեջանաբնակ տարածքների «ինքնավարության» հարցը:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին «իրավահաջորդների ցուցակը համալրել է և թեկնածու ճանաչել նաև նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիին»: Նա նույնպես «բարեփոխական գործչի» համարում ունի:

Բացառված չէ, որ անձնական ապահովության երաշխիքների դիմաց Ալի Խամենեին թողնի իշխանությունը: