12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Էրդողանի «տարածաշրջանային ՆԱՏՕ-ն» մարտահրավեր կլինի նաև Հայաստանի համար

Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռազա Հայաթ Խարաջը Reyters-ին հարցազրույցում հաստատել է, որ իր երկիրը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ շուրջ մեկ տարի է, բանակցում է եռակողմ «անվտանգային համաձայնագիր ստորագրելու» հարցի շուրջ:

Պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այդ հարցազրույցի էական դիտարկումները փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականը:

Խարաջը մասնավորեցրել է, որ «համաձայնագրի նախագիծը գտնվում է և Թուրքիայում, և Սաուդյան Արաբիայում», կողմերը «տասը ամիս շարունակ աշխատել են նախագծի մշակման վրա, այն ներկայումս վերջնական նախապատրաստման փուլում է»:

Պակիստանցի պաշտոնյան նման համաձայնագրի ստորագրումը հիմնավորել է «տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակներին կանխավ հակազդելու, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի միասնական ծրագիր ունենալու անհրաժեշտությամբ»:

Նույն օրը Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ «անվտանգային եռակողմ համաձայնագիր ստորագրելու նպատակադրվածության» մասին հարցին Ստամբուլում անցկացված մամուլի ասուլին լրագրողները հարցրել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:

Վերջինս բանակցությունների մասին մամուլի հրապարակումները չի հերքել, բայց վերջնական համաձայնությանը պայմանավորել է «տարածաշրջանային ավելի լայն ներառնականության ապահովման» հանգամանքով:

Հասկացվում է, որ Թուրքիային «անվտանգային համաձայնագրի» եռակողմ ձևաչափը չի բավարարում: Անկարան, ամենայն հավանականությամբ, ձգտում է այդ «ռազմաքաղաքական պակտին» նաև այլ երկրներ ներգրավել, բայց առայժմ հավանական թեկնածուների մասին բացահայտումներ չի անում:

Վերջին մի քանի տարիներին, բայց հատկապես քառասունչորսօյա պատերազմից հետո Բաքվի մամուլում հետեւողականորեն արծարծվել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմական համագործակցության ինստիտուցիոնալացման անհրաժեշտության թեման:

Պակիստանը այդ ոլորտում համագործակցության պայմանագիր ունի թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ:Անցած երկու-երեք տարիներին Ադրբեջանը բավական ակտիվ շփումներ է հաստատել Արաբական միացյալ էմիրությունների, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի հետ, անցյալ տարեվերջին արտաքին գործերի նախարար Բայրամովն այցելել է Օման:

Հավանական է, «անվտանգային դաշինքի տարածաշրջանային ավելի լայն ներառնականություն ապահովելու» մասին Թուրքիայի արտգործնախարարի դիտարկումը վերաբերում է Ադրբեջանին և Պարսից ծոցի արաբական այլ երկրների:

Նման ենթադրության համար կարելի է հիմք ընդունել իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» հրապարակումներից մեկը, որտեղ Թուրքիային հասցեագրվում է «Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ ձևավորելու լուրջ մտադրություն», մի ծրագիր, որ Երուսաղեմում գնահատվում է «հրեական պետությանը սպառնալիք»:

Դիտարժան է, որ Թուրքիան իր հերթին Իսրայելին մեղադրում է Հունաստանի և Կիպրոսի հետ «հակաթուրքական ռազմական բլոկ ստեղծելու» մեջ: Բաքվի բաց աղբյուրները Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա «անվտանգային դաշինքի» թեման չեն արծարծում:

Բայց դա միայն խորացնում է տպավորությունը, որ Թուրքիան կցանկանար, որ Ադրբեջանի «ներառնարկանությունն ապահովվեր»: Ֆիդանը «լայն ներառնարնականության» մասին դիտարկումը ներկայացրել է որպես նախագահ Էրդողանի «պատկերացում»:

Ըստ երևույթին, այդ հարցում տարաձայնությունը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև է: Եթե Էրդողանին հաջողվի Ադրբեջանին ներառնել «անվտանգային համաձայնագրում», ապա Հարավային Կովկասում ուժերի բոլորովին այլ հարաբերակցություն կստեղծվի:

Բայց Իլհամ Ալիևը նման խիստ պատասխանատու առաքելության պատրաստ կլինի՞: Էրդողանի «տարածաշրջանային ՆԱՏՕ-ն» մարտահրավեր կլինի ոչ միայն Իսրայելի և Հունաստանի, այլ առաջին հերթին Պակիստանի հետ փաստացի պատերազման իրավիճակում գտնվող Հնդկաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար: