20/02/2026

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները

Arshak srbazan

Արսեն Բաբայանը հրապարակել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները և դրանց հայերեն քաղվածքները։

Նրա խոսքով՝ փորձաքննության շրջանակում փաստացի ուսումնասիրվել է միայն մեկ հարց՝ տեսանյութում պատկերված անձը արդյոք Արշակ Սրբազանն է, թե՞ ոչ։ Փաստաբանը նշել է, որ չեն փորձել պարզել ամենակարևոր հանգամանքը՝ արդյոք տեսանյութը համապատասխանում է իրականությանը կամ հնարավոր է՝ այն կեղծված է։ Նրա գնահատմամբ՝ պաշտպանական կողմը երբեք չի պնդել, թե տեսանյութում պատկերված անձը ֆիզիկապես չի նմանվում Արշակ Սրբազանին, այլ շեշտը դրել է բովանդակության կեղծ լինելու վրա՝ հատկապես հաշվի առնելով արհեստական բանականության միջոցով ստեղծվող նմանատիպ տեսանյութերի լայն տարածումը։

Բաբայանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քննչական կոմիտեի փորձագետը չի տալիս հստակ եզրակացություն՝ նշելով, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը «հավանաբար» նույն անձն են։ Սակայն, ըստ փաստաբանի, իրավապահ մարմինը իր հաղորդագրություններում մշտապես շրջանցում է այդ «հավանաբար» բառը։

Փաստաբանը շեշտել է, որ ներկայացված նյութը ինքը փորձաքննություն չի համարում։ Նա ներկայացրել է նաև մեկ էջից բաղկացած փաստաթուղթ, որի կեսը, ըստ նրա, զբաղեցնում է պարզապես մեկ լուսանկար։ Բաբայանի խոսքով՝ մեթոդաբանությունն էլ ծայրահեղ պարզեցված է եղել․ տեսագրությունից վերցվել է մեկ կադր, համացանցից՝ Արշակ Սրբազանի լուսանկար, և դրանց միջև արվել են արտաքին նմանությունների համեմատություններ՝ քթի, ճակատի, մազածածկի և ակնոցի առկայության հիման վրա։

Բաբայանի համոզմամբ՝ մինչ օրս չի տրվել ամենաէական հարցը՝ արդյոք տվյալ տեսագրությունը կեղծված է, թե՞ ոչ, ինչը, նրա կարծիքով, պետք է լիներ փորձաքննության առանցքում։

Չի հաստատվել, որ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձինք են