2026 թվականին Երեւանի առաջ ծառացած կլինի երեք հիմնական խնդիր՝ հարաբերությունների զարգացում ռեգիոնալ հարեւանների հետ՝ Ադրբեջան եւ Թուրքիա, հարաբերությունների էվոլյուցիա արտառեգիոնալ ուժային կենտրոնների հետ, նախեւառաջ՝ ԵՄ-ի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ՝ ներքաղաքական լարվածություն, որը կապված է կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ՝ գրում է Պաոլո Պերոլոն eastjournal-ում։
Անցյալ տարվա օգոստոսին ստորագրված վաշինգտոնյան հռչակագրի իրականացումը կախված է ավելի շատ Բաքվից, քան՝ Երեւանից։ Հայաստանի կառավարությունն իր կողմից անում է ամեն հնարավորը, որպեսզի նպաստի Ադրբեջանի հետ խաղաղությանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը։ Ռիսկն այն է, որ երկիրը կարող է հայտնվել մշտական լարվածության վիճակում, հատկապես՝ մի իրավիճակում, երբ աշխարհում սկսել է գործել միայն մեկ կանոն՝ ուժի կանոնը։
Փաշինյանը դա հասկանում է, եւ խնդիրն այն է, որ դա հասկանում է նաեւ Ալիեւը։ Ադրբեջանի նախագահը շարունակում է Թրամփի ուղին անվանել զանգեզուրյան միջանցք, որը ենթադրում է հայկական տարածքի նկատմամբ ադրբեջանական ինքնիշխանության ընդլայնում՝ հանուն Նախիջեւանի ինքնավարության՝ Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապակցման։ Բացի այդ, Ադրբեջանն ավելի ու ավելի է մեծացնում իր ռազմական բյուջեն եւ հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման դեմ՝ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Սակայն, ըստ Բաքվի, այդ պայմանագրի ստորագրման համար նախապայման պետք է լինի Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացումը, ինչը կարճաժամկետ հեռանկարում անհնար է։ Ադրբեջանական կողմը պահանջում է Սահմանադրության նախաբանի փոփոխություն, որը սովորաբար չի կարող փոփոխվել սովորական ընթացակարգով եւ պահանջում է նոր սահմանադրության ընդունում։ Օրինաչափ հարց է առաջանում․ իսկ իրո՞ք Ադրբեջանը հետաքրքրված է խաղաղությամբ, հատկապես որ Ալիեւը մշտապես հայտարարում է, թե Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է, ինչն ինքնին վկայում է հակառակի մասին։ Երկրորդ կարեւոր ուղղությունն արտաքին ուժային կենտրոնների հետ հարաբերություններն են։ 26 թվականի մայիսին Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Սա նշանակալի իրադարձություն է։
Երեւանը դառնալու է Եվրոպայի ապագայի մասին քննարկումների կենտրոն, որին մասնակցելու է եվրոպացի 44 առաջնորդ։ Դա վկայում է այն մասին, որ Հայաստանը սկսում է նախաձեռնողականություն ցուցաբերել Եվրոպայի հետ հարաբերություններում, սակայն դեռ պարզ չէ, թե դա ինչի է հանգեցնելու։ Որոշ հայ պաշտոնյաներ ակնհայտորեն խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը, սակայն պաշտոնապես անդամակցության հայտ չի ներկայացվել։ Զուգահեռաբար, Երեւանը մտադիր չէ հրաժարվել Եվրասիական տնտեսական միությունից, իսկ անցյալ տարվա հուլիսին հայտ է ներկայացրել՝ անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Այդ կազմակերպությանն անդամակցության հարցում որոշում են կայացնում Պեկինն ու Մոսկվան։ Այսպիսով, Հայաստանը փորձում է իրականացնել պրագմատիկ եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Ունենալով 2008-ի Վրաստանի փորձը՝ հասկանալի է, որ իմաստ չկա ուղղակի առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ, որը կայսրապետական տրամաբանությամբ Հարավային Կովկասը դիտարկում է իր առանձնահատուկ շահերի գոտին։ Հասկանալի է, որ ավելի լավ է դրանից խուսափել։ Կարեւոր սկզբունք է մնում դիվերսիֆիկացիան, սակայն ոչ Մոսկվայի բացառմամբ, որը պետք է պահպանվի որպես նշանակալի քաղաքական, տնտեսական եւ ռազմական գործընկեր։
Սա չի նշանակում, իհարկե, թե Հայաստանի իշխանությունները վստահում են Ռուսաստանին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Բրյուսելին՝ խնդրելով ամրապնդել երկրի կիբերանվտանգությունը եւ արտաքին ազդեցությունների հակազդման համակարգերը՝ հունիսին կայանալիք պառլամենտական ընտրությունների շեմին։ Այս ամենը շատ բանով կախված է նրանից, թե ինչ արդյունքներ են լինելու հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Արտաքին քաղաքականության ոլորտում վարչապետի դիրքերը՝ քաղաքական ընդդիմության կողմից բացահայտորեն որակվում են որպես դավաճանական։ Հանրային կարծիքն էլ քննադատորեն է տրամադրված։ Միայն ընտրողների 11 տոկոսն է հայտարարում, որ եթե ընտրություններն այսօր կայանային, կընտրեին Փաշինյանի ՔՊ կուսակցությանը։ Սակայն ընդդիմադիր ուժերն էլ, որոնք ղեկավարում են Քոչարյանն ու Սարգսյանը՝ որպես քաղաքական ծանրքաշայիններ, գտնվում են ոչ այնքան լավ վիճակում։ Սա կարող է տարածք բացել «երրորդ ֆիգուրների» համար, ինչպես դա եղավ հենց Փաշինյանի պարագայում՝ 18 թվականին։ Հնարավոր է նաեւ, որ նախընտրական արշավը կենտրոնանա արտաքին քաղաքականության հարցերի վրա։ Փաշինյանի կուսակցությունը կփորձի իրեն ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն, հակառակ բոլոր նրանց, որոնց կհայտարարի երկիրը պատերազմի տանողներ, եւ պաշտպանելու է իր պրագմատիկ բալանսավորված արտաքին քաղաքականության գիծը։
Հանրային կարծիքն այս առումով պառակտված է։ Հայաստանցիների 47 տոկոսն աջակցում է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ 40 տոկոսը դեմ է դրան։ Համարյա բոլոր քաղաքացիները, սակայն, պահանջում են, որ պայմանագրի տեքստը հրապարակվի նախքան ստորագրումը, ինչին Փաշինյանը պատրաստ չէ գնալ՝ ակնարկելով, որ կա անհրաժեշտություն՝ գնալու ցավոտ զիջումների։ Եթե մեկ տարի առաջ ԵՄ անդամակցությանը կողմ էր Հայաստանի բնակչության 51 տոկոսը, ապա հիմա այդ թիվը չի գերազանցում 40 տոկոսը։ Մինչդեռ 60 տոկոսը կողմ է, որ Ռուսաստանը ներգրավվի Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Առայժմ դրանք դեռ թվեր են, որոնք պետք է դիտարկել չափազանց մասնատված կուսակցական համակարգի կոնտեքստում, ինչը կարող է ձեռնտու դառնալ ՔՊ-ին՝ հաշվի առնելով խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշների ցածր վիճակը։ Խաղաղության եւ պատերազմի միջեւ ընտրություն կատարելու՝ ընտրողներին ուղղված հարցը կարող է Փաշինյանին հաղթանակ բերել։ Հաջողության դեպքում Փաշինյանը կարող է ապահովել աննախադեպ քաղաքական կայունություն Հայաստանի համար, ինչը կարող է ապահովել, որ խաղաղությունն առաջ մղվի։

Բաց մի թողեք
Հայացք ԵՄ-ից․ Թրամփը ստեղծում է իր «Խաղաղության խորհուրդը», քանի որ ԱՄՆ – Իրան լարվածությունը սրվում է
Շարունակում ենք աջակցել ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին. Շվեդիայի ԱԳ նախարար
Ֆրանսիան գլխավորում է հանձնակատար Շուիցայի Խաղաղության խորհրդի ուղևորության դեմ ուղղված քննադատությունը