Փետրվարի 18-ին, ժամը 16։00-ին Աջափնյակում կրակոցներ են եղել, ինչի հետեւանքով կան մեկ զոհ եւ վիրավորներ։
«Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել 7 անձ, որոնցից մեկը մահացել է։ Վերջինս 45-ամյա երգիչ Արսեն Վարդանյանն է։ Ինչ վերաբերում է հրազենային կրակոցներից վիրավորված անձանց, ապա նրանք տարբեր տարիքի են, ամենաերիտասարդը 18 տարեկան է։
Տուժած անձինք են․ Երեւանի բնակիչներ՝ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երեւանի բնակիչներ՝ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը եւ 41-ամյա Գագիկ Սարգսյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Գրել էինք, որ կոնֆլիկտը սկսվել է Ա. Վարդանյանին սպանած անձի եւ մյուս կողմից մեկ անձի միջեւ` աղջկա հետ շփվելու պատճառով։ Վեճի առարկան եղել է այն, թե իրենցից ով պետք է շփվի կռվախնձոր դարձած աղջկա հետ, եւ վեճն ավարտվել է զինված հարձակմամբ։ Մենք հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, այս քրեական գործով քանի անձի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, ինչ խափանման միջոցներ են կիրառվել։
Գլխավոր դատախազությունից, մեր հարցերին ի պատասխան, տեղեկացրին․ «2026 թվականի փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 17 անձի նկատմամբ: 2 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, որից մեկով հայտարարված է հետախուզում:
7 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված այլ խափանման միջոցներով, 5 անձի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, 3 անձի վերաբերյալ քննարկվում է խափանման միջոց ընտրելու հարցը»։
Ի դեպ, Արսեն Վարդանյանին սպանողը դեռեւս չի հայտնաբերվել։

Բաց մի թողեք
Առեղծվածային մահվան դեպք` Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
Օտարերկրացին հայտնել է, որ «Շառլոտ» ակումբի տնօրենն առաջարկել է գումարի դիմաց uեռական հարաբերություններ ունենալ
Արմավիրում բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել․ նաև կին է ձերբակալվել