Իրանի տարածքից Նախիջևանի օդանավականը «ԱԹՍ-երի հարձակման ենթարկվելու» մասին տեղեկությունը Բաքվի իշխանական լրատվամիջոցները հայտնել են մարտի 5-ի ժամը 12:23-ին:
Ընդ որում, minval-ը ներկայացրել է, որ իրանական ԱԹՍ-ն «Նախիջևանի օդանավակայանի տարածքում վայր է ընկել»:
Նույն լրատվամիջոցը ժամը 11:36-ին ընդարձակ հրապարակում է արել և տեղեկացրել, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի ադրբեջանական «սեգմենտում կեղծ տեսանյութեր են տեղադրվում, որ, իբր, պատկերում են Ադրբեջանում Իսրայելի ռազմահենակայանները»:
Իշխանական լրատվամիջոցը մեկնաբանելություն է ստացել իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովից: Նա սոցցանցային նյութերը «պատվիրված են այն ուժերի կողմից, որ ձգտում են Ադրբեջանը հակադրել Իրանին»: Նրա գնահատմամբ, «փաստացի այդպես կարող են վարվել Իրանի թշնամիները՝ Իրանին մղել Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլերի, որպեսզի Ադրբեջանը միանա Իրանի թշնամիներին»:
Պետք է նկատի ունենալ, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Բաքվում Իրանի դեսպանատուն: Այդ առթիվ նկատել էինք, որ նա ցավակցություն է հայտնել ոչ միայն Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի, այլև «բազմաթիվ քաղաքացիների զոհվելու» առթիվ:
Ընդ որում, ընդգծել էինք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը Ալիևի կողմից ԻԻՀ դեսպանատան ցավակցությունների մատյանում արված գրառման բովանդակությունը չի հրապարակայնացրել:
Չնայած դրան Իրանի «բազմաթիվ քաղաքացիների զոհվելու» առթիվ ցավակցությունը դիվանագիտական ժեստի իմաստով նշանակում է, որ Ալիևը ընթացող ռազմագործողությունները որակել է որպես «ռազմական ագրեսիա»:
Ըստ երևույթին, այդ կապակցությամբ նա «որևէ կենտրոնից» բացասական ընկալման ազդակ է ստացել: Մարտի 4-ի երեկոյան նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը ֆեյսբուքի անհատական օգտահաշվում «Երևանում ԱՄՆ դեսպանատունը կդառնա՞ Իրանի թիրախ» սադրիչ «քննարկում» է ծավալել:
Հաջորդ օրը պատգամավոր Մուսաբեկովը, նախ քան կտարածվեր Նախիջևանի օդանավակայանը «Իրանից հարձակման ենթարկվելու» տեղեկությունը, կանխատեսում է արել, որ «Իրանի թշնամիները ձգտում են Ադրբեջանը ներգրավել իրենց շարքերը»:
Նախիջևանի միջադեպի առթիվ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանատվությունը միանշանակորեն հասցեագրվում է Իրանին:
Բաքուն Թեհրանից պահանջել է անհապաղ պարզություն մտցնել և ամեն ինչ անել, որպեսզի ապագայում նման դեպք տեղի չունենա: Հակառակ դեպքում Ադրբեջանը իրեն «իրավունք է վերապահում դիմել պատասխան գործողությունների»:
Ավելի վաղ Gazetchi ոչ այնքան հայտնի կայքը տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանը Իրանի հետ «սահմանին զորքեր է կուտակում»: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման օրը մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ «արբանյակները Գյանջայի ռազմական օդանավակայանը ենթարկել են դետալային տեսանկարահանման, իսկ ադրբեջանական օդուժը Իրանի հետ սահմանին հետախուզական թռիչքներ է իրականացնում»:
Առայժմ շատ բարդ է կողմնորոշվել՝ Իրանի «թշնամիները ձգտում են Ադրբեջանին ներգրավել իրենց շարքե՞րը», թե «այդ շարքերին մասնակցությունը հիմնավորելու համար Բաքուն կազուս-բելի՞ է ստեղծում»:

Բաց մի թողեք
ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները «իջել են զրոյական մակարդակի»
Ռուսաստանը «կանդամակցի՞» Թուրքական պետությունների կազմակերպությանը
Հարստացված ուրանի պաշարները Միացյալ Նահանգներին հանձնելու Իրանի «պատրաստակամության» մասին