10/06/2026

EU – Armenia

Մահապատժի ենթարկված գեներալ Քաանին «Իլհամ Ալիևի գործակալն է, Ալիևը՝ «Մոսադի»

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Օմեր Ֆարուխ Գերգերլիօղլուն խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Թուրք պատգամավորը նրան «խորհուրդ է տվել» մեծ քաղաքականությանը միջամտելուց առաջ «զբաղվել իր ընտանիքի և կոռուպցիոն սկանդալների հարցերով»:

Գերգերլիօղլուն Ալիևին մեղադրել է Նախիջևանի օդանավակայանի միջադեպի կապակցությամբ «երրորդ երկրի շահեր սպասարկելու» և այդ կերպ «տարածաշրջանում լարվածության աճի սպառնալիք ստեղծելու» մեջ:

Իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիեւն իր հերթին սուր քննադատության է ենթարկել թուրքական Turkuvaz Media Group ընկերության նախագահ Բերաթ Ալբայրակին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է:

Ադրբեջանցի խորհրդարանականը նրան մեղադրել է Թուրքիայի խորհրդարանում «մի քանի հակաադրբեջանական պատգամավորների ելույթները մեդիատիրույթում տարածելու և այդպիսով երկրի հանրային կարծիքը Ադրբեջանի դեմ տրամադրելու քաղաքականություն վարելու մեջ»:

Թուրք և ադրբեջանցի խորհրդարանականների միջև հեռակա բանավեճը հրապարակայնացվել է մի փուլում, երբ Ստամբուլում գումարվում է Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով:

Ենթադրվում է, որ օրակարգային է լինելու Իրանում և նրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՔՊԿ պետությունների դիրքորոշման հարցը: Եթե Գերգերօղլու-Գուլիև բանավեճը «բեմադրություն» չէ, ապա տպավորություն է ստեղծվում, որ Իրանի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումները «միշտ չէ և ամեն առումով չէ, որ համընկնում» են:

Այս ֆոնին իսրայելական մի շարք սոցցանցային սենսացիոն տեղեկություն են հայտնել, որ ԻՀՊԿ էլիտար «Ղուդս» զորամիավորման հրամանատար գեներալ Էսամյիլ Քաանին «գտնվում է Իսրայելում, նրան ոչ մի վտանգ չի սպառնում»:

Ավելի վաղ միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ հայտնել են, որ Քաանին «այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը մատնել է իսրայելական «Մոսադին», այդ կասկածանքով ձերբակալվել և մահապատժի ենթարկվել»:

Քաանիի Իսրայելում գտնվելու մասին տեղեկությունը, հնարավոր է, իսրայելական հատուկ ծառայությունների կողմից է շրջանառության դրվել: Տրամաբանական է թվում, որ այդ հարցում Իրանը առաջին հերթին պետք է կասկածի Ադրբեջանին:

Տարածաշրջանի միակ երկիրը, որ Իսրայելի հետ հատուկ ծառայությունների միջև շատ սերտ համագործակցություն ունի, Ադրբեջանն է, որի տարածքում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանին, «Մոսադի» հենակետերի առկայության մասին տեղեկությունները տարածվել և տարածվում են պարբերաբար:

Չի բացառված, որ Նախիջեւանի օդանավակայանի դեմ Իրանի կամ, ավելի ճիշտ՝ ԻՀՊԿ դրոնային հարձակումը կապ ունի գեներալ Քաանիի «փախուստի հետ»: Հավանական է, փորձ է արվել խոչընդոտել կամ պարզապես իրականացնել «վրեժխնդրության ակցիա»:

Իսրայելական աղբյուրները Քաանիի Իսրայելու «գտնվելու» տեղեկությունը տարածել են Նախիջևանի օդանավակայանի միջադեպից երկու օր հետո: Ընդ որում, դա հաջորդել է տարածաշրջանի երկներին այլևս հրթիռային հարված չհասցնելու մասին Իրանի նախագահի հավաստիացմանը, որ, գուցե, Ադրբեջանի հետ լարվածությունը թուլացնելու «մեկնակետ կարող էր լինել»:

Եթե իսրայելական աղբյուրների տեղեկությունը հավաստի է, ապա Իրանում, հավանաբար, ընկալումն այն է լինելու, որ գեներալ Քաանին «Իլհամ Ալիևի գործակալն է, Ալիևը՝ «Մոսադի»»: