10/03/2026

EU – Armenia

Հայաստանի ազգային ինքնության վերահաստատման և վասալականությանը վերադարձի միջև ընտրություն

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի լրատվամիջոցերից մեկին հարցազրույցը ոչ իշխանական շրջանակներից մի քանի, ընդ որում՝ շատ լուրջ, մարդիկ ներկայացրել են այնպես, որ «միութենական պետությանը Հայաստանի մաս կազմելու քարոզչությունը նախընտրական այս շրջանում ծառայում է Նիկոլ Փաշինյանի շահերին»:

Այդպիսով ակնարկվում է, որ Բալասանյանը Հայաստանի տեղեկատվա-քարոզչական տիրույթում «ներդրվել է իշխանությունների կողմից»:

Այս վարկածը, երեւի, նպատակ ունի Վիտալի Բալասանյանին ներկայացնել որպես «ծպտյալ նիկոլականի»: Թե այդ նարատիվին ինչպե՞ս կարձագանքի Բալասանյանը կամ կարձագանքի՞ առհասարակ, իր և իշխանությունների խնդիրն է:

Ուշագրավն այն է, որ ոչ իշխանական շրջանակները, Բալասանյանին աֆիլացնելով Նիկոլ Փաշինյանի հետ, կամա, թե ակամա ընդունում են, որ «միութենական պետությանը Հայաստանի անդամակցությունը» հանրայնորեն, մեղմ ասած, պահանջված չէ, և այդ մասին ով բարձրաձայնում է, «նպաստում է Փաշինյանի քարոզչությանը»:

Բայց Վիտալի Բալասանյանը «միութենական պետությանը Հայաստանի անդամակցությունը» դիտարկել է գլոբալ-աշխարհաքաղաքականության համատեքստում:

Նա անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ ձեռք բերված համաձայնությունները, ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրը համարել է «թղթի կտոր», իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում-սահմանազատումը՝ «ոչ օրինական»:

Բալասանյանը ներկայացրել է այնպես, որ «աշխարհի քարտեզը գծված է, երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը տեղ չունի այնտեղ»: Նա պարզորոշ հայտարարել է, որ զորակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին:

Բալասանյանի այս սկզբունքային –հայեցակարգային նշանակության դիտարկումները, մանավանդ «աշխարհի քարտեզը գծած լինելու» մասին նրա պնդումը վկայում են, որ գործ ունենք ԱՄՆ-Ռուսաստան «գաղտնի պայմանավորվածությունների տեսության» հետ, որի համաձայն «Դոնալդ Թրամփը հետխորհրդային տարածքը ճանաչել է Ռուսաստանի բացարձակ հսկողության գոտի»:

Հայաստանի հանրությանը, այդպիսով, ներշնչվում է, որ «ինքնիշխանության մասին խոսք չի կարող լինել, մոտ ապագայում աշխարհի բաժանման քարտեզը գետնի վրա կիրառվելու է, այդ իրավիճակում Կովկասը նայելու է դեպի հյուսիս»:

Այս համատեքստում Բալասանյանի խոսույթի վտանգավորությունը ոչ այնքան «միութենական պետությանը Հայաստանի անդամակցության» քարոզչությունն է, որքան այն, որ նա դա ներկայացնում է «իբրև անխուսափելի-ճակատագրապաշտական անհրաժեշտություն» և բացատրում, որ «երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը չի կարող ինքնիշխան լինել»:

Հունիսի 7-ի խորհուրդն, այսպիսով, Հայաստանի ազգային ինքնության վերահաստատման և վասալականությանը վերադարձի միջև ընտրությունն է: Այստեղ Բալասանյանի հասցեին սոցցանցային վերագրումները լավ խորհրդատու չեն: Հարկ է հիմնավոր փաստարկներով ցրել այդ «սև մոգությունը»: