25/03/2026

EU – Armenia

Ժողովուրդն ընտրություն է կատարելու խաղաղության և հնարավոր պատերազմի միջև․ Սիմոնյան

«Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն ընտրություն է կատարելու խաղաղության և հնարավոր պատերազմի միջև»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Ես հասկանում եմ, որ այն ուժերին, որ հիմա դահլիճում են, այն ուժերին, որոնք ուզում են խորհրդարան մտնել, պատերազմ է պետք, պատերազմի մասին խոսակցություն է պետք, որպեսզի կարողանան դրա վրա քաղաքական բան կառուցել: Բայց հիմա պատերազմ չկա, խաղաղություն է։ Արդեն 2 տարի է՝ հակառակորդի կրակոցից սահմաններին մարդ չի զոհվել․ հիմա պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն է: Խորհրդային միության փլուզումից այս կողմ չի եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանն առևտուր անեն, չի եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երկու կողմից խոսեն խաղաղության մասին»:

ԱԺ նախագահի կարծիքով՝ պետք է վախենալ այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնելուց. «ՀՀ գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, խաղաղության կուսակցություն է, մնացածը՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները, պատերազմի կուսակցություններ են: Իրողությունը դա է: Եթե մարդիկ ասում են, որ պետք է պահանջ ներկայացնեն, դա կոչվում է պատերազմ»:

Ըստ նրա՝ Խորհրդային միությունը փլուզվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, թողել է չլուծված սահմանային հարցեր. «Մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք Հայաստանում, միշտ երազեք, որ ձեր տունը միայն այստեղ չէ, այնտեղ էլ է, մենք էլ ձեզ տիրություն կանենք: Նպատակն է, որ մենք միշտ կախված լինենք նրանցից: Այո՛, կա պատերազմի կուսակցություն, և կա խաղաղության կուսակցություն: Եվ, այո՛, 2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի մասին»: