20/05/2026

EU – Armenia

Վրաստանում թերևս սպառվել են Եվրամիությանը դիմակայելու հնարավորությունները

Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը, որ պատկանում է Black Sea Petroleum մասնավոր ընկերությունը,ամբողջովին հրաժարվել է ռուսաստանյան նավահումքի գնումներից:

Այդ մասին տեղական Business Media առցանանց լրատվամիջոցին տեղեկացրել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Դավիթ Փոցխվերիան: «Մենք ռուսաստանյան նավթն ամբողջովին փոխարինել ենք թուրքմենականով, հետո արդեն հումք կգնենք Ղազախստանից, դա մեզ թույլ կտա արտադրանքը արտահանել Եբրամիություն»,- ասել է Փոցխվերիան:

Վրաստանի նավթավերամշակման գործարանը գտնվում է Կուլևի նավահանգստի շրջանում, գործում է անցյալ տարվա դեկտեմբերից: Այդ ընթացքում ձեռնարկությունը Ռուսաստանից գնել է 102 հազար տոննա նավթ:

Վրացական ընդդիմությունը դեռևս անցյալ տարվա վերջին բողոքել է Եվրահանձնաժողովին և խնդրել «միջոցներ ձեռնարկել, որպեսզի վրացական նավթավերամշակման ձեռնարկությունը չշրջանցի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»:

Որքանով հասկացվում է, Եվրահանձնաժողովը Վրաստանի համապատասխան կառույցներին զգուշացրել է, որ Կուլևի նավթավերամշակման գործարանի արտադրանքը ԵՄ տարածք չի կարող արտահանվել, քանի որ հումքի աղբյուրը Ռուսաստանն է:

Դավիթ Փոցխվերիան մամուլին ասել է, որ ներկայումս քննարկվում է Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի տարանցման հարցը, որի դրական լուծումից անմիջապես հետո նավթավերամշակման ձեռնարկությունը «կաշխատի լրիվ ծավալով»:

Խոսքը առայժմ տարեկան մեկ միլիոն տոննա նավթահումքի վերամշակման մասին է: Ենթադրվում է, որ այդ ծավալները կհասնեն տարեկան «երեք-չորս միլիոն տոննայի»:

Վրացական ընկերությունը մտադիր է Եվրամիության երկրներ արտահանել դիզելային վառելիք, մազութ, իսկ ապագայում՝ նաև բենզին և աէրոկերոսին: Թե տնտեսական ինչ շահ կունենա վրացական նավթավերամշակման ձեռնարկությունը, տարիների, գուցե թե՝ տասնամյակների հարց է:

Առարկայական է, որ Վրաստանի կառավարությունը Կուլևիի նավթավերամշակման գործարանի հարցում պահպանել է չեզոքություն: Փաստացի Վրաստանը մի կարևոր՝ նավթի վերամշակման, բնագավառում Ռուսաստանի հետ նախապես համաձայնեցված գործարքը խզել է, քանի որ այդպես է պահանջել Եվրամիությունը:

Առկա իրավիճակում, երբ Ռուսաստանի համար Եվրամիության էներգետիկ շուկաները գրեթե ամբողջովին փակ են, տարեկան շուրջ մեկ միլիոն տոննա նավթի երաշխավորված վաճառքի կորուստը շոշափելի տնտեսական խնդիր է:

Բայց ավելի լուրջ է գործարքի խզման քաղաքական հետեւանքը: Չնայած ռուս-վրացական հարաբերությունների բարդությանը, «Վրացական երազանքի» կառավարությունը վերջին տարիներին ոչ միայն պահպանել է Մոսկվայի հետ գործնական շփումները, այլև որոշակիորեն խորացրել:

Վրաստանում թերևս սպառվել են Եվրամիությանը դիմակայելու հնարավորությունները: