Մի խումբ հայ մտավորականներ մայիսի 16-ին հյուրընկալվել էին Մայր Աթոռում՝ Վեհափառի հետ հանդիպման: Նրանց թվում էր նաեւ պատերազմի հերոս Վարդան Ամալյանի հայրը՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։
Հրապարակը նրա հետ զրուցել է հանդիպման վերաբերյալ:
– Հանդիպել եք Վեհափառին․ հանդիպումն ո՞ւմ նախաձեռնությամբ էր:
– Հանդիպումը կազմակերպվել էր Վեհափառի կողքին լինելու, նրան տեսնելու համար: Հանդիպումը բոլորիս նախաձեռնությամբ եւ համաձայնությամբ տեղի ունեցավ, ուղղակի ադմինիստրատիվ մասը Ժիրայր Դադասյանն էր կազմակերպել:
– Ի՞նչը պատճառ դարձավ, որ որոշեցիք հանդիպել Վեհափառին, ի՞նչ հարցեր եք քննարկել:
– Մտերմության եւ երկրի փրկության հարցը, ուրիշ ոչ մի բան չեմ ասի, համենայնդեպս, քաղաքականություն չի քննարկվել: Այդ հարաբերության մեջ քաղաքականությունը շատ փոքր է՝ ազգային հարց լուծելը քաղաքականություն չէ:
– Այսինքն, զրույցի թեման այս իրավիճակից դուրս գալու լուծումներ փնտրելն ու առաջարկե՞լն է եղել:
– Իհարկե:
– Շուտով խորհրդարանական ընտրություններ են, ու որքան էլ ասեք, թե քաղաքականության հետ կապված հարց չեք քննարկել, մարդկանց մոտ հարցեր են առաջանալու այդ առնչությամբ:
– Միանշանակ, խաղաղ լուծումների մասին է խոսքը, եւ խուսափել բախումներից:
– Ընդդիմության, Եկեղեցու հետ կապված՝ դա հասկանալի է, բայց իշխանությունը, ինչպես շատ փորձագետներ են ասում, զգալով իր խոցելի վիճակը, կարող է տանել բախումների:
– Բախումների տանելու համար իշխանության խելքն իրենը չէ, հենց այսօր չտեսա՞ք, թե առավոտվանից ինչեր է ասել, արել, տեսնում եմ, վատանում եմ:
– Իսկ դրան դիմակայելու հնարավորություն կա՞: Քննարկե՞լ եք այդ սցենարները:
– Պատկերացնո՞ւմ եք` Վեհափառի հետ քննարկել, թե ինչպես դիմակայել, ենթադրենք, ագրեսիվ տրամադրված ամբոխին: Ավելի մարդկային արժեքներից ենք խոսել, իսկ այդ ամբոխի մասին Վեհափառի մոտ․․․ ափսոս էլ է այդ ժամանակը իրենց մասին խոսել:
– Ինչպե՞ս եք գնահատում այդ քննարկումը եւ ի՞նչ առանձնահատուկ հանգամանք կնշեք:
– Քննարկումը` հրաշալի: Վեհափառի ուժն իր անհատական, իր տղայական, իր մարդկային եւ հոգեւոր ուժն է:
– Այդ հանդիպմանը մասնակցող մտավորականների մեջ կայի՞ն ապաքաղաքական, տարբեր ընդդիմադիր ուժերի համակրող մտավորականներ, զրույցի ժամանակ նկատվեցի՞ն այդ դրսեւորումները:
– Ոչ մի դրսեւորում չկար: Առավել եւս՝ մշակույթի գործչի համար իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ:
– Գոյության, ապրելու իրավունքի՞ պայքար է:
– Այո, պետության գոյության, նաեւ՝ ազգային արժեքների:


Բաց մի թողեք
2018-ին Բագրատ սրբազանին առաջարկել էին ընդգրկվել իրենց ցուցակում
«Ախրանիկները» բերանս փակեցին՝ տարան, մինչև Նիկոլի ելույթը չվերջացավ, ինձ բաց չթողեցին. Լուսանկար
«Վոլոդիկը քաշած ա». ևս մեկ միջադեպ Սպիտակում․ Լուսանկար