Իսրայելական Vesty ռուսալեզու կայքը, հղելով կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ վարչապետ Նաթանյահուի գլխավորությամբ նախօրեին կայացել է «պատերազմական կառավարության» նիստ, որը կշարունակվի նաև մայիսի 18 -ին՝ «մինչև ուշ երեկո»։
Երուսաղեմում քննարկվում է ինչպես Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման, այնպես էլ իրանա-ամերիկյան գործարքի կայացման տարբերակը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Թեհրանը արժանապատիվ բանակցություններ է վարում և երբեք բարեկեցությունը չի գերադասի ազգային արժանապատվությանը»։ Պակիստանի դիվանագիտական աղբյուրը Al -Jazera-ին հայտնել է, որ Իսլամաբադը Վաշինգտոնին է փոխանցել Թեհրանի «նորացված պատասխանը, որ բաղկացած է տասնչորս կետից»։
Իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա Reuters-ին փոխանցել է «բանակցող խմբի տպավորությունը», ըստ որի «միջուկային ծրագրի հարցում ամերիկյան կողմը ճկունություն է դրսևորում»։ Տեղեկություն կա, որ Վաշինգտոնը «համաձայն է, որ Իրանը խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր իրականացնի, բայց՝ խիստ վերահսկողության ներքո»։
Այլ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «կարող է ապասառեցնել արգելանքի տակ գտնվող իրանական ակտիվների քսանհինգ տոկոսը, ինչպես նաև թույլատրել իրանական նավթի միջազգային շուկա մուտքը»։
Այս տեղեկությունների ֆոնին իսրայելական լրատվամիջոցները Միացյալ Նահանգների նախագահի անհատական սոցցանցից արտատարածել են Մերձավոր Արևելքի քարտեզը, որտեղ կարմիր սլաքներիով նշված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներից Իրանի դեմ հարձակման ուղղությունները։
Պակիստանցի ինքնությունը չվկայակոչած մի դիվանգետ, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել Իրանը, եթե ԱՄՆ նախագահի համբերությունը սպառվի, Al- Jazera-ին պարզաբանել է, որ «կողմերը տրամադրված են դիվանագիտական մարաթոնի և պատրաստ են առավելապաշտական դիրքորոշումից փոխադարձաբար ետ կանգնել»։
Ի՞նչ զարգացումներ են սպասվում, բարդ է նույնիսկ ենթադրել։ Ռուսաստանի ՌԻԱ Նովոստի գործակալության խմբագրականի գնահատմամբ՝ «համաշխարհային խորքային կառավարությունը, որին մազ է կազմում Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, կարողացել է Դոնալդ Թրամփին ապակողմնորոշել և ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ, որից Կոնգերսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կշահեն»։
Հասկացվում է այնպես, որ իրանական «ճահճից պատվով դուրս գալու» համար ԱՄՆ նախագահը պետք է համագործակցի Վլադիմիր Պուտինի հետ։ Մայիսի 19-20-ին Պուտինը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանում։ Նրա օգնական Ուշակովը անոնսավորել է, որ կքննարկվեն երկու երկրների հարաբերություններում առկա «զգայուն հարցերը»։
Ըստ երևույթին, Դոնալդ Թրամփի Պեկին եռօրյա պետական այցը Մոսկվայում «զգայուն հարցեր է առաջացրել»։ Կարելի է վստահաբար ենթադրել, որ դրանից առնվազն մեկը Իրանի մասին է։

Բաց մի թողեք
Ո՞վ Թրամփին «կօգնի» հաղթել Իրանին
Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցները՝ ՌԴ կառավարման գործադիր համակարգում
Որն է Զուլֆուգարովի անհանգստության պատճառը Բաքվում