21/04/2026

EU – Armenia

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերադարձել են դաշնակցային գործընկերության մակարդակին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերադարձել են դաշնակցային գործընկերության մակարդակին: Ընդդիմադիր Ժողավրդական ճակատի «Ազադլըգ» պաշտոնաթերթը գրել է, որ «Ռոսատոմը» Ադրբեջանում ԱԷԿ կառուցելու պատվեր կստանա, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը «վերադառնում է Ռուսաստանի ազդեցության գոտի»: Դա միանգամայն օրինաչափ եզրահանգում է:

Բայց ռուս-ադրբեջանական դաշնակցային գործընկերության «վերբեռնումը» չափազանց ուշագրավ է մեկ այլ առումով: Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի առաջ Բաքվում ձերբակալվել, ապա տնային կալանքի է ենթարկվել նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևը, որ ադրբեջանական հանրությանը հայտնի է «Էնվերիչ» անվանումով: Նրան ներկայացվել է «այլ երկրի միջամտությամբ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և իշխանությունը յուրացնելու փորձի», ինչպես նաև՝ «պետական դավաճանության» մեղադրանք:

«Այլ երկրի» անունը պաշտոնապես չի հրապարակվել, բայց իշխանական քարոզչությունը ամիսներ շարունակ վկայակոչել է Մեհթիևի ռուսերեն լեզվով գրած նամակը, որով նաև «Կրեմլում իր վաղեմի բարեկամներից օգնություն է խնդրել»: Փաստացի Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին մեղադրել է Մեհթիևի միջոցով Բաքվում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ: Այդ գործով կալանավորվել է նաև ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, որին տրվել է «Մեհթիևի գործակալ» պիտակը:

Գրեթե ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական «վերբեռնման» համատեքստում Մեհթիևի գործը շարունակություն չի ունենա: Ի՞նչ քննարկումներ են նախորդել դաշնակցային գործընկերության վերականգնմանը, հայտնի չէ և հազիվ թե հայտնի դառնա: Բայց ակնհայտ է, որ Մեհթիևը Իլհամ Ալիևի հետ մրցակցությունիից դուրս է գալու որպես հաղթող:

Ալիեւը, հավանաբար, կգտնի Էնվերիչին «ներում շնորհելու» ձևը. Մեհթիևը ութսունութ տարեկան է: Բայց ի՞նչ ճակատագիր է սպասում նույն գործով կալանավորված Ալի Քերիմլիին, բարդ է ասել: Եթե Քերիմլիին դատեն որպես «Ռուսաստանի գործակալ», ապա կարող են բացահայտվել Հեյդար Ալիևի քաղաքական վերածննդի հետ կապված գաղտնիքներ, որ Իլհամ Ալիևին ձեռնտու չեն: Իսկ եթե նա ազատ արձակվի, ապա Ադրբեջանում կարող է իշխանության ամրության խնդիր առաջանալ:

Ամեն դեպքում ավելի քան մեկամյա մրցակցությունից Իլհամ Ալիևը միայն կորցրել է: Դա ակնհայտ է և վկայում է, որ քանի կենդանի է Ռամիզ Մեհթիևը, Իլհամ Ալիևը Մոսկվայից կախվածությունը չի կարող հաղթահարել: 2003թ. ամռան իրադարձությունները, երբ Իլհամ Ալիևը սահմանադրության կոպիտ խախտումով վարչապետ է նշանակվել, կազմակերպել և անմիջապես կառավարել է Ռամիզ Մեհթիևը: Անշուշտ՝ Մոսկվայի և անձամբ Վլադիմիր Պուտինի գիտությամբ և ուղղորդմամբ: Այնպես որ՝ Գեյդարիչի նկատմամբ Էնվերիչի հաղթանակը լիովին օրինաչափ է: