27/04/2026

EU – Armenia

Զելենսկու այցի հետ կապված՝ Մոսկվայից Բաքու լուրջ ազդակ է հղվել

Ռուսաստանի պետական հեռուստատեսության «Վեստի» ծրագրի հեղինակ և վարող Պավել Զարուբինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին խնդրել է մեկնաբանել «Միացյալ Նահանգների իշխանությունների նկատմամբ Վլադիմիր Զելենսկու կոպիտ և հանդուգն պահվածքը», ինչին ի պատասխան Լավրովը ասել է, որ «միջազգային ասպարեզում Զելենսկու պահվածքը իրեն հիշեցնում է Կռիլովի «Փիղը և Մոսկան» առակը», ինչից ինքը «նույնպես զարմացած» է։..

Ուկրաինայի նախագահի հասցեին նման «բռի» արտահայտություն պաշտոնական Մոսկվան իրեն թույլ է տալիս, երևի, առաջին անգամ, ինչը լրագրողի հարցին բացարձակապես անհարիր է, Լավրովն, ընդհակառակը, պետք է ուրախ լինի ԱՄՆ նախագահի նկատմամբ Զելենսկու «կոպտությունից և հանդգնությունից» այն պատճառով, որ Թրամփի պատասխանը կարող է ավելի «կոպիտ և հանդուգն» լինել, իսկ նման իրավիճակը Ռուսաստանին ձեռնտու է բոլոր առումներով։

Տպավորություն է, որ Լավրովին ափերից հանել է նախորդ օրը Գաբալայում Ուկրաինայի նախագահի հայտարարությունը, թե ուկրաինական կարգավորման բանակցություններ կարող են անցկացվել Բաքվում։ Ադրբեջանի հետ սպառազինությունների համատեղ արտադրություն սկսելու մասին պայմանավորվածությունից հետո Զելենսկու այդ առաջարկությունն, իրոք, Ռուսաստանի հասցեին բացահայտ ծաղր է։

Պատերազմի առաջին ամիսներին ռուս-ուկրաինական ուղղակի բանակցություններ կազմակերպվել են Ստամբուլում, բայց դա արդեն «անցյալ-կորուսյալ» է։ Հետագա բոլոր քննարկումներում Ռուսաստանը նույնիսկ եվրոպական երկրների միջնորդությունն է մերժել՝ միակ հեղինակություն ընդունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Ուկրաինայի նախագահը միջնորդության և բանակցությունների հարթակի մասին Ռուսաստանի դիրքորոշմանը քաջածանոթ է, բայց թույլ է տվել «Վլադիմիր Պուտինին Բաքու հրավիրել»։

Ադրբեջանական իշխանամետ minval politika-ն Զելենսկու այցի, Իլհամ Ալիևի հետ փակ բանակցությունների մասին ծավալուն հրապարակում է արել, որտեղ մի քանի անգամ կրկնված է «ուկրաինա-ադրբեջանական համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմի շահերի դեմ» առկա իրավիճակին և մանավանդ Ուկրաինայի և Ադրբեջանի գործընկերության անոնսավորված հեռանկարին բացարձակապես անհարիր թեզը։ Կարելի է ենթադրել, որ Զելենսկու այցի հետ կապված՝ Մոսկվայից Բաքու լուրջ ազդակ է հղվել։

Խնդիր է, թե Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինից ի՞նչ ոճի և տոնայնության «դեպեշե» է ստացել։ Միջազգային ասպարեզում Զելենսկու այս պահի դրությամբ վերջին «հյուրախաղը» տեղի է ունեցել ադրբեջանական Գաբալայում՝ Իլհամ Ալիևի «նվագակցությամբ»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նրան անվանել է «Մոսկա՝ փղի դեմ հաչող շնիկ»։ Իսկ Լավրովի գնահատմամբ ո՞վ կամ «ի՞նչ» է Իլհամ Ալիևը։ «Մոսկան», ամեն դեպքում, «գամփռ-ընկեր» չի ունենում։