Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ցեղասպանության տարելիցի առթիվ Նյու Յորքի քաղաքապետի սոցցանցային գրառման առթիվ ֆեյսբուքի անձնական օգտահաշվում բավական ընդարձակ մեկնաբանություն է արել։
Հիմնական թեզն այն է, որ Փաշինյան-ընդդիմություն «հակասությունը կեղծ է, Հայաստանը ձգտում է հասնել Ադրբեջանի կողմից ՀԽՍՀ սահմաններում տարածքային ամբողջականության ճանաչմանը և սահմանազատմանը, որից հետո տարածքային պահանջները կշարունակվեն»։
Զուլֆուգարովը շնորհակալություն է հայտնել Նյու Յորքի քաղաքապետին, որ «հայերի գաղտնի ծրագրերը բացահայտել է» և հավաստիացրել, որ Ադրբեջանը «կշարունակի սատարել Զանգեզուրի և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» գաղափարին»։
Նյու Յորքի քաղաքապետի գրառման առթիվ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ։ Վստահաբար կարելի է ասել, որ այն, ինչ այնտեղ ասված չէ, պաշտոնական Բաքուն հնչեցրել է Զուլֆուգարովի միջոցով։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ են հրավիրվել Բելգիայի և Նիդեռլանդների դեսպանները՝ այդ երկրների խորհրդարաններում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների հետ կապված բողոքի նոտա ներկայացնելու համար, իսկ իշխանական minval politika-ն Եվրամիությանը մեղադրել է «երկակի ստանդներ կիրառելու և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չհարգելու» մեջ։
Ընդ որում, առանձնակի անհանդուրժողականություն բաժին է ընկել Ֆրանսիային՝ Փարիզում «Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովին» Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ապահովելու և նրանց հետ պաշտոնական հանդիպումներ կազմակերպելու համար։
Արցախ վերադարձի իրավունքի մասին երկու երկրի խորհրդարանի, Նյու Յորքի քաղաքապետի սոցցանցային գրառումը խնդրի նույնիսկ առարկայական քննարկմանը գործնականում ոչինչ չեն տալիս։ Ասել, թե Բաքվում դա չեն հասկանում և իրոք «խիստ անհանգստացած» են, քաղաքական անմեղսունակություն կլիներ։
Ադրբեջանի համար այդ հայտարարությունները բառիս բուն իմաստով «նվեր» են, որովհետև անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը «այն» չէ, ինչի համար Ալիևը ղարաբաղյան երկրորդ պատերազմ է սանձազերծել։
Խոսելով «Զանգեզուրի և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի գաղափարին սատարելու անհրաաժեշտության» մասին, Ադրբեջանի նախկին արտգործնախարարը շատ բացահայտ ասում է, թե իրականում ինչի համար էր երկրորդ պատերազմը։
Ալիևի այդ նկրտումները վաշինգտոնյան պայմանավորվածություններով արգելափակված են, բայց Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմն ինչպե՞ս կավարտվի, Մերձավոր Արևելքում ի՞նչ ստատուս-քվո կհաստատվի, ոչ ոք չգիտի։
Խնդիր է, թե Հայաստանի ներքաղաքական հարաբերակցությունը, խորհրդարանական ընտրությունների մրցապայքարը որքանո՞վ է աշխարհաքաղաքական իրավիճակին և հնարավոր դասավորումներին ադեկվատ։

Բաց մի թողեք
Բաքուն Մոսկվայից «որևէ անակնկալի զգուշավորություն այլևս չունի»
Զելենսկու այցի հետ կապված՝ Մոսկվայից Բաքու լուրջ ազդակ է հղվել
Պատերազմի վերսկսումն Իրանի դեմ անխուսափելի՞ է