08/05/2026

EU – Armenia

Այդ փոքրիկ շանտաժիստին պետություն են վստահել, ինձ ինչո՞ւ չպետք է վստահեն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը երեկ, կարելի է ասել, առաջին քաղաքական քննությունը հանձնեց՝ պատասխանելով երկու տասնյակից ավելի լրագրողների հարցերին։ Լրագրողներին նա հյուրընկալել էր իր առանձնատանը, քանի որ տնային կալանքում գտնվելով՝ իրավունք չունի լքել այդ տարածքը:

Հրապարակ թերթը գրել է․ Մոտ 3 ժամ պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ նա ցրեց մինչ օրս տարածված միֆը, թե բանավոր խոսքի հետ կապված խնդիրներ ունի: Ասուլիսն ուղիղ հեռարձակվում էր: Նա կատակում էր, անպատասխան չթողեց ամենասադրիչ հարցերն անգամ, մի շարք ուղերձներ հնչեցրեց։

Մենք հետաքրքրվեցինք հետընտրական զարգացումների մասին` ունե՞ն արդյոք պլան Բ, քանի որ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել, ինչո՞ւ են վստահ, որ այս անգամ փոխվելու է, ու հիմիկվանից ապագա վարչապետ են իրեն ներկայացնում։ Եթե իշխանություն չվերցնեն, վերցնելո՞ւ են պատգամավորական մանդատները, թե՞ համարելու են, որ ընտրությունները կեղծվել են, ու հետընտրական պայքար են սկսելու։

Կարապետյանը հաղթական դիրքերից չցանկացավ իջնել․ «Ընտրություններից հետո ես լինելու եմ վարչապետը… Այդ պլան Բ-ն ունի հայ ժողովուրդը, ես ի՞նչ պետք է անեմ մենակ։ Հաստատ, ժողովուրդն ունի բոլոր պլանները, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, ես վստահ եմ դրա մեջ։ Ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նաեւ Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա։ Դրա համար մենք հիմա անում ենք առաջին քայլը՝ գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով՝ թույլ չտալով ոչ մի ապօրինություն մեր կողմից։ Դուք տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր քայլերը, բայց դուք մի անհանգստացեք․ իրենք ուրիշ ձեւ չունեն՝ 25 տոկոս ռեյտինգ ունենալով՝ իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում»։

Հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե «Սամվել Կարապետյանի ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է»։ Պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում այն ունեցվածքը, որի մասին խոսում է։ Չկա այդպիսի մարդ, այդպիսի ուժ, որը կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկել»։ Նա խուսափեց հստակ պատասխանել ընդդիմության միավորման եւ Փաշինյանի խայծն ուտելով` նախկին-ներկա տարանջատում անելու մասին մի շարք հարցադրումներին, բացատրեց, թե քննարկումներ շատ ուժերի հետ են ունեցել, բայց նկատել են օրակարգերի որոշակի տարբերություններ, եւ հենց դրա համար էլ չի ստացվել:

Առավել ուշագրավ էր Կարապետյանի արտաքին քաղաքականության տեսլականը` Ռուսաստանի եւ ԵՄ-ի վերաբերյալ ունեցած դիրքորոշումները։ «Մեզ պետք են մեկից ավելի երաշխավորներ»։ Խաղաղության պայմանագրի եւ TRIPP-ի մասին ասաց․ «Մենք հասկանում ենք, որ այսպիսի խաղաղությունը հայ ազգին, հայ ժողովրդին չի բավարարելու, մենք փոքր պետություն ենք, թեկուզ՝ հպարտ, մեզ պետք են մեկից ավելի երաշխավորներ, աշխարհում շատ չեն այդ երաշխավորները, աշխարհում կա ռեալ 3 գերտերություն՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան: Կան տարածաշրջանային շահեր ունեցող պետություններ, մենք ունենալու ենք երաշխավորություն այդ պետություններից միաժամանակ՝ ում հետ կարող ենք պայմանավորվել, վստահ եմ՝ մեկից ավելի»: Ինչ վերաբերում է TRIPP-ին, նշեց՝ չեն չեղարկելու պետական մակարդակով ստորագրված ոչ մի փաստաթուղթ. «Դա չի նշանակում՝ մենք անելու ենք ցանկացած բան, ինչ գրված է այնտեղ, մենք փորձելու ենք լավարկել այդ փաստաթուղթը, ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դրանից օգտվում են բոլորը, բացի Հայաստանը»:

«Հայաստանի օկուպացված տարածքների համար պայքարելու ենք բանակցությունների միջոցով: Բայց Արցախ վերադարձնելու հնարավորություն, Փաշինյանն այնպես արեց, որ չունենք։ Մենք պետք է անենք այնպես, որ արցախցիներն այստեղ արժանապատիվ ապրեն»,- ասաց Սամվել Կարապետյանը: ԵՄ-ի մասով հստակ դիրքորոշում հայտնեց․ «Ոչ ոք Եվրոպայում մեզ չի սպասում, դուք չեք կարող ցույց տալ որեւէ երկիր, որը չունի սահման Եվրոպայի հետ եւ դարձել է ԵՄ անդամ։ Այդպիսի երկիր գոյություն չունի։ Այսինքն՝ մենք շարունակելու ենք երգել-պարել ԵՄ-ի հետ, բայց հենց դա խաթարեց բալանսը՝ տարածաշրջանային երկրի հետ, որովհետեւ մենք արդեն տեսել եւ տեսնում ենք այն երկրներին, որոնք «ֆանատորեն» այդ գաղափարը տարել են, ինչ է կատարվում, օրինակ՝ նույն Ուկրաինան, թե ինչ է կատարվում այնտեղ, Վրաստանը՝ կորցրին իրենց լավագույն տարածքները։ Եթե դա բերելու է մեր երկրի գլխին փորձանք, ապա մենք դա չենք անելու»։

Իրեն ուղղված մեղադրանքներին էլ անդրադարձավ՝ ինչո՞ւ է պատերազմից հետո շնորհավորել Փաշինյանին, ինչո՞ւ էր պատերազմի օրերին հավասարության նշան դրել երկու կողմի միջեւ՝ իր այդքան քննարկված հայտարարությամբ, կամ՝ ինչու ՌԴ-ի դեմ հայտարարություն չի արել՝ Ադրբեջանին զենք վաճառելու, ՀԱՊԿ-ի գործառույթները չկատարելու մասով։ Վստահեցրեց, որ չի շնորհավորել, պարզապես, քաղաքավարությունից ելնելով, ընդունել է Փաշինյանի հանդիպման հրավերը, չընդունելը, իր խոսքով, գռեհիկ կլիներ, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ էլ հավասարության նշան չի դրել։ «Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ։ Փաշինյանն իր մեծամտությամբ դա անտեսեց, եւ մենք ունեցանք այն, ինչը որ ունեցանք»,- ասաց՝ փակագծեր չբացելով։
Նրա խոսքով՝ չկա աշխարհում հայ, որն ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար կամ այն բանի համար, որ պատերազմը կանգնի, քան ինքը։ «Դա ամենածանր հարցն է ինձ համար, քանի որ ես չեմ կարող փակագծեր բացել, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ հարցին թող պատասխանի Փաշինյանն ու 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար եղած անձը։ Այդ հարցի պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին։ Միջազգային հետախուզում չհայտարարեց ո՛չ Փաշինյանի, ո՛չ իր խմբակի գոնե մեկ անդամի նկատմամբ»,- նկատի ունենալով Ալիեւին՝ ասաց նա:

Ինչ վերաբերում է զինվելուն, թեեւ վստահեցրեց, որ երբ զենք ես գնում` ստանում ես, բայց. «Իշխանության ձախողումներին գնահատական տալը կլինի ոչ կոռեկտ»։ Հետո կես կատակ-կես լուրջ ասաց․ «ՀԱՊԿ-ին քֆուր տա՞մ, որ հասկանաս՝ կաշկանդված չեմ։ Միգուցե Փաշինյանը չի էլ դիմել ՀԱՊԿ-ին, ես նստեմ բացատրեմ, թե ՀԱՊԿ-ը ինչի գործունեություն չի ծավալե՞լ»։ Ի դեպ, Կարապետյանը փորձում էր ամեն կերպ փարատել այն կասկածները, թե ինքը Պուտինի մարդն է, Պուտինն է իրեն գործուղել Հայաստան։ «Պուտինն ինձ կանչեց, ասաց՝ գնա հորդ քառասունքի պատարագին, մեր գործակալ լրագրողը կգա, հարց կտա, հետո մեր գործակալ Նիկոլը գործ կհարուցի… դրանից հետո կմտնես քաղաքականություն․ այսպե՞ս եք պատկերացնում»,- հեգնեց նա այդ հարցը։ Զերծ չմնաց նաեւ Փաշինյանի հասցեին կոշտ բնորոշումներից, թե պամպերսը հագած` Ռուսաստանին շանտաժ է անում, եթե դժգոհ է, թող դուրս գա ՀԱՊԿ-ից: Իր անփորձության մասին հարցին ի պատասխան էլ նշեց, որ Փաշինյանն ընդամենը փոքրիկ շանտաժիստ է եղել, որին պետություն վստահեցին, իրեն ինչո՞ւ չպետք է վստահեն։ Իսկ ամենասուրը հալյուցինացիաներ առաջացնող սնկեր ուտելու մասին հայտարարությունն էր, որն ափերից այնքան էր հանել Փաշինյանին, որ ասուլիսը դեռ չվերջացած՝ լայվ մտավ, սպառնալով, որ Կարապետյանին դատի է տալու։

Կարապետյանը հորդորել էր ուշադրություն չդարձնել Փաշինյանի զառանցանքներին. «Վարչապետն անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում։ Ինքն այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ, իմ ինֆորմացիայով՝ մոտավորապես մեկ տոննա հետը առել-բերել է Հայաստան։ Երբ Կառավարությունում լրագրողների հետ է հանդիպում, Ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ ինչ երազ տեսնում է, կարող է ամբիոններից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի շնորհքն է»։