13/05/2026

EU – Armenia

Ինչ է կատարվում ռուսական վերնախավում

Մայիսի 8-ին, ավանդույթի համաձայն, ռուսական առաջատար Հանրային կարծիքի հիմնադրամը եւ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը պետք է հրապարակեին իրենց ամենշաբաթյա ուսումնասիրությունները՝ իշխանությունների հանդեպ հասարակության վստահության մակարդակի վերաբերյալ։

Սակայն երկու կենտրոնն էլ գրեթե միաժամանակ հայտարարեցին, որ նոր տվյալները կհրապարակվեն միայն մայիսի 15-ին։ Պաշտոնական պատճառաբանությունը մայիսի 9-ի տոնական օրվա հետ էր կապված։

Սակայն, ինչպես գրում է nezigar-ը, իրականությունը մի փոքր այլ է։ Բանն այն է, որ հանրային կարծիքի ուսումնասիրություն, ամեն դեպքում, կատարվել է։ Պարզապես այս անգամ արդյունքները չեն հրապարակվել։ Ու պատճառները մի քանիսն են։

Առաջին հերթին՝ վերջինը հրապարակված արդյունքներից երեւում է, որ իշխանությունների հանդեպ վստահությունը նվազում է։ Ու դա շարունակական պրոցեսի է վերածվել, թեեւ նվազման տոկոսները փոքր են։ Երկրորդ․ կա մտադրություն՝ առաջիկա ընտրական փուլին ընդառաջ՝ ուժեղացնել սոցիոլոգիական ուսումնասիրությունների հանդեպ հետաքրքրությունը, հաշվի առնելով, թե սոցիոլոգիան ինչքան կարեւոր քաղաքական գործիք է։

Եվ, ի վերջո, Կրեմլի ներքաղաքական կյանքի կուրացիայով զբաղվողները սահմանել են անձամբ Պուտինի համար վարկանիշի անկման սահման, որից ավելի ներքեւ վիճակագրության հրապարակումը նպատակահարմար չեն համարում։ Կրեմլում կարծում են, որ երկրում ընդհանուր բացասական, չասելու համար՝ վտանգավոր ֆոն կստեղծվի, եթե անընդհատ հրապարակվի, որ Պուտինի վարկանիշն անկում է գրանցել։

Բացի Պուտինից, նվազել է նաեւ վարչապետ Միշուստինի եւ ԱՔ քարտուղար Շոյգուի վարկանիշը։ Նրանց դեպքում նույնիսկ քննարկվում է փոխարինման հարցը։ Դա իր հերթին կրեմլյան «ուժային» աշտարակին ակտիվացրել է, որ պայքարի մեջ մտնեն ու ավելի շատ լծակներ կարողանան ձեռք գցել՝ կառավարման համակարգում։

Որոշումներ՝ այս ամենի հետ կապված, դեռ կայացված չեն։ Հատկապես որ Պուտինի գործելաոճն է՝ ամեն բան անել առանց շտապողականության։

Համենայնդեպս սպասվում էր, որ մայիսի 15-ին հրապարակվելիք երկու առաջատար սոցկենտրոնների արդյունքները կլինեն մի փոքր ավելի պակաս հոռետեսական եւ կպահեն ընդհանուր կայուն տրամադրությունները երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում։