Մայիսի 11-ին Ամերիկյան համալսարանում հրավիրվել էր «Կանաչ օրակարգ Հայաստան» բնապահպանական թեմաներով համաժողով: Էկոցիդի կենտրոն Երեւանում այն ընկալվում է որպես նոնսենս:
Քանի որ այն կազմակերպվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրերի ընտրությունն էլ եվրոպական «թեքում» ուներ՝ ԵՄ տարբեր ծրագրերի ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտային միջին պաշտոնյաներ, շրջակա միջավայրի պահպանության եւ էկոնոմիկայի նախարարությունների, Ջրային կոմիտեի ներկայացուցիչներ:
Հարցերը տարբեր էին եւ գլոբալ՝ կլիմա, էներգետիկա, ջուր, սննդային համակարգ, կենսաբազմազանություն, աղտոտվածություն, թափոններ եւ այլն: Այս գլոբալ թեմաների շուրջ ելույթները տեղի էին ունենում մի երկրում, որտեղ պետությունը համատարած ծառերի սպանդ է իրականացնում թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, հետեւողականորեն սպանվում է էկոբազմազանությունը, աղտոտվում են օդն ու ջուրը, գազանաբար ոչնչացվում է միակ եւ ունիկալ լիճը՝ Սեւանը, մի երկրում, որտեղ չկա բնապահպանական մշակույթ:
Այս ամենի մասին սույն «կանաչ» համաժողովի շրջանակներում ոչ մի խոսք չեղավ: Տարբեր ծրագրերի ուղեցույցների մասնագիտական քննարկում էր ընթանում, պաշտոնյաներն էլ COP 17-ին ընդառաջ ազգային առաջնահերթություններ էին ներկայացնում, որոնք հետաքրքրում են թերեւս միայն ելույթ ունեցողների «շեֆերին»: Լսելով ելույթները՝ տպավորություն ստեղծվեց, թե այս երկրում երբեւիցե որեւէ աշխատանք նախկինում չի արվել, ներկայիս գործերն էլ դեռ պլանավորման փուլում են:
Օրինակ, Ջրային կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, որը 4,5 տարի աշխատել է այդ հիմնարկում, այժմ պետական պաշտոնյա չէ, այլ՝ միջազգային ծրագրի մենեջեր եւ հրավիրված էր խոսելու ջրերի կառավարման մասին, ասում է. «Առաջընթաց կա, սահմանվել են ջրերի կառավարման հայեցակարգային մոտեցումները, նախանշվել են ուղղությունները, որոնք պետք է ներառված լինեն ապագա ռազմավարության մեջ: Երկիրը պետք է ունենա ոլորտային ռազմավարություններ եւ միասնական ջրային ոլորտի ռազմավարություն, բուն մշակումը պետք է իրականացվի բազմադոնոր ծրագրերով եւ պետք է իրականացվի Ջրային կոմիտեի կողմից՝ էներգետիկ, աղետների, կլիմայի կառավարման ռազմավարություններ եւ այլն: Դրա համար պետք է լինի ընդհանուր ռազմավարություն, որովհետեւ այս ռազմավարություններից մեկի ձախողումը կբերի շղթայական ռեակցիայով նաեւ մյուս ոլորտների տապալում»:
Նրան հարցրինք, թե ինչու է ջրային ոլորտի ռազմավարությունը նոր մշակվում` մի երկրում, որն ունի մոտ 60 եւ ավելի տոկոս ջրային ռեսուրսի կորուստ, նման ռազմավարությունը վաղուց պետք է մշակված լիներ, անգամ եթե որպես մեկնարկ ենք վերցնում 2018 թվականը:
«Եղել են նախկին ռազմավարություններ, բայց 18 թվից դադար է եղել: Խնդիրը եղել է` առանձին ոլորտների՞ ռազմավարություն լինի, թե՞ մեկ ընդհանուր, խմելու ջրի ռազմավարությունը` առանձին, ոռոգման ջրերինը՝ առանձի՞ն, թե՞ մեկ միասնական: Ի վերջո, եկել ենք եզրակացության, որ մեկ ռազմավարություն լինի, եւ ջրային ոլորտներում բոլոր մոտեցումները, առաջնահերթությունները, գործողությունները դրանով կարգավորվեն: Դրա հայեցակարգը կա մշակված, եւ դա, կարծում եմ, հիմք կհանդիսանա՝ ռազմավարությունը մշակելու»,- ասաց նա:
Հարցրինք Սեւանի մասին. տեղեկություն հրապարակվեց, որ կրկին իջել է ջրի մակարդակը` 10 սանտիմետրով, չնայած անձրեւներ եղան, եւ անընդհատ ասում են, որ պետք է Սեւանից ջրառը կարգավորվի` նվազեցվի։ Ո՞րն է պատճառը, որ չի արվում: Փորձագետը պատասխանում է՝ չի կարող նշել մեկ պատճառ: «Լճի մակարդակի իջնելը կամ բարձրանալը 1-2 պատճառով չէ: Եթե պայմանական դիտարկենք ոռոգումը, այո, դա, իհարկե, պատճառ է, բայց երկրաբանական, կլիմայական կոմպլեքս գնահատում պետք է լինի: Այս տարի, այո, անձրեւներ եղան, անցյալ տարի մենք քիչ ենք բաց թողել այս տարվա համեմատ, բայց, միեւնույն է, էական տարբերություն կա: Այստեղ ավելի կոմպլեքս պատճառներ պետք է նայել»,- ասաց նա:
Մ. Նալբանդյանին հարցրինք, թե ճի՞շտ է, որ ապօրինաբար ու չհաշվառված ջուր է բաց թողնվում ՀԷԿ-երի համար` էներգետիկ նպատակներով: «Սեւանից ջուրը մեկ կետով է բաց թողնվում, եւ այդ կետի պատկերը բոլորի համար պարզ է: Ոռոգման սեզոնից դուրս կանալը, որով ջուրը բաց է թողնվում, չոր է ու դատարկ: Այսինքն, խոսել ՀԷԿ-երի մասին՝ աբսուրդ է: Խոսքը Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի մասին է, որոնք կանալի վրա են աշխատում: Բայց որոնք Հրազդան գետի բնական ելքով են աշխատում, սա այլ հարց է»,- ասաց նա:
Մի խոսքով, սա համաժողով էր՝ ձախողված ծրագրերի մասին, որոնց վերջնաժամկետը պահպանելն անգամ բարդ խնդիր է: «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ներկայացուցիչ Նիլս Թեւսն իր ելույթում խոսեց CEPA-ի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների մասին: EU4Sevan ծրագիրը Եվրոպական Միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվում է 2021-ից: Մեկնարկը տրվել էր այն ժամանակվա շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի, ԵՄ եւ Գերմանիայի դեսպանի մասնակցությամբ:
Ծրագիրը CEPA-ի ուղեցույցներով է իրականացվում եւ մի քանի նպատակ ունի՝ Սեւանի ավազանում ներդրվում են ջրի որակի մոնիտորինգի համակարգեր, փորձարկվում են կեղտաջրերի մաքրման կայաններ, ֆերմերներին սովորեցնում են քիչ պարարտանյութ օգտագործել եւ այլն: Բայց արի ու տես, այն շատ դանդաղ է իրականացվում: EU4Sevan ծրագրի ներկայացուցիչ Նիլս Թեւսի ելույթը դրա ապացույցն էր: Նա նշեց. «Մեծ մասամբ մեր պարտավորությունները կատարել ենք, ունենք լավ առաջընթաց, բայց նաեւ որոշակի խնդիրներ՝ ֆինանսական բնույթի, մոնիտորինգի, այլ մեխանիզմների անբավար լինելու հետեւանքով»: Նա հերթով անդրադարձավ CEPA-ի տարբեր դիրեկտիվներին (ուղեցույցներին՝ Ս. Ս.): Նշեց, որ, օրինակ, նիտրիտների դիրեկտիվի գծով՝ Սեւանի ջրերը գյուղատնտեսական գործունեության հետեւանքով առաջացած աղտոտումից պաշտպանելու աշխատանքների ավարտի վերջնաժամկետը մարտի 1-ն էր, սակայն առայժմ ունենք միայն գործողությունների ճանապարհային քարտեզ:
Կեղտաջրերի մաքրման գծով նոր սկսում են իրավական բացերի ուսումնասիրությունը՝ հասկանալու, թե արդյոք անհրաժեշտ կլինի՞ ջրային նոր օրենսդրություն, թե՞ ոչ: Նոր՝ բայց անցել է արդեն 5 տարի: Անգամ հայտնի չէ, թե կեղտաջրերի կառավարումը որքան ֆինանսական միջոցներ է պահանջելու: Հեղեղումների բացասական հետեւանքները մարդկանց, շրջակա միջավայրի եւ տնտեսության վրա նվազեցնելու գծով CEPA-ի միակ առարկայական արդյունքն այն է, որ մշակվել է կառավարման պլան՝ Դեբեդ գետի համար: Հայաստանը պարտավորվել է իր ջրային օրենսդրությունը մոտարկել ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվին: Սա նշանակում է, որ երկրի բոլոր 6 ջրավազանային տարածքների համար պետք է մշակվեն եւ հաստատվեն կառավարման պլաններ։ Ե՞րբ` երբ որ աքլորը կանչի՞: Այս ամենը դեռ երկար տարիների աշխատանք է պահանջելու: Պարոն Նիլս Թեւսի ելույթն ապացուցում է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շուրջ ավելի շատ աղմուկ կա, քան՝ ռեալ աշխատանք: Սակայն հենց CEPA-ն է ընկալվում որպես Հայաստան-ԵՄ գործընկերության ճանապարհային քարտեզ եւ վերջին իրադարձությունների բերումով փաստացի հակադրվում է ԵԱՏՄ-ին:


Բաց մի թողեք
Եվրոպան պետք է գլխավորի գլոբալ հարձակումը ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ, ասում է Նոբելյան մրցանակակիր տնտեսագետը
ԵՄ-ն հաստատում է պատժամիջոցները իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ՝ Հունգարիայի աջակցությունից հետո
Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում