«Նախընտրական պայքարը թեժանում է, և քաղաքական հարվածների թիրախում արդեն հայտնվում են ոչ միայն կուսակցություններն ու գործիչները, այլև հայտնի բիզնես բրենդները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս անգամ ուշադրության կենտրոնում հայտնվել է հայկական ամենահայտնի ընկերություններից մեկը՝ «Ջերմուկ Գրուպ»-ը։
Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ երկրորդ նախագահ Robert Kocharyan գլխավորությամբ իրականացվող քարոզարշավի շրջանակներում, իրենց ելույթներում անդրադարձել են «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ ակնարկելով, թե Ջերմուկում իշխանությունների համար ձայներ են հավաքում։
«Ջերմուկում Նիկոլի համար ձայն եք հավաքում, որ ի՞նչ անի, թշնամուն բերի՞ ձեր տուն, արդեն բերել է Ջերմուկի մատույցներ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ խնդրելով մեկնաբանել այս հայտարարությունները։ Վերջինիս պատասխանը, սակայն, ոչ միայն կոշտ էր, այլև բացահայտ քաղաքական ենթատեքստերով լի։
Արսենյանը հայտարարել է, որ «կրտսեր քոչարյանականները» հերթական անգամ փորձում են իրական խնդիրներից ուշադրություն շեղել՝ սևացնելով ու վարկաբեկելով այն ամենը, ինչը տարիներով հեղինակություն է ստեղծել Հայաստանի համար։
Նրա խոսքով՝ Քոչարյանի թիմակիցները «իրենց գործած զանցանքներն ու հանցանքները հիշեցնող փաստերի փոխարեն» անցել են անձնական ու արժեքային հարձակումների՝ հասնելով անգամ ազգային բրենդերի դեմ պայքարի։
«Այն աստիճանի են տագնապի ու ինքնակորուստի մեջ, որ րոպեական քաղաքական շահի համար պատրաստ են ցեխ շպրտել ազգային արժեքների վրա»,- նշել է Արսենյանը։
Վերջինս առանձնահատուկ շեշտել է, որ «Ջերմուկ Գրուպ»-ը պարզապես բիզնես չէ, այլ տարիներով ձևավորված հայկական հեղինակություն՝ միջազգային ճանաչմամբ ու «անբասիր համբավով»։ Նրա խոսքով՝ ընկերությունը ոչ միայն հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, այլև հումանիտար բազմաթիվ ծրագրերով ու տնտեսական ներդրումներով նպաստել է երկրի զարգացմանը։
Արսենյանը նշել է, թե ընդդիմադիր շրջանակները քաղաքական դիվիդենտների համար թիրախավորել են ազգային բրենդները, իսկ «Ջերմուկ Գրուպ»-ի դեմ հնչող հայտարարությունները ոչ թե գաղափարական պայքարի, այլ քաղաքական խուճապի դրսևորում են»։


Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում