Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանը, որը սոցիալական ցանցերում քննադատում էր իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, երեկ բերման է ենթարկվել։ Դրանից 3 ժամ առաջ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել էր Նիկոլ Փաշինյանին. «Կանչում եմ հանդիպման, ինչո՞ւ ես քարոզարշավ անում, դու գործող իշխանություն ես։ Արի տես՝ քեզ ոնց ենք դիմավորում։ Կասկածում եմ, որ կգաս» եւ մի կոպիտ բառ` ս-ով սկսվող։
Հրապարակ թերթը գրել է․ 3 ժամից ոստիկանները եկել են և հղի կնոջ ու տարեց տատիկի ներկայությամբ ձեռքերոը ոլորելով` բերման ենթարկել նրան, որի ժամանակ նա վանկարկում էր՝ «Նիկոլ դավաճան»։
Դրանից 2 շաբաթ առաջ էլ՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների ընթացքում, նա փորձել էր մոտենալ Արսեն Թորոսյանին։ Տեսանյութում նա ասում էր․ «Նիկոլը իրա մարդկանց օրն ա նշում, իրան պաշտողների օրն ա նշում» և դժգոհում էր, որ իրեն չեն լսում և պատմում էր, որ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից ողջ հանրությանն է հայհոյել։ Թորոսյանի հետ շփումը կարճ է տևել, նա հեռացել է։
Ներքին գործերի նախարարությունից հարցին, թե ինչու է բերման ենթարկվել տղամարդը, պատասխանել էին. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին»։ Թե ինչպես է արտահայտվել ատելություն, թշնամանք հրահրելը` տեսանյութից չի երեւում: Նույն Փաշինյանը շատ ավելի անթույլատրելի ու սադրիչ արտահայտություններ է հնչեցնում, որոնք հետեւանք չեն ունենում: Մարդը ոչ մի ոչ ցենզուրային խոսք չի արտասանել, ամենասուր բառը եղել է «սիկտիրը»:
Փաստաբան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ են քաղաքացուն «սիկտիր» բառի համար տանում կալանքի, իսկ, օրինակ, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը համացանցում բացահայտ սեռական բնույթի հայհոյանքներ է գրում քաղաքացիներին, նրա դեմ անգամ վարույթ չի նախաձեռնվում:
Փաստաբանը նկատեց. «Ակնհայտ է, որ այս բոլոր գործողությունները` իշխանության հասցեին հնչող ցանկացած կոշտ քննադատություն, ցանկացած սուր գնահատական արժանանում է ոստիկանական կտրուկ գործողությունների: Քննչական այս մեթոդներով փորձում են քաղաքացիների մոտ վախի մթնոլորտ ձևավորել այն առումով, որ մյուսները չհամարձակվեն կոշտ ձևով իրենց ձայնը բարձրացնել: Երեքշաբթի օրվա քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ինքը անթույլատրելի բառապաշար կիրառեց, ասաց` վզներից կբռնեմ, էս կանեմ, էն կանեմ: Ասում են` «վիզներդ կկտրենք» սակայն հավելում են, որ դա ասում են քաղաքական իմաստով: Այդ եղանակով իրենց ասածները քողարկում են իրականում: Իշխանություններին ուղղված ցանկացած խոսք փորձում են «քոքից կտրել», քանի որ վախի մթնոլորտը ուժեղ է: Ակնհայտորեն կիրառված բառում ոչ ատելության քարոզ կա, ոչ խտրականության, դեռ մի բան էլ այդ բառը պետք է ստուգաբանել: Գուցե Նիկոլ Փաշինյանի սիրած լեզվից թարգմանվի և պարզվի, որ անգամ վիրավորանքի տարր չկա: Այնուամենայնիվ այս գործողությունները փաստում են, որ ամեն գնով իշխանությունը փորձում է լռեցնել քաղաքացիների դժգոհությունը: Բայց այն ինչ չի կարելի քաղաքացիներին և ընդդիմությանը, դա կարելի է իշխանականներին: Օրենքի առջև մարդիկ հավասար չեն, կան յուրայիններ, ովքեր ընդդիմադիրներին, եկեղեցականներին ամենաստոր ձևերով վիրավորում են և որևէ պատասխանատվության հարց անգամ չի բարձրացվում, միևնույն ժամանակ իրենց ուղղված ցանկացած խոսք քրեաիրավական հետևանք է ունենում»:

Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում