Այսօր հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն էր։
Հրապարակ թերթը գրել է․ «Ուժեղ Հայաստան»-ի ոչ ստանդարտ քարոզարշավը շարունակվում է։ Չնայած Սամվել Կարապետյանի հանդեպ իշխանությունների կիրառած արգելքներին, Սամվել Կարապետյանը գտել է անգամ մարզերի բնակիչների հետ հանդիպումներ կազմակերպելու ձևը՝ «Եթե սարը չի կարող գնալ մարդկանց մոտ, ապա մարդիկ են գնում սարի մոտ» հայտնի ասացվածքի սկզբունքով այսօր Գեղարքունիքի մարզի բնակիչներն էին այցելել Սամվել Կարապետյանին։
Հանդիպման ընթացքում Կարապետյանը օգնություն խնդրեց բնակիչներից, որպեսզի վերջիններս մանրամասն ներկայացնեն մարզի խնդիրները և խոստացավ հաղթանակից հետո դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մինչ Սամվել Կարապետյանը գեղարքունիքցիների հետ էր հանդիպում, Նարեկ Կարապետյանն էլ թիմակիցների հետ Դիլիջանում էր քարոզարշավ իրականացնում։ Այստեղ էլ քարոզարշավին եղանակը խանգարեց և «Ուժեղ Հայաստան»-ը ստիպված եղավ հայտարարել, որ ծրագրված համերգը չեղարկվում է անձրևի պատճառով, բայց խոստացավ կրկին հանդիպել։
«Հայաստան» դաշինքն այսօր քարոզարշավից առաջ հայտարարեց, որ Թալին չեն այցելի, քանի որ Թալինի համայնքապետարանից տեղեկացրել են, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում: Բայց նախապես հայտարարված մյուս բնակավայրեր այցերն իրականացվեցին։ Այսօր մենք տեսանք անձրևանոց բռնած ու անձրևի տակ ելույթ ունեցող Ռոբերտ Քոչարյանին։ Իշխան Սաղաթելյանը կատակեց, որ Նիկոլն է այդտեղով անցել` «լրիվ ավիրել ա», դրա համար է անձրև գալիս։ Քոչարյանը հետաքրքրվեց․ «Գոնե ինքն էլ է թրջվե՞լ»: Փաշինյանից հետո եկած անձրևի տակ թրջվելուց հետո Ռոբերտ Քոչարյանն Արթիկում 7-ամյա տղայի հետ ձեռքի ուժով մրցեց ու «պարտվեց»։ «Հայաստան» դաշինքի հանդիպումների մասին պատմող տեսանյութերի ներքո մեկնաբանություններում քաղաքացիները հիացմունք ու դրական վերաբերմունք էին արտահայտում: Մեկնաբանությունների հեղինակների խոսքով Քոչարյանի՝ ժողովրդի հետ շփվելու փորձը դրական է ազդել նրա իմիջի վրա։ Քարոզարշավի 6-րդ օրվա ավարտին «Հայաստան» դաշինքն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ «քաղաքացիական պայմանագիրը խզել է»:
Փաշինյանն էլ ուրախ ավտոբուսով այսօր Արագածոտնի մարզում էր սրտիկներ ու ՀՀ քարտեզ-կրծքանշան էր բաժանում։ Փաշինյանի մարզային այցերը որքան էլ նախապես կազմակերպվում են, միևնույն է` շարունակում են մնալ անկանխատեսելի ու ինտրիգային ՔՊ-ի համար։ Քաղաքացիների գերակշիռ մասը մերժում է Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել, նրան լսել, անգամ թռուցիկ վերցնել։ Փաշինյանի քարոզարշավին Արագածոտնում երեխաներ էին մասնակցում, ովքեր դրոշներով էին եկել, ինչն աննկատ չանցավ` ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ քննում են երեխաների` քարոզարշավին ներգրավելու հարցը, ավելի ուշ ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց: Ակնհայտ է, որ ուզում են հավասար վերաբերմունքի իմիտացիա ստեղծել` ոչ միայն ընդդիմության դեմ են վարույթներ հարուցում, այլև իշխանությունների:
ՔՊ-ն քարոզարշավն այսօր ավարտեց Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում, որտեղ անցկացվեց հանրահավաքը: Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման տվյալների հանրահավաքի մեկնարկից կես ժամ անց հրապարակում եղել է ընդամենը 2250 մարդ, չնայած մարզի ադմինիստրացիայի գործադրած ջանքերին։ Փաշինյանի այս ելույթը չէր տարբերվում նախորդ ելույթներից, նա կրկին մատ թափ տվեց ու պիտակավորեց ընդդիմադիր ուժերի ղեկավարներին։ Նշելով, որ գործեր կան՝ կքննվեն։ ՔՊ-ականների մի խումբ էլ Երևանում էր քարոզարշավ իրականացնում, որտեղ վերջիններս իրենց համար տհաճ իրավիճակի են բախվել։ Բակային քարոզարշավի ժամանակ մի երիտասարդ սկսեց Արցախ վանկարկել, ՔՊ-ի քարոզարշավի մասնակիցներին ասելով՝ դե ասեք Արցախ, վերջիններս մի քանի րոպե լուռ լսում էին, թե ինչպես է երիտասարդը Արցախ վանկարկում։
Այսօր Լուսավոր Հայաստան Կուսակցությունը քարոզարշավ էր իրականացնում Գավառում։ Թեպետ քարոզարշավը սակավամարդ էր, բայց այն հետաքրքրաշարժ դրվագներ ունեցավ։ Նախ Կարպիս Փաշոյանը պատմական փաստեր ներկայացրեց, ապա Էդմոն Մարուքյանը պարեց կուսակցության նախընտրական քարոզարշավի երգի հնչյունների ներքո։
Քարոզարշավին մնաց 23 օր։

Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում