Պետական ապարատն ու դպրոցները կուսակցականացնելու համար նախկիններին բզկտող Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ կատարելագործել, ծաղկեցրել է ՀՀԿ-ի հիմնած ավանդույթները։
Հրապարակ թերթը գրել է․ ՔՊ-ի նախընտրական ցուցակը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կուսակցականացրել պետական եւ պետականամերձ ապարատը։ ՔՊ նախընտրական ցուցակում են բուժհաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ, ՊՈԱԿ-ների, կոմիտեների ղեկավարներ, ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներ եւ, որ ամենաաբսուրդն է՝ ապաքաղաքական համարվող կառույցների` դպրոցների տնօրեններ։
Ընդ որում՝ բոլորը կուսակցականներ են: Թե ինչու պիտի ոչ քաղաքական այս պաշտոնները զբաղեցնեն կուսակցականները, շատ պարզ է․ նրանք այդ պաշտոններում նշանակվել են նախապայմանով, որ կդառնան իշխող ուժի անդամ ու կծառայեն իշխանությանը կամ էլ կշարունակեն այդ պաշտոններում իրենց աշխատանքը, եթե անդամագրվեն ՔՊ-ին։ Սա ընտրություններում պետական եւ պետականամերձ ապարատն իշխանության օգտին շահագործելու պարզ մեխանիզմ է:
Օրինակ, ՔՊ պատգամավորության թեկնածու, Գյումրու չկայացած քաղաքապետ Սարիկ Մինասյանը ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն նշանակվելուց հետո կադրային ջարդ է արել ու նշանակել իշխանականներին:
Հիմա էլ զգուշացրել է` եթե բոլորդ մեկ մարդու պես չընտրեք ՔՊ-ին, կկորցնեք աշխատանքը։ Չնայած հասկանալի չէ, թե ինչպես են վերահսկելու տարբեր ընտրատեղամասերում ընտրող մարդկանց քվեարկության արդյունքները: Այս սկզբունքով են գործում նաեւ մյուս բոլոր ՔՊ-ական տնօրեններն ու հիմնարկների ղեկավարները։
Մենք հաշվեցինք, որ ՔՊ նախընտրական ցուցակում բժշկական հիմնարկների 12 տնօրեն եւ փոխտնօրեն են ընդգրկված, ՊՈԱԿ-ների 8 ղեկավար, ՀԷՑ ղեկավար պաշտոններ զբաղեցնող 5 անձ, դպրոցի 10 տնօրեն, կոմիտեների 4 ղեկավար։
Իշխող ուժի ցուցակում են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ ՔՊ-ական նախկին պատգամավորը, որը մեկուկես տարի առաջ հլու-հնազանդ կատարեց Փաշինյանի sms-հրահանգը եւ վայր դրեց մանդատը:
Ցուցակում է «Նորք-Մարաշ» ԲԿ փոխտնօրեն Հայկ Միրզոյանը: Հիշեցնենք, որ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն էլ էր մասնակցում պատգամավորության թեկնածության քասթինգներին, սակայն երկքաղաքացի լինելու պատճառով չընդգրկվեց ցուցակում։ Իշխանության հետ են «Արթիկ», «Քաջարան» ԲԿ-ների տնօրեններ Բաբիկ Մարտիրոսյանն ու Արմեն Ղահրամանյանը, Սիսիանի հվանդանոցի տնօրեն Անիկ Գրիգորյանը, Վանաձորի ԲԿ տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, Տաշիրի եւ Գորիսի ԲԿ տնօրեններ Հասմիկ Խռոյանն ու Դավիթ Մաշուրյանը, Ապարանի ԲԿ պոլիկլինիկայի փոխտնօրեն Սեւակ Սաֆարյանը, Ալավերդու ԲԿ տնօրեն Լորա Սարգսյանը։ Նման քանակի բժիշկներ ու հիվանդանոցների տնօրեններ երբեք չեն եղել ՀՀԿ-ի ցուցակներում:
Անգամ ապաքաղաքական կառույցների՝ դպրոցի տնօրենների պաշտոններում են ՔՊ-ականների նշանակել, որոնք այժմ նախընտրական ցուցակում են հայտնվել։ Ցուցակում են Իջեւանի թիվ 1 դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանը, Սյունիքի մարզի Խոտ համայնքի դպրոցի տնօրենի տեղակալ Լիանա Ղազարյանը, «Վեդիի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մելինե Եղիգյանը, Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի տնօրեն Գայանե Ղուկասյանը, Երեւանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի տնօրեն Աննա Մարգարյանը, «Դպրոցականներին սնունդ եւ երեխաներին բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, Սյունիքի մարզի Շինուհայրի դպրոցի տնօրեն Ժաննա Բարսեղյանը, Երեւանի Աղասի Խանջյանի անվան դպրոցի տնօրեն Լիլիթ Մովսիսյանը, Ապարանի Մ․ Ասատրյանի անվան մարզադպրոցի փոխտնօրեն Կարինե Գեւորգյանը, Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի հանրահայտ տնօրեն Ռուզաննա Երեմյանը։
ՔՊ ցուցակում են նաեւ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար, իր աշխատակցի ամուսնու ծեծը կազմակերպելու պատմությամբ հայտնի դարձած Սուրեն Թովմասյանը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Ավելորդ է հիշեցնել, որ Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլեցին՝ ավելի քան 7 հազար աշխատակիցներին ՔՊ-ի էլեկտորատը դարձնելու նպատակով․ ցուցակում Ռոմանոս Պետրոսյանից ու Սարիկ Մինասյանից բացի, ընդգրկված են նաեւ «Գեղամա» մասնաճյուղի ու Երեւան քաղաքի էներգաիրացման տնօրենները, ինչպես նաեւ՝ մարզային ու երեւանյան ՊՈԱԿ-ների տնօրեններ։

Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում