14/05/2026

EU – Armenia

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն

Հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում լուրջ խնդիր է դարձել տնօրենների թափուր հաստիքները լրացնելու հարցը։ Հարց էինք ուղղել ԿԳՄՍՆ-ին դրա հետ կապված:

Հրապարակ թերթը գրել է․ Փոխնախարար Արաքսյա Սվաջյանը պատասխանել է․ «2026թ. ապրիլի վերջի տվյալներով կառավարման նոր համակարգի է անցել ընդհանուր 669 դպրոց: Այդ դպրոցներից 323-ում տնօրենի պաշտոնը սահմանված կարգով համալրված չէ: ՀՀ-ում գործում են ավելի քան 90 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, որոնցից շուրջ 20-ում առկա են տնօրենի թափուր հաստիքներ:

Դրանք համալրելու նպատակով սահմանված կարգով հայտարարվում են մրցույթներ։ Տնօրենի մրցութային ընտրության և թափուր տեղի համալրման կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1494- Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան»։

323 հանրակրթական դպրոցում և 20 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում տնօրենի պաշտոնը թափուր է, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում այդ հաստատությունների աշխատանքի, դրանցում իրականացվող կրթական գործընթացի վրա։ Բայց ինչն է պատճառը, որ նման բարձր հեղինակություն ունեցող, բավականին բարձր վարձատրությամբ աշխատատեղերում նշանակվել ցանկացողներ չկան, չէ որ դպրոցի տնօրենի պաշտոնը ժամանակին մեծ հարգանք վայելող եւ մեծ թվով մարդկանց համար երանելի աշխատանք էր:

Թերեւս պատճառն այն է, որ տնօրեն նշանակվում են միայն իշխանություններին հարող, նրանց գովերգող ու ծառայող մարդիկ, իսկ այդքան յուրային Հայաստանում գտնելը ՔՊ-ի համար լուրջ խնդիր է դարձել: Պատճառներից մեկն էլ, թերեւս, տնօրենի պաշտոնին հավակնողներին ներկայացվող արհեստականորեն բարդացված պահանջներն են: