15/05/2026

EU – Armenia

Բացահայտելով անվճար դեղորայքի «կտերը»

Փաշինյանն ու իր թիմը բոլոր քարոզչական «զբոսանքների» ժամանակ՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, թոշակառուներին կերակրում են անվճար դեղորայքի մասին հեքիաթներով: Փաշինյանը նույնիսկ մատները ծալելով հաշվում է, թե որքան կարող են թոշակառուները տնտեսել անվճար դեղորայքի հաշվին:

Հրապարակ թերթը գրել է․ Անվճար բուժօգնությունը եւ առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, որը մեր՝ բոլորի վճարումներից է իրականացվում, նա ուղղակի տժվժիկ է դարձրել` բոլորի երեսով է տալիս:

Հիշեցնենք․ քանի որ 65 տարին լրացած բոլոր թոշակառուներն օգտվում են բժշկական ապահովագրությունից, նրանք պետք է անվճար դեղորայք ստանան: Իրականում, սա պանիր է՝ մկան թակարդի մեջ, եւ սա բացահայտեցին առաջին, երկրորդ խմբի հաշմանդամները:

Եթե, օրինակ, շաքարախտով հիվանդները նախկինում իրենց դեղորայքն անվճար էին ստանում, այսօր ստիպված են վճարովի հիմունքներով գնել: Մեծ քանակի դեղեր այս պահին արդեն դեֆիցիտ են, մարդիկ դրանք չեն կարողանում ձեռք բերել:

«Թեեւ նախարարությունը ստանդարտ պատասխաններ է տալիս, թե կան դեղերը, մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում մարդկանցից, որոնք գնում են ու չեն կարողանում դեղատներից դեղեր ստանալ»,- ասում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը:

Նա նկատել է, որ, օրինակ, հասարակ Պիրացետամը, որն ինսուլտների, ուղեղի կաթվածների ժամանակ ամենակարեւոր միջոցներից է, չկա: Չկա Միդոկալմ, երեկ արդեն ահազանգեր է ստացել, որ Անալգինի սրվակներ չկան:

«Շատ լուրջ խնդիրներ են առաջանում՝ դեղերի հետ կապված: Մարդիկ մեզ ասում են, որ դեղորայք չկա, որ համավճար են իրենք տալիս, կամ լինում է այնպես, որ անվճար վերցված դեղը հաջորդ ամիս այնքան է թանկանում, որ իրենք արդեն չեն կարողանում ձեռք բերել, քանի որ դեղատներում համավճարային սկզբունք է կիրառվում: Համավճարով ձեռք բերվող դեղերի ցանկը բավականին մեծ է:

Այսինքն՝ ապահովագրությունը փոխհատուցում է, ենթադրենք, 1000 դրամ, իսկ դեղի արժեքը 1300 դրամ է, այս 300 դրամը քաղաքացուց վերցնում են: Ես սա շատ էժան դեղորայքի օրինակ բերեցի: Դեպքեր կան, որ հիվանդները ստիպված են լինում 7-8 հազար դրամ վճարել»,- ասում է Անուշ Պողոսյանը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւս փլուզում է անվճար դեղերի միֆը. «Նախ՝ դեղերի 1/3-ն է միայն ընդգրկված ցանկում: Երկրորդը․ այս ընդգրկված դեղորայքը գնելու համար էլ համավճար ես տալիս: Բոլոր առողջապահական հիմնարկները, դեղատները դժգոհ են: Պոլիկլինիկաներում հերթեր են, ինչը մենք կանխատեսում էինք: Հիմա, օրինակ, ես եթե որպես թոշակառու հերթագրվեմ պոլիկլինիկայում, ինձ կասեն՝ արի հունիսի վերջին»:

Ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն հաղթի, առողջապահության ապահովագրությունը հիմնականում կդադարի, որովհետեւ դրա իրականացման համար պետք է 660 մլրդ դրամ, իսկ բյուջեով հատկացվել է ընդամենը 240 մլրդ, ինչն արդեն վերջանալու եզրին է: Այս մասին Հրանտ Բագրատյանը զգուշացրել էր դեռ այն ժամանակ, երբ ապահովագրական բժշկությունը նոր էին մտցնում: Այսօր էլ հիշեցնում է. «Առողջապահության գումարը 2025 թվականին եղել է 180 մլրդ, դարձրել են 240 մլրդ, մինչդեռ պետք է դարձնեին 660 մլրդ դրամ: Արդյունքում՝ ստիպված բժիշկներին են քիչ վարձատրում, բժիշկները տուժում են: Մասամբ ստացվում է, որ նրանց հաշվին է իրականացվում ապահովագրությունը: Դեղերն են կրճատում, բժշկական ծառայությունների ցանկը, եւ ստացվում է, որ սա լիարժեք ապահովագրություն չէ, որ ապահովագրություն ոնց որ թե կա, բայց իրականում չկա: Որովհետեւ մեզ հայտնի է, որ բյուջեում այդ փողը նախատեսված չէ, եւ, ամենայն հավանականությամբ, այս ամենը 1-2 ամսվա կյանք ունի, որից հետո լուրջ պրոբլեմներ կսկսվեն»: