Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ արդեն գործի էր դրել ընդդիմադիր համայնքապետերին պատժելու գործիքակազմը: Դեռ 1 տարի առաջ որոշ ընդդիմադիր համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցվեցին:
Հրապարակ թերթը գրել է․ Այդ գործերը մինչեւ ընտրություն օդում կախված կմնան միայն մեկ պատճառով՝ Փաշինյանը հույս ունի այսկերպ ազդել համայնքների ղեկավարների վրա, որոնք իրենց գլխին կախված վտանգից խուսափելու համար ընտրություններին իր համար ձայներ կապահովեն:
Մեր տեղեկություններով՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին ակտիվորեն լծվել է ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու գործին: Մեզ պատմեցին, որ շտաբ է բացել եւ անձամբ ղեկավարում է ընտրական գործընթացը, աշխատանքի վայրում էլ շատ քիչ է լինում: Ճի՞շտ է, որ համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին զբաղված է ընտրական գործընթացով՝ հարցրինք համայնքապետարանի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանին։ «Համայնքի ղեկավարն այս պահին զբաղվում է համայնքի ղեկավարի գործերով, ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում:
Այդ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց մամուլի քարտուղարը: Մեզ ասացին, որ Հակոբ Բալասյանը սատարում է ՔՊ-ին։ «Այո, համայնքապետը հայտարարել է, որ պաշտպանում է վարչապետի թեկնածությունը»: Բայց չէ՞ որ ամիսներ առաջ համայնքապետի լիազորությունները կասեցվել են։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեական վարույթն առնչվում է ձեւական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Նույն օրը Բյուրեղավան համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պաշտոնավարման կասեցման մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ «Այդ մասին որեւէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։ Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինն անտեսել է ոչ միայն իմ, այլեւ համայնքի հազարավոր բնակիչների շահերը: Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր եմ, թե՝ ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն, թե ով ով է` իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են՝ մեր միասնությունը եւ քաղաքի անդորրը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով»,- գրել էր Բալասյանը։ Ամիսներ անցան, համայնքապետը շարունակեց պաշտոնավարել: Նշենք, որ Հակոբ Բալասյանը 2008-2017թթ. Բյուրեղավան համայնքի ղեկավարն է եղել: 2017-ից Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարն է: ԲՀ կուսակցության շնորհիվ քաղաքապետ դարձած Բալասյանն այժմ ճամբարափոխ է եղել եւ աշխատում է ՔՊ-ի համար:
Հակոբ Բալասյանի պաշտպան Հրայր Ավետիսյանին հարցրինք՝ համայնքապետի լիազորությունները կասեցվե ՞լ են, եթե կասեցվել են, ինչպե՞ս է մինչ օրս պաշտոնավարում. «Ես ընդամենը կարող եմ ասել, որ գործի քննության ընթացքում պաշտոմավարման կասեցում չի եղել, ու գործն էլ նախաքննության ավարտին, քանի որ ըստ էության մեղսագրված արարքների հետ կապված վաղեմության ժամկետը անցած է եղել, ըստ էության, պարոն Բալասյանն է միջնորդել, խնդրել, որպեսզի գործն ուղարկեն դատարան»:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Հակոբ Բալասյանն անցնում է 2 քրեական գործով: Մի գործով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի օգոստոսի 17-ից մինչ օրս զբաղեցնելով Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Բյուրեղավան համայնքի 13 շենքի 31 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային համարով, 40.60 քմ մակերեսով, 2մլն 40 հազար դրամ շուկայական արժեքով բնակարանն առանց սակարկության, էական ցածր գնով իր մտերիմ Նաիրա Համլետի Օսիպյանինը դարձնելու նպատակով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ օտարման ենթակա գույքերի աճուրդ-վաճառքին առնվազն երկու անձի պարտադիր մասնակցության արգելքի խախտմամբ կազմակերպել է հիշյալ բնակարանի աճուրդ- վաճառքը։
Մյուս քրեական գործով թույլատրել է աղբահանության համար չնախատեսված՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին պատկանող` բնակելի տներին և հողամասերին անմիջականորեն հարակից բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդհանուր 25706 մետր քառակուսի մակերեսով տարածքներ տեղափոխել և տեղադրել Բյուրեղավան համայնքից հավաքված կենցաղային աղբը, որի հետևանքով խախտվել է հողը պահպանելու և օգտագործելու կանոնները: Հիշյալ հողամասերն օգտագործվել են ոչ նպատակային նշանակությամբ և արդյունքում դրանք աղբոտելու եղանակով փչացվել են, որի հետևանքով էական վնաս է պատճառել համայնքի և պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, չի ապահովվել բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանները, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 157 մլն. 353 հազար 504 ՀՀ դրամի վնաս է պատճառվել հողային ռեսուրսներին:


Բաց մի թողեք
Հունիսի 7-ին ինչպես կպատասխանեն փարաքարցիները ՔՊ-ին
Նոյեմբերյանի համայնքապետն ում է աջակցում. Լուսանկար
Դիվանագիտությունը վերածել են մանր շուստրիության