17/05/2026

EU – Armenia

Թուրքական աշխարհի հետ Ռուսաստանի սիներգիան

Գումարվել է Թուրքական պետությունների կազմակերպության «ոչ պաշտոնական» գագաթաժողովը։ Այդ առթիվ Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցների արձագանքը զուսպ է։

Գրեթե բոլոր հրապարակումներում մեջբերվում է Ղազախստանի նախագահի այն միտքը, որ ԹՊԿ-ն «աշխարհաքաղաքական նախագիծ և ռազմական դաշինք» չէ։

Մայիսի 28-ին Աստանայում կգումարվի ԵԱՏՄ գագաթաժողովը, այդ շրջանակներում կկայանա ՌԴ նախագահ Պուտինի Ղազախստան պետական այցը։ Մինչ այդ նա կայցելի Չինաստան, որտեղ մայիսի 15-ին ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա պետական այցը։ Քաղաքական այս համատեքստում Տոկաևի զգուշավորությունը հասկանալի է։

Բայց Մոսկվայում հազիվ թե չեն կարևորել ԹՊԿ գագաթաժողովի միստիկան։ Նախ, այն անցկացվել է Թուրքեստան քաղաքում, որ խորհրդային շրջանում Հարավ-ղազախստանյան մարզի երկրորդական նշանակության բնակավայր էր, իսկ անկախ Ղազախստանում Թուրքեստան մարզի կենտրոնն է։

Երկրորդ, ԹՊԿ հինգ երկրի՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Ղրղըզստանի նախագահները մասնակցել են «Թուրքական քաաղաքակրթության կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը, իսկ նախօրեին Թուրքիան և Ղազախստանը «Հավիտենական եղբայրության» մասին Հռչակագիր են ստորագրել։

ԹՊԿ գագաթաժողովի բացման խոսքում Ղազախստանի նախագահ Տոկաևը կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին յոթ նախագիծ է ներկայացրել՝ Turkic AI կենտրոնի և Արհեստական բանականության համալսարան, որի թուրքախոս ուսանողներին կտրամադրվի դրամաշնորհ, Թուրքական քաղաքակրության կենտրոն, Տափաստանային քաղաքակրթության կենտրոն, Թուրքական ժառանգության մասին կոնվենցիա, այդ ժառանգության թվայնացված հարթակ և GubSat միասնական արբանյակ։

Եթե առաջին երկու նախագծերը պայմանականորեն կարելի է զուտ մշակութային անվանել, ապա արհեստական բանականության և միասնական արբանյակի հետ կապված ծրագրավորումները առնվազն «կրկնակի նշանակության» են։

Արհեստական բանականությունը արդեն իսկ ռազմական կիրառում ունի։ Կարելի է, այսպիսով, արձանագրել, որ ԹՊԿ -ն հռչակագրել է «AI Turan» ստեղծելու նպատակ։

Ուշագրավ է, որ թեև ԹՊԿ նախագահող երկիրը Ադրբեջանն է, բայց Թուրքեստանում համաձայնություն է ձեռք բերվել, որ կազմակերպության տարեկան, արդեն պաշտոնական, գագաթաժողովը կգումարվի Թուրքիայում, և Տոկաևի «թուրքեստանյան յոթ երգը» իրավական ձևակերպում կստանա։

Թուրքական աշխարհի հետ Ռուսաստանի սիներգիան, երևում է, չի ստացվում։ Ռուսաստանը «քաղաքակրթական- AI Turan»-ին կհակադրվի՞։