Panormitis բեռնանավը, որ մոտ մեկ ամիս առաջ քսանհինգ հազար տոննա ցորեն էր հասցրել Իսրայելի Հայֆա նավահանգիստ, սպասում է թուրքական Իսկանդելի նավահանգիստ մուտքի իրավունքի։
Ուկրաինայի բողոքի պատճառով Իսրայելը չի ընդունել բեռը։
Դիվանագիտական եռանդուն ջանքերի շնորհիվ Ուկրաինան կարողացել է ապացուցել, որ Ռուսաստանը ցորեն է ստացել օկուպացված տարածքներից, հետևաբար առքուվաճառքը հակաօրինական է։
Դա առաջին դեպքն է, երբ Ուկրաինային հաջողվել է միջազգային «փոթորիկ առաջացնել»։ Ներկա պահին ուկրաինական կողմը նույն փաստարկները պատրաստվում է ներկայացնել Թուրքիայի իշխանություններին։
Այդ մասին մամուլին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ «Մենք հույս ունենք, որ Թուրքիան ճիշտ կգործի, ինչպես դա արել է Իսրայելը»,- ասել է նա և հավելել, որ հարցով զբաղվում է նաև գլխավոր դատախազության գրասենյակը։
Ի՞նչ որոշում կընդունի Թուրքիան, որևէ տեղեկություն դեռևս հայտնի չէ։ Կարելի է, սակայն, ենթադրել, որ բեռնափոխադրման նախնական պայմնավորվածություն ձեռք է բերվել։ Հակառակ դեպքում բեռնանավը Հայֆայից կվերադառնար Ռուսաստան։
Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ֆորմալ առումով հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու դիրքից։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի ռուսաստանապատկանությունը։
Նա միաժամանակ, սակայն, փորձում է պահպանել միջնորդի վարկանիշը։ Էրդողանը բոլորովին վերջերս ակնարկել է Ստամբուլում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա գագաթաժողով կազմակերպելու մասին։
Դժվար է կանխատեսել, թե թուրք-ուկրաինական շփումները կոնկրետ այդ հարցում ինչ արդյունքի կբերեն։ Թուրքիան Սև ծովում առեւտրային նավագնացության երաշխավոր է։ Բայց այս դեպքում խոսքը ապօրինի ապրանքաշրջանառության մասին է։
Եվ եթե Ուկրաինան կարողացել է Իսրայելին համոզել, նշանակում է Կիևի փաստարկները հիմնավոր են։

Բաց մի թողեք
Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանել ՀՀ ընտրությունների արդյունքները
Իշխանության «անվտանգային բարձիկը» արտախորհրդարանական արեւմտամետ ուժերն են
Հայաստանը կարո՞ղ է եվրոպական ձգտումներ ունենալ, բայց չդառնալ «Ռուսաստանի թշնամի»